ԳլխավորՄի կտոր գիրք

Իվան Տուրգենև. «Մումու» (հատվածներ)

Գերասիմն ու Մումուն

Ներկայացանում ենք հատվածներ ռուս գրող Իվան Տուրգենևի (հոկտեմբերի 28 (նոյեմբերի 9), 1818 — օգոստոսի 22 (սեպտեմբերի 3), 1883) «Մումու» ստեղծագործությունից։

***

Մոսկվայի Հեռավոր Փողոցներից մեկում սպիտակ սյուներով և ծռված պատշգամբով մի գորշ տան մեջ ապրում էր երբեմնի մի ազնվական կին բազմաթիվ ճորտ ծառաներով շրջապատված։ Նրա որդիները ծառայում էին Պետերբուրգում, աղջիկներն ամուսնացել էին։ Նա շատ սակավ էր երևում հասարակության շրջաններում և իր ժլատ ու տխուր ծերության տարիներն անց էր կացնում առանձնության մեջ։ Նրա կյանքի անուրախ ու մռայլ ցերեկը վաղուց էր անցել, բայց նրա երեկոն էլ գիշերից խավար էր։ Նրա ծառայողների մեջ ամենից աչքի ընկնողը դռնապան Գերասիմն էր, բարձրահասակ ու վիթխարի մի տղամարդ, որ ի ծնե խուլ ու համր էր։ Տիրուհին նրան բերել էր գյուղից, ու նա մեն-մենակ, եղբայրներից բաժան ապրում էր մի փոքրիկ խրճիթում։ Անսովոր ուժի տեր նա չորս մարդի բան էր անում մենակ։ Տեսնողը հաճույք էր զգում, թե ինչպես է նա վարում, հնձում, կալսում։ Մշտական լռությունը առանձին հանդիսավորություն էր տալիս նրա աշխատանքին։ Նա երևելի ռանչպար էր և, եթե նրա դժբախտությունը չլիներ, ամեն մի աղջիկ սիրով կառներ նրան։

Բայց ահա Գերասիմին բերին Մոսկվա, երկարաճիտ կոշիկներ առան, ամառվա համար կաֆտան կարեցին, ձմեռվա համար քուրք, ձեռը բահ ու ավել տվին ու դռնապան կարգեցին։ Հենց սկզբից իր նոր կյանքը բնավ դուր չեկավ նրան։ Մանկությունից նա սովոր էր դաշտային աշխատանքի ու գյուղական կյանքի։ Տեղափոխվելով՝ նա չէր հասկանում ինչ էր կատարվում հետը, ձանձրանում էր և տարակուսում այնպես, ինչպես տարակուսում է մի արջառ, որին հանկարծ կանաչ թարմ խոտից կտրելով վերցնում են ու դնում երկաթուղու վագոնը և շխկոցով ու թխկոցով տանում, թե ուր՝ հայտնի չէ։ Իր նոր գործը, գյուղական ծանր աշխատանքից հետո, Գերասիմին խաղ ու պար էր թվում. կես ժամում նա ամեն ինչ վերջացնում էր ու բակի մեջտեղը կանգնում և բերանբաց նայում անց ու դարձ անող մարդկանց, կամենալով կարծես իմանալ իր անհասկանալի կյանքի բացատրությունը, կամ թե չէ քաշվում էր որևէ անկյուն և, թին ու ավելը հեռուն շպրտելով, երեսնիվայր ընկնում գետին և ժամերով անշարժ պառկում կրծքի վրա, ինչպես գերված մի գազան։ Բայց մարդն ընտելանում է ամեն բանի, և Գերասիմն էլ, վերջ ի վերջո, ընտելացավ քաղաքի կյանքին։

***

Տատյանան դուր եկավ նրան, արդյոք դեմքի հեզ արտահայտությամբ թե վեհերոտ շարժումներով՝ աստված գիտի։ Մի անգամ Տատյանան անցնում էր բակով, տիրուհու օսլայած կոֆտան չռած մատներով զգուշությամբ բարձր բռնած… Հանկարծ ինչ֊որ մեկը պինդ բռնեց նրա արմունկը։ Նա շուռ եկավ և ճչաց. ետևը կանգնած էր Գերասիմը։ Հիմարի պես ծիծաղելով և քնքշորեն մզզալով՝ նա Տատյանային մեկնեց մի շաքար աքլոր, որի պոչն ու թևերը ոսկեգույն էին։ Տատյանան ուզում էր հրաժարվել, բայց Գերասիմը զոռով աքլորը դրեց նրա ձեռքը, գլուխն օրորեց, հեռացավ և, շուռ գալով, մի անգամ էլ ինչ֊որ սիրալիր բան մզզաց։ Այդ օրվանից Գերասիմն է՛լ նրան հանգիստ չէր տալիս, ուր էլ գնար Տատյանան, Գերասիմը հայտնվում էր այնտեղ, դիմավորում էր նրան, ժպտում, մզզում, ձեռները թափահարում, գրպանից հանկարծ մի ժապավեն հանում ու նրան տալիս, ավելով մաքրում էր փոշին նրա անցնելու ճամփից։ Խեղճ աղջիկը ուղղակի չգիտեր, ինչ անի։ Շուտով ամբողջ, տունն իմացավ համր դռնապանի արարքները։ Սկսեցին ծիծաղել ու կատակներ անել Տատյանայի հետ։ Սակայն բոլորը չէին համարձակվում Գերասիմին ծաղրել. նա հանաքներ չէր սիրում. նրա ներկայությամբ Տատյանային էլ թողնում էին հանգիստ։ Գոհ լիներ թե դժգոհ, այնուամենայնիվ Տատյանան անցավ նրա հովանավորության տակ։

***

Ինչպե՞ս անել։ Միտք արին, միտք արին և որոշեցին վերջապես։ Բազմիցս նկատված էր, որ Գերասիմը հարբածներին տանել չէր կարողանում… Տան առաջին նստած՝ նա ամեն անգամ երեսը շրջում էր զզվանքով, երբ կողքից երերուն քայլերով ու գլխարկի կազիրոկը ականջին թեքած անցնում էր հարբած մի մարդ։ Որոշեցին Տատյանային սովորեցնել, որ նա հարբած ձևանա և երերվելով, օրորվելով անցնի Գերասիմի մոտով։ Խեղճ աղջիկը երկար չէր համաձայնում, բայց համոզեցին. Տատյանան ինքն էլ տեսնում էր, որ իր երկրպագուից այլ կերպ չի կարող ազատվել։ Ու գնաց։ Կապիտոնին բաց թողին, բանը այնուամենայնիվ նրան էր վերաբերում։ Գերասիմը նստած էր տան մուտքի առաջ և թիով խաղում էր հողի հետ… Բոլոր անկյուններից, ծածկված լուսամուտների հետևից՝ հետևում էին նրան… Խորամանկությունը ավելի քան հաջողվեց։ Տատյանային տեսնելով՝ Գերասիմը նախ, ըստ սովորության, սիրալիր մզզոցով գլխով արավ, հետո ուշադիր նայելով, թին գցեց, վեր թռավ տեղից, մոտեցավ Տատյանային, երեսը մոտեցրեց նրա երեսին… Տատյանան վախից ավելի ևս երերաց ու աչքերը ծածկեց… Գերասիմը բռնեց նրա ձեռքը, վազեց բակի միջով և Տատյանայի հետ միասին մտնելով խորհրդի սենյակը, հրեց նրան դեպի Կապիտոնը։ Տատյանան վախից քարացավ… Գերասիմը կանգնեց, նայեց նրան, թափ տվեց ձեռքը, քմծիծաղ տվեց և ծանր քայլերով գնաց իր սենյակը։ Մի ամբողջ օր նա դուրս չեկավ այնտեղից։

***

Այս բոլորը կատարվեց գարնանը։ Անցավ էլի մի տարի, որի ընթացքում Կապիտոնը վերջնականապես իրեն տվեց խմելու և, որպես միանգամայն անպետք մարդ, կնոջ հետ միասին սայլով ուղարկվեց հեռավոր մի գյուղ։ Մեկնելու օրը սկզբում նա շատ պարծենում էր և հավատացնում, թե ուր էլ ուղարկեն իրեն, ինքը չի կորչի, բայց հետո տրամադրությունն ընկավ, սկսեց գանգատվել, թե իրեն տանում են անկիրթ մարդկանց մոտ, և վերջը այնպես թուլացավ, որ մինչև իսկ սեփական գլխարկը չկարողացավ գլխին դնել։ Երբ ամեն ինչ պատրաստ է արդեն, և գյուղացիները երասանները բռնած սպասում էին միայն «բարի ճանապարհ» խոսքին, Գերասիմը դուրս եկավ իր խցից, մոտեցավ Տատյանային և նվիրեց նրան, ի հիշատակ, մի կարմիր չթե գլխաշոր, որ մի տարի առաջ գնել էր նրա համար։ Տատյանան, որ մինչև այդ վայրկյանը գլխովն անցած բոլոր ձախորդությունները տարել էր միանգամայն անտարբերությամբ, այստեղ սակայն չդիմացավ, աչքերը լցվեցին արցունքով և, սայլ նստելիս, երեք անգամ համբուրվեց Գերասիմի հետ։ Գերասիմն ուզում էր ուղեկցել նրան մինչև ուղեկալը և սկզբում գնում էր սայլակի կողքից, բայց հանկարծ կանգ առավ, ձեռքը թափ տվեց և գնաց գետի երկարությամբ։

***

Հատակը լցված էր ջրով և այդպես մնաց անշարժ, ուժեղ բազուկներով շան մեջքը գրկած։ Իսկ նավակը մինչև այդ ալիքներով կամաց-կամաց տարվում էր ետ՝ դեպի քաղաք։ Վերջապես, Գերասիմն ուղղվեց արագ և ինչ որ ցավագին մի կատաղություն դեմքին, վերցրած աղյուսները թոկով կապեց իրար, հետո թոկի ծայրերը կապեց Մումուի վիզը. բարձրացրեց ու բռնեց նրան դետի վրա ու վերջին անգամ նայեց նրան… Մումուն հավատով ու աներկյուղ նայեց տիրոջը և պոչը շարժեց կամացուկ, Գերասիմը երեսը շուռ տվեց, աչքերը փակեց և ձեռները բաց թողեց… ու չլսեց ոչինչ, ոչ ընկնող Մումուի սուր կլանչոցը, ոչ էլ ջրի ծանր ճողփյունը. ամենաաղմկոտ օրը լուռ և անշշուկ էր նրա համար, ինչպես ոչ մի խաղաղ գիշեր անձայն չէ մեզ համար, և երբ նա աչքերը բաց արավ նորից, առաջվա պես գետի երեսով, կարծես միմյանց հալածելով, շտապով վազում էին փոքրիկ ալիքները և առաջվա պես ճողփյունով զարնվում նավակի կողերին, և միայն հեռուն, դեպի ափն էին վազում ինչ֊որ լայն կորագծեր։

Ամբողջությամբ՝ այստեղ։