…Կաթի անհայտանալու առեղծվածը որոշ ժամանակ անց պարզվեց։ Այն ամեն օր ավելացնում էին խոզերի լափին։ Վաղահաս խնձորներն արդեն լցվել էին, եւ պարտեզի խոտին ցիրուցան էին եղել քամուց թափված պտուղները։ Անասունները բնականաբար ենթադրեցին, որ դրանք կբաժանվեն իրենց միջեւ, սակայն մի օր հրահանգ ստացվեց թափված խնձորները հավաքել եւ տեղափոխել պահասենյակ խոզերի համար։ Այստեղ մնացած անասուններից ոմանք մրթմրթացին, բայց ապարդյուն։ Տվյալ կետում խոզերը ոչ մի տարաձայնություն չունեին, անգամ Ձնագնդին ու Նապոլեոնն էին համերաշխ։ Զռանին ուղարկեցին մնացածներին անհրաժեշտ բացատրությունները տալու։
— Ընկերներ,- բացականչեց նա,- հուսով եմ, որ դուք չեք կարծում, թե մենք, խոզերս, այդ անում ենք եսասիրության ու արտոնվածության ոգով դրդված։ Մեզանից շատերն իրականում չեն սիրում կաթը եւ խնձորները։ Ես ինքս դրանք չեմ հավանում։ Դրանք վերցնելիս մեր միակ մտահոգությունը մեր առողջության ապահովումն է։ Կաթը եւ խնձորները (դա ապացուցված է գիտության կողմից, ընկերներ) պարունակում են խոզերի բարեկեցության համար վճռականապես անհրաժեշտ նյութեր։ Մենք, խոզերս, մտքի աշխատավորներ ենք։ Ֆերմայի կազմակերպչական եւ վարչական ամբողջ աշխատանքը մեր ուսերին է։ Մենք գիշեր֊ցերեկ մտահոգված ենք ձեր բարեկեցությամբ։ Մեզ համար չէ, որ մենք խմում ենք կաթն ու ուտում այդ խնձորները։ Գիտե՞ք, թե ինչ կլիներ, եթե խոզերը թերանային իրենց պարտականություններում։ Ջոնսը կվերադառնար։ Այո′, Ջոնսը կվերադառնար։ Անշուշտ, ընկերներ,- համարյա պաղատագին վնգստաց Զռանը, պոչը շարժելով,- ձեր մեջ, իհարկե, չկա մեկը, որը ցանկանար Ջոնսի վերադարձը։
Եթե կար մի բան, որում անասունները միանգամայն վստահ էին, դա այն էր, որ Ջոնզի վերադարձը ոչ ոք չի ուզում։ Երբ հարցը դրվեց այդ կտրվածքով, նրանք այլեւս ասելիք չունեին։ Խոզերի առողջությունը հոգալու անհրաժեշտությունը չափից ավելի ակնհայտ էր։ Եվ այդպիսով, առանց հետագա վիճաբանության որոշվեց, որ կաթը եւ քամուց թափված խնձորները (ինչպես նաեւ հասուն խնձորների հիմնական բերքը) առանձնացվելու են միայն խոզերի համար։
***
…Նապոլեոնը շների ուղեկցությամբ բարձրացել էր այն հարթակը, ուր ժամանակին իր ճառն էր արտասանում Գնդապետը։ Նա ազդարարեց, որ այսուհետեւ կիրակնօրյա միտինգներ չեն լինի։ Դրանք ժամանակի ավելորդ վատնում են, ասաց նա։ Առաջիկայում ֆերմայի տնտեսության հետ կապված բոլոր հարցերը կլուծվեն խոզերի հատուկ կոմիտեի կողմից, որի նախագահը լինելու է ինքը։ Կոմիտեի դռնփակ նիստերի որոշումները կհաղորդվեն նաեւ մնացածներին։ Անասուններն առաջվա պես կիրակի առավոտյան կհավաքվեն դրոշի արարողությանը՝ «Անգլիայի գազանները» երգելու եւ շաբաթական հանձնարարություններ ստանալու, սակայն քննարկումներ այլեւս չեն լինի։
Չնայած Ձնագնդու վտարման առաջացրած շփոթությանը, անասուններն այդ հայտարարությունից սրտնեղեցին։ Նրանցից ոմանք անգամ կբողոքեին, եթե կարողանային գտնել ճիշտ փաստարկները։ Նույնիսկ Դմբուզը աղոտ մի անհանգստություն էր զգում։ Նա ականջները հետ տարավ, մի երկու անգամ թափահարեց իր բաշը եւ ճգնեց մտքերն ի մի բերել, բայց ի վերջո ոչ մի ասելիք չգտավ։ Բայց եւ այնպես հենց խոզերից ոմանք ավելի ակտիվ գտնվեցին, իսկույն եւեթ Նապոլեոնի շուրջը նստած շներն անսպասելի բարձր ու սպառնալից գռմռոց արձակեցին, եւ խոզերը սսկված նստեցին իրենց տեղերը։ Դրանից հետո ոչխարները բարձրաձայն պոռթկացին «Չորս ոտք լավ, երկու ոտք վատ», որը շարունակվեց քառորդ ժամից ավելի, վերջ դնելով որեւէ քննարկության հնարավորությանը։
Որոշ ժամանակ անց Զռանին ուղարկեցին մնացածներին բացատրելու նոր կարգը։
-Ընկերներ,- ասաց նա,- հուսով եմ, որ ամեն կենդանի ըստ արժանավույն գնահատեց ընկեր Նապոլեոնի անձնվիրությունը, որով նա իր ուսերին հավելյալ աշխատանք բարդեց։ Մի′ կարծեք, ընկերներ, թե առաջնորդելը հաճույք է։ Ընդհակառակը՝ դա ծանր եւ խորին մի պատասխանատվություն է։ Ոչ ոք վստահ չէ ընկեր Նապոլեոնից առավել, որ բոլոր անասունները հավասար են։ Նա ավելի քան ուրախ կլիներ ձեզ տրամադրել սեփական որոշումներ ընդունելու հնարավորությունը։ Բայց երբեմն, ընկերներ, դուք կարող եք նաեւ սխալ որոշումներ ընդունել՝ պատկերացնո՞ւմ եք, թե դա մեզ ուր կհասցնի։ Ենթադրենք, թե դուք որոշեցիք հետեւել Ձնագնդուն, իր հողմաղացի ցնորական ծրագրով, Ձնագնդուն, որը, ինչպես հիմա գիտենք, ոճրագործից ոչնչով չէր տարբերվում…
— Նա քաջ կռվում էր Գոմի ճակատամարտում,-ասաց ինչ֊որ մեկը։
— Քաջությունը բավական չէ,- ասաց Զռանը,- նվիրվածությունն ու հնազանդությունը շատ ավելի կարեւոր են։ Ինչ վերաբերում է Գոմի ճակատամարտին, ապա հավատացած եմ, կգա այն ժամանակը, երբ մենք կհասկանանք, որ նրա դերն այդ ճակատամարտում խիստ չափազանցված էր։ Կարգապահություն, ընկերներ, երկաթյա′ կարգապահություն։ Ահա′ այսօրվա մեր նշանաբանը։ Մի սխալ քայլ, եւ մեր թշնամիները չեն հապաղի առիթից օգտվել։ Ի′նչ խոսք, ընկերներ, որ դուք չեք ուզում Ջոնսի վերադարձը։
Եվ վերստին այդ փաստարկն անառարկելի էր։ Ոչ ոք, իհարկե, Ջոնսի վերադարձը չէր ուզում՝ եթե կիրակնօրյա քննարկումները կարող էին դրան նպաստել, ուրեմն քննարկումները պետք է դադարեցվեին։ Դմբուզը, որն արդեն ժամանակ էր ունեցել ամեն ինչ կշռադատելու, ի մի բերեց ընդհանուր տրամադրությունը, ասելով՝ «Եթե ընկեր Նապոլեոնն այդպես է ասում, ուրեմն ճիշտը դա է»։ Այնուհետեւ նա որդեգրեց հետեւյալ ասույթը՝ «Նապոլեոնը միշտ ճիշտ է», միացնելով այն իր անձնական նշանաբանին՝ «Ես ավելի եռանդուն կաշխատեմ»։
Ջորջ Օրուել (1903-1950), «Անասնաֆերմա»
Comment here
Դուք պետք է մուտք գործեք՝ մեկնաբանությունը ուղարկելու համար։