ԳլխավորՄի կտոր գիրք

Աննա Մեկունց. «Մի օր մենք նորից կհանդիպենք, Հայրենիք իմ…»

Աննա Մեկունց

Ներկայացնում ենք արցախցի գրող, բանաստեղծ, դերասանուհի Աննա Մեկունցի ստեղծագործություններից։

***

Մի օր
մենք նորից կհանդիպենք,
Հայրենիք իմ…
Եվ դու ինձ կբացատրես,
Թե ինչու՞ սերն իմ ուրացար…
Ու գրկաբաց ընդունեցիր քեզ սպանողին…

Մի օր…
աղերսանքով գիրկդ կնետվեմ,
Կգրկենք իրար էլի…
Ու իրարից ներողություն կխնդրենք
Իրար նեղացնելու համար…
Ու չգիտեմ՝ կներե՞նք արդյոք իրար…
Թե՞  ցավախեղդ կլինենք…

Մի օր ես էլի կգամ իմ դեդո-բաբոյի «գլուխը տանելու» իմ անբան զրույցներով…
էլի կասեմ, որ սիրում եմ քեզ մահու չափ…
Կլացեմ ու կխոստովանեմ, որ կարոտել եմ քեզ խելագարվելու աստիճան,
Նորից կգոռամ որ երջանիկ թոռն եմ քո…
կհիանամ,որ Արցախ էլի ունեմ…

(չգիտեմ երբ… բայց գալու եմ…
ու էլի երկխոսելու ենք մենք երկար։

նստելու եմ էլի քո խոտերի մեջ ու գիրք գրեմ…
պարելու եմ էլի գժի պես փողոցներիդ մեջտեղում,
սիրելու եմ օդդ, ծաղիկներդ, դժգոհ մարդկանց…
Ես քեզ սիրում եմ անտանելի ցավով…

Ես քեզ սիրում եմ ինձ, անիծած Արցախ…
Ինձ ուրացած Արցախ…
Ինձ կոտրած Արցախ,
Ինձ կործանող Արցախ…
Իմ սրտի Արցախ…
Իմ… )

***

Այսօր
սիրտս թաղվեց քո ոտքերի տակ…
Դու չգրկեցիր քո զավակին մի վերջին անգամ…
Դու չմաքրեցիր արցունքներս…
Ու չասեցիր ինձ՝
-պինդ մնա…ամոթ է…դու Արցախի թոռն ես

Այսօր ես ոչինչ եմ
Ոչ ոք եմ
Անիմաստ եմ
Փուչ եմ
Դատարկ եմ
Անքեզ եմ
Անինձ եմ
հայրենիք…

***

Հայրենիքս
դարձել է
«կուռքը»
դավաճանների,
Մինչդեռ
հավատարիմները
թաղվել են
իր գրկում…

Դու իմ միակ Հայրն ես՝
Հայրենիք…
Աստծուց հետո միայն…

Եվ իմ միակ Սուրբ Մայրն ես՝
Ինձ կյանք տվող
Մորիցս հետո…

Կներես, որ արժան չեղա Քեզ…
Կներես, որ թուլամորթ եղա.
Ես մահու չափ սիրում եմ Քեզ,
Ու խոստովանում՝ անզոր եմ, տե՛ս։

Իմ հող,
Հո՜ղ իմ…
Հավատա՝ մի օր…
խաղաղությունը նորից կգա…

Լաց եղիր, հող իմ…
Լաց եղիր ուժով։
Լաց եղիր եւ թող,
Փարվեմ քո սրտին։

…Ծնկներդ թուլացե՞լ են,
Հայրենի՜քս…
Աղիացե՞լ են ցավից արցունքներդ…

Լա՜ց եղիր…
բայց չհանձնվես։

Որովհետև դեռ Տեր ունես քեզ
Անզավակ չես, որբ չես ինքդ,
Ու որբ չեմ Ես։
Դու Տեր ունես։

Հավաքիր քեզ
Ժպտա ու մաքրիր աչքերդ.

Ես քեզ ազատություն եմ պարտք,
Քեզ որդի ու դուստր եմ պարտք…
Ես քեզ խաղաղություն եմ պարտք
Ի՛նձ եմ պարտք…

Ուշքի արի, հո՜ղ իմ։
Չթուլանաս հանկարծ։
Որովհետև ծնողից է զավակը օրինակ վերցնում.

Պինդ կաց, մա՛յր իմ։
Ամուր մնա, հա՛յր իմ։
Ուժե՛ղ մնա, նախնի իմ…

Իմ լույս ու կյանք,

Իմ սիրտ ու մահ՝
Հայրենիք…
Իմ Արցախ

Իմ…
Արցա՛խ …

***

Մանկություն իմ…
Ուզում եմ գիրկդ գալ։
Ուզում եմ հիշել խաղաղության համը։
Ուզում եմ զգալ ազատության շունչը…

Գալ…
Գրկել Քեզ
Ու հիշել .

երբ մայրս ջղայնանում էր,
ես մտածում էի,
թե մի գեղեցիկ իրի անուն է տալիս.

երբ հայրս մեզ լքում էր,
կարծում էի՝ ընդմիշտ չի,
պարզապես գործի է գնում։

Եթե մի հնար լիներ չմեծանալ
ու մնալ միշտ երեխա,
ճոճվել էլի
ու էլի էն դեղնոտած ճոճանակին,
որ հատուկ իմ պատվին էր դեղին…

(Բանվորներին հաց ու ջուր էին տանում
ու քաղցրավենիք
ու հետո, երբ վեց ճոճանակ կանաչ էր,
բանվորներից ամենաջահելն ու սիրունը, կանչեց, թե.

— Սիրածդ գույնը վե՞րնա
— Տեղի՜նը: (դեղին)
— Տեղի՞ն, — մտածեց:
— Ուրեմն ստա քու տիղնած կաչելինա իննան։
Տու կվորոշիս, հուվ կարե նստե, հուվ՝ չէ։

Այդ օրը բանվորն իմ ճոճանակը ներկեց դեղին գույնով:
Այդ օրը բանվորը չէր էլ պատկերացնում,
որ ապագայում իմ դեղնոտիկն այնքան լավ է ինձ ճանաչելու,
ու այնքան գաղտնիքներ է պոկելու ինձնից,
այնքան արցունքեր է գրկելու ու տոննաներով սեր է տեսնելու իմ մեջ,
որ ճոճանակս դառնալու է իմ թաքնված հայելին,
ու երրորդը, որ իմանալու է ինձ ու «դեղնոտած ճոճանակիս», վերևում էր՝
Աստված)։

…Լինել ներքևում ու մանուկ մնալ:

Ես էլի գոհ-գոհ ինձնից եռածալ մեծ գոգնոցը կհագնեի
ու ծանր-ծանր դույլը մի կերպ շնչելով գրկած
կհասնեի տատիկիս մոտ։

հետ գնալ…

Էլի միացնել էն փչացած ռադիոն և ուրախությունից, որ ծանոթ մի երգ եմ գտել,
բռնել իմ հին ու մաշված զգեստի ծայրերից ու պտտվել ամբողջ սենյակով մեկ՝
բա՜րձր երգելով։

Ու նորից հիշել այն աղջկան, որ երկար-երկար մազերը ծամիկներ էր անում,
ու հետո ծամիկները գրկում էր երեխայի պես
ու ման գալիս բակով մեկ՝
հպարտ֊հպարտ։
Հպարտ֊հպարտ:

Հիշել նրան,
ով կարտոֆիլն իր փոքրիկ ձեռքերով հանում էր հողի միջից
ու այնպես երջանկանում,
կարծես նոր գյուտ էր արել։

Հիշել աղջնակին, որ գոռում էր ինքնագոհ՝ ապրե՜ս,
երբ վառարանի վրա խմորից հաց էր թխում ու
վառում։

Հիշել աղջկան, ով աշխատանքից վերադարձող մորը
սպասում էր Նոր տարվա պես:
Մորս սերը
իմ անհայր լինելու
փաստն էր միշտ կոծկում
Ու մորս կամքը
որոշում էր իմ ճակատագիրը՝
հաշմանդամի սայլակին ես սեր չեմ խոստովանելու,
թուլացած ոտքերս առաջ եմ շարժելու
Ու վազեմ սիրելի փողոցներովս։

Մորս
ամոթով չթողնելը
իմ առաքելությունն էր՝

մինչ պապիկս սեփական զավակին դուրս էր հանում տանից
ու հրաժարվում թոռնիկից,
մինչ պապիկս անիծում էր իմ բախտը,
ու ես էլ չէի հասկանում, թե ծնվելուս մեղքը ո՞րն է

ու երբ ամռան ցրտին ես տաք խալաթ էի հագնում,
որովհետև մրսկան էի շատ,
իմ պապիկը բաց պաշտգամբում
ինձ փակում էր ժամերով ու թողնում էր, որ

մրսեմ
մրսեմ
մրսեմ

Ու ես մրսում էի ամռան ցրտին ու աշնան անձրևին
ու երբ ես մրսում էի առհասարակ,
պապիկս չէր թողնում՝ տաքանամ։

Հիշել մորս ժպիտի մեջ կորած մանկությունս,
անտուններին փող տալս,
բակերում համերգներ կազմակերպելը
հարսանիքներին փողոց փակելը,
անսպասելիորեն դահլիճ մտնելն ու հարսի հետ պարելը,
տանիքներին ընկերներով քեֆ անելը,
ամռան գիշերներին «անկեղծ-համարձակ» խաղալը,
հեծանիվ քշելու անփույթ փորձերս հիշել,
ու հիշել տատիկիս գժվելու չափ սիրուն հոգատարությունը,
սպասված կիրակիները «Չառլի»-ում:

Հիշել ու չմոռանալ:
Հիշել
ու
չմոռանալ:

***

Երբ փակվեցին ճանապարհները կյանքի…
Եվ կյանքը խաչվեց մահվան հետ մի անկյան տակ,
Երբ սովամահ եղան երեխաներն այն տան,
Եվ կնոջ արգանդում մնաց չծնված մի կյանք,

ձեռնափայտով պապն էլ ուշքը կորցրեց անթթվածին օդից,
Եվ խանութներն իմ բակում փակեցին իրենց մուտքը ՝ դատարկությունից,
Ու չոր հացին նույնիսկ
կարոտ մնաց երկու չորս տարեկան երեխան,

Երբ հերթի մեջ մահացավ տղան,
ուժասպառ եղած տատիկն էլ հիասթափված հետ բռնեց ճամփան իր տան.
Ես նայում էի բակում ծիծաղող փոքրիկներին
Ու հավատում՝

-լոխ լյավա իննան…

Ես նայում էի թռչունների ծլվլոցին,
Ու քամին շնչում ողջ թոքերիս մեջ…
Ինքս ինձ ժպտում ու կրկնում էի՝

-Լոխ լյավա իննան…

Որովհետև
Աստված մեծ է։
Եվ իր Զավակին մենակ չի թողնում։
Որովհետև բազմիցս տեսել եմ հրաշքներ կյանքումս,
Ու հուսացել,
Սպասել եմ լուռ…
Որովհետև Աստված Սեր է,
Եվ Աստված է ժամանակը։
Աստծով է ժամանակն ապագայի։

Բայց այսօր,
Երբ երեխան արևահարված ու պառկած է առանց դեղի,
Երբ գերի են տանում հիվանդ մարդուն անտեղի,
Երբ մայրը հեռու է իր զավակից,
Մանուկն էլ զուրկ է «մանուկ» մնալու իրավունքից,

Երբ կյանքը խաչվել է մահվան հետ,
Եվ «վանդակված ազատություն» է մեր գլխի վերևում,
Եվ անազատ «ազատ»  ենք մենք…
Եվ անարդար գերի ենք մենք

Ու մեղավոր,
որ ծնվեցինք հենց այս երկրում…
Մեզ կողպեցին մի քաղաքանման վանդակի մեջ,
Խլեցին մեզնից շնչելու օդն ու ասեցին՝

-ապրե՜ք…

ապրեք, որ չապրե՛ք։

Հիմա նայում եմ (ան)Հոգ երեխաներին,
Հիվանդ ու ծեր տատՈւպապերին,
Այս կռո, չհանձնվող ու պայքարող ազգին,
Ու նորից մտքում ասում ինքս ինձ.

-Լյա՛վ. Պա վե՛րջը…հինչա՞ իննան.

Ու էլի Աստված գալիս է մտքիս,
Ամուր գրկում ինձ,
Ու…

-Վերջը Եսում իննան (Տեր Աստված)
Ուրեմն…
Լոխ լյավա իննան։