ԳլխավորՄի կտոր գիրք

Հրեշտակները Երկինքն են հարդարում, աստղազարդ գորգեր թափ տալիս… Արսեն Ներսես

Հայր Ներսես Հարությունյանը ծնվել է 1982 թ. Սիսիանում։

Մայր Աթոռի միաբան է, ծառայել է մի շարք հայկական գաղութներում՝ Ավստրալիա, Լեհաստան, Եգիպտոս, հիմա ծառայում է Դադիվանքում։

Ստեղծագործում է, գրական անունն է Արսեն Ներսես։

Արևագալի ժամ

«Դադիվանուց ժամագիրք» շարքից

Մի օտար
խաղաղություն է
գիշակեր թռչնի պես
ճախրում լեռների վրա,

Մոռացկոտ ու քաղքենի
պողոտաներում
դեռ սրտից սիրտ են
ցատկում
անիմաստ երգեր։

…և վանքի խցում,
այս անպաշտպան
արևագալի նման,
որբ ու վիրավոր է
խաղաղությունդ,
Տե՛ր։

***

Երկնքում անգամ
ավերված տների
ուրվականներ կան,

երկնքի տակ
մահվան մասին
հուշագրեր ընթերցող
ուխտավոր ենք մենք։

…անցակետը վկայում է
որ քիչ հետո
ավերակներում
նշխարք դարձած մի վանք
լսելու է երկնքի
դարպասների դիմաց
խցանված աղոթները նույն,

…անցակետը վկայում է,
որ անցյալ ոճիրների համար,
փնտրվում են
ապագա մեղավորներ։

Հարություն

Անցնում են օրերդ
իբրև մաշված վայրկյաններ՝
գրպաններում պահած
անցյալ դարձող
տառապանքը…

Եվ դու արթնանում  ես արդեն՝
քո Խաչյալի վերքերով,
որպես Հարության լուսաբացի
շողն առաջին
անանձնական,
օտար մի ցավի մեջ
անհիշաչար
իբրև Սամարացին,

…քանզի
առանց հրաշքի
պարզապես չափազանցված
ողբերգություն ենք մենք։

Lacrimosa

(REQUIEM-ից)

Մենք շարունակում ենք ժպտալ՝
սփոփանքի մասին
իմաստություններ կրկնելով,

և բառերը հոսում են
կուտակվում մեր սրտում
իբրև լռություն,

…ու մենք սկսում ենք արտասվել
ուրիշ ցավից,
որ չխոստովանենք
քավության  համար ափսոսած
մեր արցունքները։

Oblivion

Արևի հետ անհաշտ
մոլորակի նման
գնում ենք՝
դատարկվելու
վերջին մանրէներից կյանքի,

անիմաստորեն անսահման
ու սառը տիեզերքի մեջ՝
մեր անտարբեր
և օտարացած հայելիների։

***

Արևամուտին
չիրականացած սերեր են թափվում
տանիքների վրա
ձանձրացած ձյուների մեջ։

Վարագույրները տխուր թաքցնում են
սիրո համար երազած
սխրանքները,
որ այդպես էլ չհատեցին
կարմիր փշալարերը քաջության։

…լուսաբացին դեռ սպառնում են
նոր սերերն՝ առանց սխրանքի
և նոր սխրանքներն՝ առանց սիրո։

Ձյունը

Հրեշտակները Երկինքն են հարդարում,
աստղազարդ գորգեր թափ տալիս,
և ամպոտ
խոշոր փոշեհատիկներ են
ճերմակ-ճերմակ իջնում։

և փնտրում չորացած լեռնալանջեր,
որ մեր մերկությունը ծածկեն,
և փնտրում թարմ հողաթմբեր,
որ մեր արցունքները թաքցնեն։

…և նրանք գտնում են մեր մազերը
որ մեր տարիքը մատնեն…
…Երկինքը մաքուր-մաքուր է
Ներքևում՝ հուսահատ ճերմակ։

Եվ պատերազմն ու խաղաղությունը
կիսաքուն սերմերի հետ
մնացել են թաց ակոսներում հողի
ճերմակ ու ճերմակ լռության տակ։

…ինչ տխուր,
տխուր են հրեշտակները
երկինքը հարդարում։

Ա. Ներսես

Comment here