ԳլխավորԼուրԽոսք

Հովիկ Աֆյան. «Ես իմ կարդացած ու հավանած գրքերը ոչ մեկին չեմ տալիս»

Հովիկ Աֆյան

Լույս չկար, բայց մենք ուրախ էինք: 90-ականներին բոլորի տանը լույս չկար, երևի դրա համար էլ այդքան շատ հույս կար: Քույրս գիրք էր կարդում: Նա ինձնից 3 տարով մեծ է ու այդ ժամանակ արդեն 3 դասարան էր, ես նոր էի տառերը սովորում:

Քույրս գիրք էր կարդում, իսկ ես լացում էի, ոչ թե որովհետև նա չէր համաձայնում բարձր կարդալ, որ ես էլ լսեի, այլ քանի որ ես կարդալ չգիտեի: Դրա համար էի լացում: Հիմա, երբ արդեն կարդալ գիտեմ, ու նույնիսկ լույս կա, ես էլի եմ լացում՝ որովհետև քչերն են կարդում, երևի դրա համար էլ այսքան քիչ հույս կա:

Գրքերն ավելի շատ են, ավելացող գրախանութներն ավելի պայծառ են, նույնիսկ գիրք գնողները շատ են, բայց քչերն են կարդում: Ես, օրինակ, իմ կարդացած ու հավանած գրքերը ոչ մեկին չեմ տալիս: Հարցնում են՝ ունե՞ս, ասում եմ՝ չունեմ: Խաբում եմ, որովհետև չեմ սիրում, երբ իմ հավանած գրքերը թեկուզ մեկ օրով իմ տանը չեն լինում: Թող գնան, առնեն, կարդան: Թող առնեն, կարդան: Թող կարդան:

Փետրվարի 19-ին, ժամը 19-ին, երբ բոլորին արդեն գիրք նվիրած կլինեք, համեցեք «Դարան» գրախանութ՝ ինքներդ ձեզ գիրք նվիրելու: Ես այնտեղ եմ լինելու, որովհետև արդեն լույս կա:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ