ԳլխավորՄի կտոր գիրք

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու… Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ

Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ

***

Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու,
Չորս հոգով էինք, էլ ոչ ոք չկար,
Թե իմանար մեզ ինչից է զրկում,
Առավոտն ինքն էլ երևի չգար։

Մենք մեզ իրար մեջ որոնում էինք,
Դաշնությունն էինք հյուսում մեր հոգու,
Աստղերից կախված օրորվում էինք…
Ծովն էր, գիշերն էր, ես էի և դու…

Համո Սահյան

Է՜հ, ո՞վ գիտի, մենք ապիկար՝
Ժամանակի խաղալիք,
Ու անհայտ են միշտ մեզ համար
Օրն ու սերը մեր գալիք։

Մեկ էլ տեսար, քո սիրելին
Ընկավ օտար ու հեռու,
Պատահեցիր ուրիշ մեկին
Ու ժպտացիք իրարու։

Բայց չի տևում այդ էլ երկար՝
Նոր օր, նոր մարդ, նոր ալիք,
Ու ծփում ենք մենք անդադար,
Ժամանակի խաղալիք…

Հովհաննես Թումանյան

Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո…

Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:

Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքի′դ պես,
Ու քայլում էր քեզնի′ց առաջ` հմայքի՜դ պես…

Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանկություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անո՜ւշ մի հիացքով,
Այլ մի տըտի՛պ,
Հաճախ դա′ռըն,
Նաև կծո՜ւ մի հայացքով:

Եվ ինչպե՛ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքի՜ն:
Հոգով-սրտո՜վ ներողություն…

Այսուհետև, ինձ հավատա՜,
Է՜լ չպիտի ես խառնվեմ ո′չ իմ գործին.
Է՜լ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Ա′յն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա′:
Եվ անցիր դո′ւ:

Միայն թե դու … «մե քիչ կամա′ց գնա, գոզա՜լ»,
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքի՛դ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերի՛դ պես…

Պարույր Սեւակ

Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով, դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով, դու՝ ուրիշի:

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքով, դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:

Էհ, ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…

Սիլվա Կապուտիկյան

Երազիս մեջ այսօր քեզ հետ էի նորից,
Նորից քեզ հետ էի, իմ հեռավոր…
Մենք բարձրանում էինք անձրևաթաց ձորից,
Թրջված, ցողաթաթաղ ու բախտավոր:

Դու նույն աղջիկն էիր, այնպես նուրբ ու բարակ,
Անսեթևեթ այնպես, այնպես բարի,
Դու նույն աղջիկն էիր՝ մազերդ հյուս արած,
Ամենալավ աղջիկն այս աշխարհի։

Դեռ հողմը չէր անցել սիրո դաշտով պայծառ
Ու չէր տարել իր հետ ոչ մի ծաղիկ,
Դեռ անծանոթ էիր դու խաղերին քո չար,
Ես անծանոթ էի խանդի ցավին:

Շուրջը ծաղկած ծառերն անուշ բուրում էին,
Երկնքի մեջ կապույտ՝ և ոչ մի ամպ,
Ես քեզ շոյում էի, քեզ համբուրում էի
Ուխտավորի սիրով ու սրբությամբ:

Ուրախ լալիս էին առուները հորդած,
Արևի տակ պայծառ՝ հողն էր մխում…
…Ես արթնացա քնից՝ դրսում աշուն էր թաց,
Ու անձրևն էր լալիս մեղմ ու տխուր…

Վահագն Դավթյան

Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր,
Կա քո հոգու մեջ անթափանց մի մութ,
Քո մութ հայացքում կա մի քնքուշ սուտ՝
Քեզ միշտ թաքցնող մի նուրբ վարագույր…

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Հավետ քեզ կապված՝ քեզ օտար եմ ես.
Երբ խենթ խնդությամբ փայփայում եմ քեզ՝
Ե′վ սիրում եմ քեզ, և′ քեզ չըգիտեմ։

Փակ են քո սրտի հեռուներն իմ դեմ,
Քո աչքերի դեմ իմ աչքերը՝ կույր.
Քո հոգու վըրա կա մի վարագույր,
– Ո՞վ ես դու, ո՞վ ես,- բնավ չըգիտեմ…

Վահան Տերյան

Օտա՜ր, ամայի՜ ճամփեքի վրա
Իմ քարավանըս մեղմ կըղողանջե.
Կանգնի՛ր, քարավանս, ինձի կըթվա,
Թե հայրենիքես ինձ մարդ կըկանչե:

Բայց լուռ է շուրջըս ու շըշուկ չըկա
Արևա՛ռ, անդո՛րր այս անապատում.
Ա՜խ, հայրենիքըս ինձ խորթ է հիմա,
Ու քնքուշ սերըս ուրիշի գրկում:

Կընոջ համբույրին է՛լ չեմ հավատա,
Շուտ կըմոռանա նա վառ արցունքներ.
Շարժվի՛ր, քարավանս, ինձ ո՞վ ձայն կըտա,
իտցի՛ր, լուսնի տակ չըկա ուխտ և սեր:

Գընա՛, քարավանս, ինձ հետդ քա՜շ տուր
Օտար, ամայի ճամփեքի վրա.
Ուրտեղ կհոգնիս` գըլուխըս վար դիր
Ժեռ-քարերի մեջ, փըշերի վըրա…

Ավետիք Իսահակյան

Մենք բոլորս, որ գնում ենք մենակ, տրտում,
Որ գնում ենք խանութներում գինի ու հաց,
Որ փնտրում ենք անկարելի մի խնդություն,
Բայց չենք գտնում՝ վազքով տարված ու զբաղված.-

Մենք բոլորս, որ, հոգնաբեկ, չենք նայում վեր –
Մոռանալով աշխարհային չարը, բարին՝
Տրտո՜ւմ կօրհնենք մի իրիկուն օրերը մեր –
Ու կնայենք Հարդագողի ճանապարհին…

Եղիշե Չարենց

Երբ դուրս ես եկել նրա հետ փողոց,
Բայց ոչինչ չունես արդեն ասելու,
Երբ էլ չես զգում մի ջերմ թրթռոց,
Եվ շատ է թվում ճամփան` անցնելու,
Երբ թեթեւ խոսքից վատ ես զգում քեզ
Ու նեղանում ես, զայրանում վրան,
Թեկուզ եւ հետո գրկե՜ս, համբուրե՜ս,
Զգա, որ արդեն չե՛ս սիրում նրան:

Երբ այն գրքերը, որ նա է կարդում,
Դու չե՛ս շտապում անհամբեր կարդալ,
Երբ այն. ինչ նա է սիրում, կարոտում,
Սիրո՛վ չես նայում ու մտերմաբար,
Երբ միա՜յն-միա՜յն նրան գրկելիս
Սիրահարված ես զգում անսահման,
Երբ չես կարոտում՝ դեռ բաժանվելիս,
Զգա, որ արդեն չե՛ս սիրում նրան:

Սերն ուրի՛շ բան է … Ու երբ դու թաքուն
Քո աշխարհն ունես, գաղտնիքները քո,
Երբ առանց նրա կարող ես կյանքում
Երջանիկ լինել քո հարկի ներքո,
Համեմատում ես երբ նրան անվերջ,
Երբ նկատում ես, որ լավերը կան,
Երբ նա միա՛կ չէ աշխարհում, քո մեջ-
Զգա, որ արդեն չե՛ս սիրում նրան…

Արամայիս Սահակյան

Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր – ես ոչինչ չէի հիշում,
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:

Այդ ե՞րբ էր` առաջին անգամ վառեցին գրքերը…
կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքերն էին սուրում
երջանկությունից խելագարված:

Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
ամենահեշտը քեզ գտնելն էր – ես ոչինչ չէի հիշում:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

Իսկ անտառը կամաց-կամաց սափրվում է երկրի երեսից,
կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ելք չի մնում,
անխելք կենդանիներ, զգո՞ւմ եք ձեր անխոհեմ քայլը`
դուք վեպերի հերոսներ կդառնաք,
դուք վերարկուներ կհագնեք,
ինտրիգներ կսարքեք,
կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:

Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
կապիկները վառվելով` թիթեռների թեթևությամբ կթափվեն
ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:

Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով, երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:

Հովհաննես Գրիգորյան

Comment here