ԳլխավորԼուր

Արցախի պետական համալսարանի հետագա ճակատագիրը հայտնի չէ

Մի շարք ԶԼՄ-ներ տարածում են տեղեկատվություն այն մասին, որ ԱրՊՀ-ն կգործի ԵՊՀ-ին կից։

ԱրՊՀ-ի ֆեյսբուքյան էջում տեղեկացնում են, որ լուրը չի համապատասխանում իրականությանը, առայժմ այդպիսի որոշում չկա։

ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանն էլ գրել է, որ Արցախի պետական համալսարանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար ունեցել է տարբեր հանդիպումներ։

«Սպասում եմ պարոն նախարարին, որպեսզի որոշենք մեր անելիքները, ինչի մասին կհայտարարենք»,-գրել է նա։

Հավելենք, որ 2023 թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ Արցախում գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն՝ շուրջ 21 հազար սովորողներով, այդ թվում 8 քոլեջ/ուսումնարան և 4 բուհ:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայտնի է առնվազն 200 զոհի և 400 վիրավորի մասին։

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ Արցախի իշխանություններն ընդունել են ՌԴ խաղաղապահ առաքելության զորակազմի հրամանատարության՝ կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը:

Արդեն մի քանի օր է՝ Արցախից բռնագաղթվածները ժամանում են Գորիս ու Վայք։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։