ԳլխավորԼուր

Սևակի հիշատակի օրն է. միջոցառումներ՝ բանաստեղծի տուն-թանգարանում

Պարույր Սևակի տուն-թանգարանում

Հունիսի 17-ը Պարույր Սևակի հիշատակի օրն է, իսկ տարին՝ հոբելյանական: Այսօր Պարույր Սևակի տուն-թանգարանում (Արարատի մարզի Զանգակատուն համայնք) օրվա խորհրդին համահունչ՝ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվել են մեծանուն գրողի հիշատակին նվիրված մի շարք միջոցառումներ:

Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին և տեղեկացրել է, որ Սևակի 100-ամյակի շրջանակում ամբողջ տարվա ընթացքում նախատեսված են բազմաթիվ միջոցառումներ:

Մինչ միջոցառումների մեկնարկը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Պարույր Սևակի որդու՝ գրականագետ Արմեն Ղազարյանի հիշատակը, որը մեծ ներդրում ունի սևակագիտության ոլորտում:

Միջոցառումների շրջանակում տեղի են ունեցել Պարույր Սևակի «100» գրքի, «Իբրև սկիզբ» խորագրով սեղանի խաղի, «Վարք մեծաց» բանաստեղծության 20 անիմացիայի (ԱՌԼՈՒՊԱ հավելվածի միջոցով) շնորհանդեսները: Իսկ տուն-թանգարանի այգում բեմադրվել է Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի «Մարդը ափի մեջ» ներկայացումը: