ԳլխավորԼուր

«Ճախրուկի» առաջին մենահամերգը՝ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան

Ժաննա Անդրեասյանը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգի ժամանակ

Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ դեկտեմբերի 3-ին Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի է ունեցել Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը՝ նվիրված համանուն մշակութային կենտրոնի գործունեության 5-ամյակին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

Համերգային ծրագրում ներառված էր ազգային, աշուղական, հոգևոր երգ-երաժշտություն։ Այս մենահամերգով կտրվի ճախրուկների համերգային շրջագայությունների մեկնարկը, որը կիրականացվի Երևանի և ՀՀ մարզերի տարբեր հանրակրթական դպրոցներում, ինչպես նաև բուհերում: Նպատակն է՝ ձևավորել առավել հանդուրժող, առողջ և ներառական հասարակություն։

Նշենք, որ 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս սեփական նախաձեռնությամբ և կամավորական հիմունքներով երաժիշտներ Աննա և Անահիտ Մխիթարյաններն աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատան հատուկ կարիքներ ունեցող սաների հետ: Մանկատանը նրանք հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ իրականացնում են ազգային և հոգևոր երաժշտության ուսուցանում, ինչպես նաև հոգեվերականգնողական աշխատանքներ։

Խարբերդի մասնագիտացված մանկատան «Ճախրուկ» էթնո երաժշտախմբի առաջին մենահամերգը