Հայաստանի նոյեմբերի գրքային քարտեզում մարզերի տարածքը, սովորականի պես, ծածկված է գրքերի շապիկներով, որոնք հուշում են, թե որ գրքերն են նախընտրում կարդալ ընթերցողները։ Ագաթա Քրիստիի «Մահ Նեղոսի վրա» և «Էրքյուլ Պուարոյի Սուրբ ծնունդը», Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», Խալեդ Հոսեյնիի «Եվ արձագանքեցին լեռները» և այլ գրքեր են թևերը փռել գրքաքարտեզին, հայտնում են Ազգային գրադարանից։
Դպրոցական ընթերցանության հանձնարարություններից զատ նոյեմբերին ՀՀ համայնքային գրադարաններում առավել մեծ պահանջարկ են ունեցել Ալեքս Մայքլիդիսի «Ցասում» և «Լռակյաց հիվանդը», Էրիխ Մարիա Ռեմարկի «Երեք ընկեր», «Երկինքն ընտրյալներ չունի» և «Սև կոթողը» վեպերը։
Հայ հեղինակներից երիտասարդ ընթերցողները նախընտրում են Գոհար Նավասարդյանի «Կիսատ օրագիր», «Հուշացած ակնթարթներ» և «Սիրելուց հետո», Ռուբեն Եսայանի «Թունելից 13 կմ հեռավորության վրա» և «Վանականներն ունեն գաղտնիք» վեպերը։
Մարզային գրադարանների տասնյակներում ժամանակ առ ժամանակ տեղ են գտնում նաև ռուսերեն և անգլերեն գրքեր։ Այս անգամ առավել շատ կարդացված գրքերի երևանյան ցուցակում է հայտնվել Ջոջո Մոյեսի «Արծաթյա ծովածոց» վեպը՝ ռուսերեն թարգմանությամբ։ Գիրքն անգլիացի ռոմանտիկ արձակագրի հինգերորդ վեպն է, որն անգլերեն լույս է տեսել 2007 թվականին։