ԳլխավորՄի կտոր գիրք

«Ինձանից այնքան ես բացակա եղել…». Ալիսիա Կիրակոսյան

Ներկայացնում ենք արգենտինահայ բանաստեղծուհի Ալիսիա Կիրակոսյանի (13.07.1936-22.05.2014) ստեղծագործություններից։

***

Սահեք
Սպասումիս խոռոչների միջով:
Խլե՛ք,
Տարեք ինձնից
Իմ մենավոր ու որբ
Երազների ռիթմը:

Բազմապատկեք քաղցս:
Ես, որ ահա այսօր
Առանց կրունկների կոշիկներ եմ հագել,
Առավել եմ մոտիկ բարձրությանը:

Հասկանում եմ այսօր,
Որ շրջագիծը մեծ
Կսեղմվի հանկարծ,
Ու հղության պես
Կվերածվի կետի,
Եվ այնտեղ ծնունդ կառնեն ատոմները:
Այդ խելահեղ խղճի ընդերքի մեջ
Սերը կցանկանա փոխվել կյանքի…

***

Ինձանից այնքան ես բացակա եղել,
Որ, ներիր, արդեն պետք չէ քո սերը…
Ու ես քեզ այնքան, այնքան եմ հիշել,
Որ մոռացել եմ ներկայությունդ…

Ես ստեղծել եմ մի դեմք,
Մի ժպիտ,
Մի լուռ հայացք,
Որ նմանությունն ու օրինակն են
Ինչ-որ մի դեմքի ,
Ինչ-որ ժպիտի,
Ինչ-որ հայացքի:

Ես քեզ, սիրելիս, փոխել եմ ահա
Ինձ բաժին ընկած մենություններից
Մենավորի հետ
Եվ հենց դրանով արտաքսել եմ իմ մենությունը:

***

Այնպես եմ ուզում
Անունդ թողնել
Կեսգիշերային
ավազի վրա,
Որ լուսաբացին
Նա արտացոլված
լինի ցողերում,
Մինչեւ քեզ հասնի
Ձայնիս մշուշով պարուրված խոսքս…

Ու ես փախչելով
Հին լռությունից,
Կընդունեմ իսկույն
Սիրո հրամանն անխուսափելի:

***

Սպասում եմ քեզ,
Որ կիսեմ քեզ հետ
Մեր հանդիպումի արտասուքները:
Եվ ծովախորշում խոնարհ կուչ եկած,
Լսում եմ ջրի շաչյունն ուշացած,
որ բերում է ինձ
Խոստովանելու գաղտնի ցանկություն:
Ես հավատում եմ,
Որ լուսաբացի քո ալիքները
Պիտի սեփական ծովս արարեն:

***

Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:

Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:

Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ներիր, չեմ կարող
Արդեն սպասել:

***

Ներիր ինձ,
Ես քեզ ցավ եմ պատճառել:
Սերը այդպես է,
Դառն է,
Հոշոտող
Ու աստվածային,
Երազողների համաճարակն է,
Տասը հարվածով է
Զարկում նա ցավին:

Սերը այդպես է ,
Մաշկը ձգում է ,
Դարձնում մի գիծ
Եվ նպատակդ
Դարձնում հոգնակի:
Ցավ եմ պատճառել,
Եվ դու չես լալիս:
Դու, ու սնունդս
Հանցանքի հետ ես
Շփոթել կյանքում:
Եվ դու չես կարող
Հասկանալ թե ես
Ինչու եմ վայրի,
Եվ ինչու եմ ես
Լալիս այսպիսի
Խոշոր արցունքով,
Ինչու մեջքիս մեջ
Հաճույքն է ապրում,
Եվ օրենքն ապրում
Կողոսկրերիս
Անխախտ կարգի մեջ:

Իմ հոգին բոց է
Ու մերկ է որպես
Մերկության նկար:
Նա պարուրված է ամոթխածությամբ,
Եվ մերկ ոտքերին
Մեղքի թելեր են
Խճճվել ահա…
Եվ ես հարցում եմ
Անում Աստծուն՝
Ինչու՞ եմ տխուր,
Ինչու չեմ կարող
Վերքերս թողնել
Ձյուների վրա,
Արեվն ինչու՞ է
Թաքնվում այդպես
Խորքերում հեռու…

Ես ծիծաղների
Բիծ էի դեմքիդ
Եվ օդի կաթիլ,
Եվ պտուղ էի,
Եվ մեղու էի ես,
Հողի մեջ ուռչող
Սերմ էի բարի,
Համբույր էի ես,
Որի սարսուռն է
Սահում մեջքն ի վար,
Եվ բույս էի ես
Հավատքով մոլի:

Ու ես կուզեի
Կորցնել հիմա
Ամբողջ անցյալս
Ու իմ հովանին
Սիրուդ հետ փոխել,
Քո գիրքն սպիտակ
Ծայրեծայր պատել
Սիրո բառերով:
Ներիր, քեզ միայն
Ցավ եմ պատճառել,
Եվ լավ է այնքան,
Որ դու չես լալիս:
Աչքերդ շրջիր
Դեպի քո ներսը,
Ետ տար քո ձեռքը,
Եվ մնաս բարով
Ասենք մեկմեկու։

Թարգմանությունը՝ Վահագն Դավթյանի