ԳլխավորՄի կտոր գիրք

«Ծանոթանա՞նք: Շա՜տ լավ: Բայց ես անո′ւն չունեմ». Պարույր Սեւակի ծննդյան օրն է

Պարույր Սեւակ

Հայ բանաստեղծ, մշակութային գործիչ, գրականագետ, թարգմանիչ Պարույր Սեւակի (Պարույր Ղազարյան, 24.01.1924-17.06.1971) ծննդյան օրն է։

***

Ես ծնվել եմ նրա համար,
Որ մոր սրտում կարոտ դառնամ
Եվ սպասվող որդու նման
Հեռուներից վերադառնամ.

Ես ծնվել եմ նրա համար,
Որ ցավածին մխիթարեմ.
Ջահելների հարսանիքին
Ձեռքիս գինի` զվարթ պարեմ.

Նորածընի բերնով ճչամ
Ու մոր բերնով ասեմ «նանիկ».
Տուն երազող զույգի համար
Դառնամ սիրո համեստ տանիք.

Եթե շուրջըս խավար լինի՝
Մարդկանց համար փայլատակեմ,
Հասակով մեկ փռվեմ գետին`
Վհատության ճամփան փակեմ…

***

Ծանոթանա՞նք:
Շա՜տ լավ:
Բայց ես անո′ւն չունեմ:
Թե ուզում ես, խնդրեմ, «Հոմո Սապիենս» կոչիր
Եվ ազգանվան տեղ էլ ասա «Հարավ»:

Ես աչքերս եմ փակում:
Ես հոգնած եմ, այո′:
Տիկնիկն էլ է հոգնում, երբ ետևից բեմի
Ինչ-որ թելեր նրան ստիպում են ապրել:
Այդ ապրե՞լ է կոչվում: Ի՞նչ իմանամ:

Ծառերը մայթերին բազմակետ են դնում.
Ունեն ինչ-որ գաղտնիք, որ ես չեմ ընդունում:
Չէ′, ես սխալվեցի.
Գաղտնիքն ընդունում եմ,
Չեմ ընդունում արգելքն այն անտեղի,
Որ միշտ բազմակետ է բազմացընում…

Եվ փրփուրը բերնիս ես կարող եմ վիճել,
Որ բերան է տրված ո′չ ուտելու,
Այլ խոսելո՜ւ համար:
Եվ ավելին.
Շուրթերո՜վ են խորհում, ո՛չ թե գանգուղեղով:
Ծանոթացա՞նք:
Դեռ ո՞չ:
Շարունակե՞մ:

Սովա՜ծ են ոտներըս.
Թող հո′ղ կոխեն մի քիչ:
Եվ աչքերս են սոված.
Չի կշտացնում լույսը…

Անմահության համար տաղանդ պետք չէ բնավ.
Հարկավոր է լինել գոնե մամոնտ կամ խոտ,
Որ իր տիպն է թողել քարածըխի շերտում…

Եվ չի պոկվում ինձնից մի անսահման կարոտ,
Ու զզվել եմ արդեն պարզությունից գծի:
Թե կեռ-կորությունը շռայլություն է մեծ,
Չկարոտե՞մ գոնե այն կետ-գծին,
Որ նեղ նպատա′կ չէ,
Այլ երազա՜նք այրող…

Ծանոթացա՞նք արդյոք:
Բեթհովենի′ց հարցրու,
Մի′ մոռացիր, սակայն, որ նա խուլ է մի քիչ
Եվ կարող է հարցըդ չհասկանալ:

Իսկ ես ավելացնեմ,- քեզ օգնելու հույսով,-
Որ ինձ փոքրիշատե ճանաչելու համար
Հարկավոր է զրկվել… նախապաշարմունքից:
Որ և հեշտ չէ նույնքան,
Որքան որ ապրելը…

Ո′չ մի գաղտնիք չունեմ իմ կնոջից անգամ,
Իսկ թե ստիպված եմ, այսուհանդերձ, ստել`
Մեղավորը ե′ս չեմ,
Իսկ թե ո՞վ է` քե՜զ ինչ:
Ինչո՞վ պիտի օգնես,
Ի՞նչ կփոխես:

Անկեղծության համար թե խաչեին,
Քրիստոսը վաղո՜ւց չէր ունենա պաշտող:
Ա՜խ, այդ պաշտամունքը, որ ձևեր է փոխում,
Ինչպես մոր մեջ սաղմը,
Բայց ծնվելիս ծնվում մի′շտ մանուկի նման`
Ուղեղը դեռ անբան և աչքերը դեռ գոց…

Ծանոթացա՞նք արդյոք:
Դու` չգիտեմ,
Իսկ քեզ ճանաչեցի ես իսկապես:
Քո փոխարեն աչքերդ ասում են լուռ,
Որ ինձ համարում ես ծանըր հիվանդ,
Եվ զառանցանք` խոսքըս:
Բայց հավատա՜.
Խոսքս զառանցանք չէ,
Ոչ էլ հիվանդ եմ ես:
Ես պարզապես վաղուց համոզված եմ,
Որ դուր գալու ծանոթ առևտըրում
Հարկավոր է լինել չմանրվող դրամ
Եվ չծախսել իրեն կոպեկ-կոպեկ…

Ծանոթացա՞նք արդյոք:
Անշո′ւշտ, ծանոթացա՜նք:
Բաժանվելուց առաջ թույլ տուր ասեմ գոնե,
Որ քեզ նմանները, իմ սիրելի′,
Գուցե կարողանան ինձ ամե՜ն ինչ անել,
Բայց չեն կարող խլել լավատեսի
Իմ ժպիտը, այո′, իմ ժպի՜տը,
Նամանավանդ եթե չմոռանանք,
Որ ժպիտի ինչ-որ մի տեսակն է նաև
Անմահ քմծիծաղը…

Մնաս բարև՜:

***

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի′դ պես,
Ու քայլում էր քեզնի′ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա′ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:

Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո′չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա′յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա′:
Եվ անցիր դո′ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա′ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…

***

Այդ ո՞վ է ասել՝ նորից են սիրում:
Նորի՛ց չեն սիրում, սիրում են կրկի՜ն…

Ու երբ մինչևիսկ ալյուրից (դեռ տա՜ք)
Դու նու՛յն մարմինն ես հիշում բնազդով,
Երբ հոտն էլ սուրճի նրա՛ն հիշեցնում
Եվ քո գունազարդ քնի փոխարեն
Անքնություն է փռում սպիտակ.

Երբ աստղերն իրենց կլորակ սանրով
Մազերդ են սանրում, իսկ դու վերստին
Շոյանքի սովոր քո մազերի մեջ
Նու՛յն հանգստարար մատներն ես զգում.

Երբ օտար մեկի շարժումի, դեմքի
Նմանությունը հեռու-մոտավոր
Ոտներդ է ասես դնում գիպսի մեջ,
Իսկ միտքդ բեկում այնպե՛ս կտրական,

Ինչպես լույսերի վետվետումներից
Երկաթգծերն են կարծես ջարդոտվում.
Երբ անձրևներից հողն ասես թթվում
Եվ ստիպում է ռունգո՜վ էլ զգալ,

Որ մենակ ես դու իբրև մի… Իգրեկ,
Իսկ ինչ-որ մի տեղ կամ հենց քո կողքին
Կա մի Իքս ուրիշ, առանց որի դու
Խնդիր չե՜ս կազմի, ո՛չ էլ կլուծես,-

Մի՛շտ, ամե՜ն անգամ պաշարում է քեզ
Նույն զգացումը անճեղք ու անդուռ,
Եվ հասկանում ես, որ մարդն, ի վերջո,
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն,

Քանզի կա մթին մի կախյալություն
Ջղի և արյան, հոգու և կրքի.
Քանզի նշանը հանման-գումարման
Այդ մե՛նք չենք դնում լուծվելիք խնդրում.

Քանզի թեպետև բախտ մենք ենք փնտրում,
Բայց բա՛խտը,
Բա՛խտը,
Բա՜խտն է մեզ ընտրում…

Ուստի մինչևիսկ սիրառատ հոգին
Նորի՛ց չի սիրում, սիրում է կրկի՜ն…

***

Ատում եմ ձյունը՝
Թե նա տեղում է ամառվա կեսին,
Եվ մահն եմ ատում՝
Թե հյուր է գալիս աղջըկատեսին,

Մահից ոչ պակաս՝
Եվ ա՛յն քողարկված մենատընտեսին,-
Նրա՛ն ու նրա՜նց,
Ովքեր ուրիշի շեն տունն են քանդում՝
Իրենց պետք եկած գերանի համար,

Ովքեր ուրիշի ծառերն են ջարդում՝
Մի բուռ չհասած ծիրանի համար,
Ովքեր համայնքի ծովից են խոսում,
Բայց դեպի իրենց լճակն են հոսում…

Ատում եմ նաև այն խելոք սուսիկ — փուսիկությունը,
Որտեղ դժվար է տարբերել անգամ երեսն աստառից,
Եվ այն հարկադի՛ր, ոչ թե ի ծնե կուզիկությունը,
Որ ստացվում է… ցած առաստաղից:

Ատում եմ նաև այն նեղ կոշիկը,
Որ աքցանի պես ոտքերդ է բռնում,
Իսկ հոգուդ վրա կոշտուկ է դառնում…
Ա՛յն գործն եմ ատում,
Որ ոչ թե գործ է, այլ ծանըր հանցանք,
Ա՛յն փորձն եմ ատում,
Որ մարդկանց գլխին դառնում է փորձանք,
Ա՛յն դավանանքը,
Որ վերջ ի վերջո փոխվում է դավի,
Գլխացավանքը,
Որ փոխարկվում է սուր գլխացավի…

Խավարն եմ ատում, եթե խավարում
Ո՛չ միտք է ծնվում և ո՛չ էլ զավակ:
Եվ լույսն եմ ատում, թեկուզև պայծառ,
Թե չի հանդուրժում մինչև իսկ շվաք…

Ի՞նչ խոսքեր ասեմ այն ձեռագըրին,
Որ չի հասկացվում, բայց կարդացվում է:
Ատե՞մ, թե խղճամ այն տարեգըրին,
Որ նյութ է սարքում,
Ոչ թե հավաքում:
Խղճա՞մ, թե ատեմ այն տարագըրին,
Որ միշտ ապրում է… իր հայրենիքում…

Թո՜ւհ, ինչքա՜ն բան կա կյանքում ատելի,-
Ես չգիտեի…

Comment here