ԳլխավորԼուր

Սոսի Խանիկյանը կդառնար 35 տարեկան

Լո՜ւռ լողում է իմ երազը անիրական
Ու ձուլվում է կապույտներին անապական։

Տողերը Սոսի Խանիկյանի «Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ երազ» բանաստեղծությունից են, որ ընդգրկված է նոր լույս տեսած համանուն գրքում՝ նվիրված Սոսիի հիշատակին եւ ստեղծված նրա ընկերների ու հարազատների կողմից, գրում է Bravo.am-ը։  Սցենարիստ, բազմաթիվ ֆիլմերի ու հեռուստանախագծերի, գիտական հոդվածների, էսսեների ու բանաստեղծությունների հեղինակ Սոսի Խանիկյանը երեկ՝ սեպտեմբերի 8-ին, կդառնար 35 տարեկան։ Ծննդյան օրվա առիթով էլ ընկերներն ու հարազատները նախաձեռնել էին նրա բանաստեղծությունների ժողովածուի, ինչպես նաեւ «Սոսի Խանիկյան» մշակութային հիմնադրամի շնորհանդեսը։

Միջոցառման անցկացման վայրն էլ՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը, պատահական չէր ընտրված․ Սոսին սիրում էր Կոմիտասին ու գործի բերումով հաճախ էր լինում թանգարանում (իրականացրել է «Վարդապետը» ֆիլմի ստեղծման աշխատանքները)։ Նրա սիրելի հարկի տակ էլ հավաքվել էին ամենամտերիմ մարդիկ՝ ծանոթանալու ձեռագիր մատյաններից վեր հանված բանաստեղծություններին եւ աջակցելու Սոսիի անունը կրող հիմնադրամի նպատակների իրագործմանը։

«Սոսին ուներ մի թաքնված մատյան, որը ժամանակ առ ժամանակ հանում էր եւ մտքին եկածը հանձնում թղթին։ Երբ տիկին Էսթերը (Սոսիի մայրը,- հեղ․) խնդրեց, որ նայենք մատյանը, հասկանանք՝ ինչ կարելի է անել, մենք նրան խնդրեցինք, որ հենց ինքը ֆիլտրի, հասկանա, թե որ բանաստեղծություններն են լուսաբանման ու հրատարակման ենթակա։ Պարզվեց՝ այդ գործերը մոտ հարյուրն են։ Մենք՝ բոլոր ընկերներով, հիմնադրամի անդամներով, ձեռագրերը վերածեցինք թվային տարբերակի, եւ այսօր արդեն ունենք բանաստեղծությունների ժողովածու։ Այն ընդգրկում է Սոսսիի սիրային, խոհափիլիսոփայական բանաստեղծությունները, ինչպես նաեւ նրա գրած երգերի տեքստերը։ Մատյանն ու ձեռագրերը կարող եք տեսնել այն կարճ հոլովակներում, որ պատրաստել ենք այսօրվա համար։ Դրանցում հայտնի մարդիկ կարդում են Սոսիի բանաստեղծություններից»,- BRAVO.am-ի հետ զրույցում պատմեց երգչուհի, «Սոսի Խանիկյան» հիմնադրամի անդամ Սյուզի Շահբազյանը, որ նաեւ Սոսիի մտերիմ ընկերներից է։

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Հիշեցնենք՝ Սոսի Խանիկյանը վրաերթի է ենթարկվել ու մահացել 2021-ի մարտի 1-ի երեկոյան՝ Երևանի Բաղրամյան պողոտայում։

Comment here