Բանաստեղծ Հովհաննես Գրիգորյանի (07.08.1945-07.02.2013) ծննդյան օրն է։
Նամակը, որը երբեք քեզ չի հասնելու
Ամեն ինչ բաժանված է արդեն,
և աստղերը, և արևը, և լուսինը:
Ես գլխահակ եմ գալիս քեզ մոտ,
ես ամաչում եմ սարսափելի,
որովհետև ոչինչ չունեմ քեզ նվիրելու.
որովհետև ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
Եվ այս բառերը` օտար արևներ,
և մերկ ծառերը, և քո կարոտը
անչափ տխուր են, անչափ հուսահատ,
որովհետև այս նամակը երբեք քեզ չի հասնելու,
որովհետև նորից փնտրելու եմ քեզ ամենուրեք,
որովհետև նորից քեզ հիշելու եմ ամենուրեք,
գլխահակ քայլելու եմ նույն փողոցներով,
որովհետև ես սարսափելի ուշացած սիրահար եմ,
որովհետև ես ոչինչ չունեմ քեզ նվիրելու,
որովհետև
ամեն ինչ բաժանված է ու նվիրված:
***
Փողոցներով անցնում են կույր աղջիկներ:
Նրանք գավազան ունեն ձեռքերին
և քայլում են քսվելով պատերին:
-Եթե դու ինձ սիրեիր,
ես քեզ կտայի քո կապույտ աչքերը:
Փողոցներում
առանց ամաչելու լալիս են բանաստեղծները,
նրանք գլուխները խոնարհել են,
իսկ կույր աղջիկները քայլում են
և չեն տեսնում նրանց:
-Ես քեզ կտայի քո կապույտ աչքերը,
և դու կտեսնեիր ինձ:
Փողոցներում
կամաց – կամաց իջնում են վարագույրները,
և կամաց – կամաց փակվում է բեմը,
և գլուխ տալով կամաց – կամաց
հեռանում են կույր աղջիկները,
և բանաստեղծներն են հեռանում,
և վարագույրը վերջնականապես իջնում է:
Վարագույրից այն կողմ լսվում է բարձրաձայն հեծկլտոց.
վարագույրից այն կողմ
բոլորովին ուրիշ աշուն է:
***
Փողոցներում, որտեղ հիմա դու չկաս` գարուն է
և մարդիկ քայլում են ոչ մի փոփոխություն չնկատելով:
Քաղաքում, որտեղ դու չկաս,
չգիտես թե ինչու տոն է այս սովորական օրով,
և խմբերով աղջիկներ են անցնում
գույնզգույն շորեր հագած`
ոչ մի փոփոխություն
չնկատելով…
Իսկ նվագախումբը դուրս է ցայտում ամենաանսպասելի
անկյուններից
իր ետևից տանելով հրոսակախումբը`
ցնծությունից խելակորույս երեխաների –
ամբողջացնելով գարնան պատկերը կանաչավուն:
Ի՜նչ հեշտ է սիրել այն ամենն, ինչ հեռվում է,
և ինչ բավականություն` պատկերացնել այն, ինչը
չես տեսնում…
Բայց ամենահեշտը քեզ մոտ տխրությունն է ստացվում,
Օ, ինչքան ես վարպետացել դու այդ ասպարեզում:
Փիլիսոփայելու համար դու ընտրեցիր երեկոն
և սկսեցիր քեզ որոնել այնտեղ, ուր չկաս ինքդ,
և հայացքդ թափառեց փողոցներով,
մարդկանց մեջ,
սրճարաններում,
և հոգնությունից արցունքոտվեց հայացքդ`
ոչ մի փոփոխություն չնկատելով:
Իսկ նվագախումբն արդեն երկինք է բարձրանում,
իր ետևից տանելով ցնծությունից ոչինչ չնկատող
հրոսակախումբը երեխաների…
Ինչ հեշտ է մոռացվում նա, ով հեռվում է,
և ինչ ծանր է ընդունել այս տխուր միտքը,
երբ ինքդ ես հեռվում։
Հոգեհանգիստ
Դու այս դատողությունը կհամարես պարզունակ:
Թող այդպես լինի:
Վինսենթ Վան Գոգ
Ամեն անգամ ինչ-որ բան կորցնելիս ես հիշում եմ քեզ.
ամենադժվարը քեզ կորցնելն էր – ես ոչինչ չէի հիշում,
իսկ հիմա նույնիսկ թերթ կարդալիս ես ապահով եմ`
ոչ ոք չի խոցի ինձ թիկունքից:
Այդ ե՞րբ էր` առաջին անգամ վառեցին գրքերը…
կիսամերկ մարդիկ էին վազում փողոցներով,
ցեխաջրի մեջ լողում էին վարդերը,
և ոսկեզօծ կառքերն էին սուրում
երջանկությունից խելագարված:
Ամեն անգամ ինչ-որ բան գտնելիս ես կորցնում եմ քեզ,
ամենահեշտը քեզ գտնելն էր – ես ոչինչ չէի հիշում:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով,
երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:
Իսկ անտառը կամաց-կամաց սափրվում է երկրի երեսից,
կապիկներին մարդ դառնալուց զատ ուրիշ ելք չի մնում,
անխելք կենդանիներ, զգո՞ւմ եք ձեր անխոհեմ քայլը`
դուք վեպերի հերոսներ կդառնաք,
դուք վերարկուներ կհագնեք,
ինտրիգներ կսարքեք,
կսիրահարվեք և կխորտակվեք վերջնականապես:
Ես երգում եմ այս երգը ամենավերջին անգամ:
Իսկ վաղը գուցե պատերազմ սկսվի.
կապիկները վառվելով` թիթեռների թեթևությամբ կթափվեն
ծառերից,
և կիսամերկ մարդիկ կվազեն փողոցներով:
Դժվար է երջանկությունը պահել երկու ձեռքերով, երբ աչքերիդ մեջ արցունքի կաթիլներ կան:
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։