ԳլխավորՄի կտոր գիրք

Գրիգոր Նարեկացի. «Մեղեդի ծննդյան»

Ծովը արեւածագի ժամանակ

Ներկայացնում ենք Գրիգոր Նարեկացու (951-1003) «Մեղեդի ծննդյան» տաղը՝ աշխարհաբար։

Ծավալվել են աչքերը ծով
Առավոտվա ծովի վրա ծիծաղախիտ,
Ինչպես երկու փայլակնաձեւ արեգակներ.
Շողն է նման լուսացնցուղ այգաբացի:

Թափվում էին այտերից վառ՝
Դափնեվարդի ու նռնենու ծաղկաթերթեր.
Գեղաշիտակ իրանից սիրտն էր կարկաչում
Հուզավարար կենսատու սեր:

Կամար կապած թեւերը գիրգ՝
Երգում էր նա ախորժալուր ու գեղգեղուն,
Ելեւէջներն հյուսում իրար.
Շարժվում հանդարտ ու ճեմում էր թիկնեթեկին:

Բերանն երկթերթ, շրթունքներից վարդն էր կաթում.
Լեզվի տավիղն էր քաղցրերգում հուզումնահորդ.
Շողում էին նույն կենսավառ
Սիրով չքնաղ ու գինեթույր
Ծամերն իրենց գիսակներով խոպոպավոր:

Այդ վարսերը համերամ զա՜րդ , համորեն զա՜րդ,
Ոլորք առած եռահյուսակ՝
Բոլորվել են այտերի շուրջ.

Լուսափայլ է ծովը, կարմիր վարդով լցված,
Դաստակներն են մանուշակի ծիրանի փունջ:
Բուրում էր նա կնդրուկի պես
Աստվածային հրով լցված մի բուրվառի.
Ձայնն էր մեղուշ, քաղցրանվագ:

Զարդարված էր պատմուճանով գեղեցկատես,
Որ բեհեզի կապույտ, որդան ու ծիրանի
Գույներով էր ոսկեշողում.
Գոտին կամար, արծաթափայլ,
Ոսկետտուն ու նրբակերտ՝
Պաճուճված էր ակնեղենով շափյուղայի:

Երբ շարժվում էր մարգարտափայլ գեղցկությամբ,
Քայլերի հետ շողն էր կաթում իր ոտերից:
Քեզ պսակող թագավորին
Ու նորածին այն փրկչին փա՜ռք
Հավիտյանս հավիտենից. ամեն: