ԳլխավորԼուր

Ինչպես նշվեց Չարենցի ծննդյան 124-ամյակը գրողի տուն-թանգարանում

Եղիշե Չարենցի տուն-թանգարանը նրա ծննդյան 124-ամյակին նախաձեռնել էր մի շարք հետաքրքիր, յուրօրինակ և բովանդակալից միջոցառումներ։ Միջոցառումների մեկնարկը տրվել է ծննդյան նախօրեին՝ մարտի 12-ին։ Այդ օրը թանգարանում մեկնարկել է առաջին առցանց էքսկուրսիան, որի առաջին մասնակիցներն էին «Օպտիմ» ընկերության աշխատակիցները։ Նախատոնական օրն ավարտվել է դասական երաժշտական ծրագրով, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Դասական համերգի ընթացքում ելույթներով հանդես են եկել միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիրներ Ստեֆանի Քոչարյանը (սոպրանո), Էրիկ Մանուկյանը (1-ին ջութակ), Ռիմա Միրզոյանը (2-րդ ջութակ), Նարեկ Ասատրյանը (ալտ), Վահե Դանիելյանը (թավջութակ), Սաթենիկ Սարգսյանը (ֆլեյտա)։

Ծրագրում հնչել են Վ․ Ա․ Մոցարտի, Ջ․ Ռոսինիի, Գ․ Ֆ․ Հենդելի, Ա․ Վիվալդիի, Ա․ Չեստիի, Ալ․ Ստրադելլայի, Հ․ Պյորսելի ստեղծագործություններից և աշխարհահռչակ դասականների չարենցյան թարգմանություններից, որոնք ասմունքել է Սոնա Համբարձումը։

Եղիշե Չարենցի ծննդյան օրը՝ մարտի 13-ին, նրա տուն-թանգարանի աշխատակազմը, Ե․ Չարենցի անվան թիվ 67 հիմնական դպրոցի աշակերտներն ու ուսուցչական կազմը, Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի փոքրիկ սաները, բանաստեղծի պոեզիայի սիրահարներն այցելել են Չարենցի հուշակոթող («Ամբոխները խելագարված» հուշարձան)՝ հարգանքի տուրք մատուցելու, ծաղիկներ խոնարհելու․ հնչել են մեծ պոետի բանաստեղծություններից։ Չարենցյան օրվա գեղեցիկ շարունակությունն արդեն թանգարանում էր։ Կայացել է «Չարենց-Նամե» գրքի շնորհանդեսը, որը վերահրատարակվել էր թանգարանի աշխատակազմի գիտական ներուժի ջանքերով։

Օրվա գլխավոր անակնկալը Ռեգինա Ղազարյանի՝ «Չարենցի վերջին ճանապարհը՝ հավերժություն» կտավի վերակենդանացող ցուցադրությունն էր։ ARloopa հավելվածի միջոցով տակառից դուրս են հորդում Չարենցի ձեռագրերը՝ տարածվելով թանգարանի ցուցասրահով։ Այցելուն, հպվելով «ձեռագրերին», կարող է ծանոթանալ դրանց բովանդակությանը։

Չարենցյան օրն ամփոփվել է «Նաիրյան» վոկալ անսամբլի գեղեցիկ համերգով. հնչել են կոմիտասյան երգեր։

Comment here