ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Զբոսանք դեպի մանկություն

Հայոց լեզվի ուսուցչուհիս միշտ կրկնում էր. «Գիրք կարդալը նման է ճամփորդության, որի համար չես վճարում»։ Մտովի ճամփորդությունների սիրահար էի դեռ մանկուց, նաև՝ անսովոր պատմություններ հորինելու, որոնք այդպես էլ ոչ մի թղթի չհանձնեցի։ Հիմա, երբ արդեն երկար ժամանակ է անցել, մի բույր, կամ նախկին վայրերում գտնվելը, մանկությանս կերպարների մասին հիշատակումը որևե մեկի խոսքում, տեղափոխում են անցյալ, որոնք լեգենդների հետ հյուսված՝ դառնում են քաղցր պատմություններ։ Սակայն ուզում եմ տարանջատել, ջոկել իրականն ու հորինվածքը ու խոսել միայն հավաստիի մասին։

Գյուղը, որտեղ մեծացել եմ, չափերով մեծ է։ Առաջին հուշերս կապված են փոշոտ ճանապարհների, սովետական մեքենաներին բարձած մրգի արկղերի, փողոցներում էժան ապրանքներ վաճառող առևտրականների, թթենիների շվաքին նստած տատիկների, բահն ուսին այգին ջրող գյուղացու ու ծայրեծայր ճերմակաթույր լվացք փռող տանտիկինների հետ։

Տները հիմնականում երկհարկանի էին, լավ լուսավորված ու ջերմ։ Տնամերձ այգում տարատեսակ պտղատու ծառեր կային՝ ծիրանի, դեղձի, բալի, տանձի, ընկույզի, պնդուկի, նուշի, սալորի, ունաբի։ Մենք մագլցում էինք ծառի կատարն ու առավել հասուն պտուղները հենց տեղում անուշ անում։ Էնտեղից ցած էլ էինք ընկնում։ Ավելի հնարամիտներն այնտեղ իրենց համար կացարան էին պատրաստում։

Իսկ ներքևում կանաչ խոտն էր՝ խատուտիկների, երիցուկների ու ավելուկների համադրությամբ։ Ամեն բակ իր ծաղկանոցն ուներ, որտեղ տարատեսակ վարդեր էին, ալ կակաչներ, նարգիզներ, աստղածաղիկներ, քրիզանթեմներ։ Քրիզանթեմը ծաղկած մնում էր մինչև խոր աշուն՝ առաջին ձյան գալը։

Դրսում՝ տան դիմաց դրված էր երկարուկ քար, որի վրա նստում էին տարեց տիկնայք ու հիշում անցյալի դեպքերը, ութամյա դպրոցների դասերը, «անամոթ սիրահարներին», հոնքերն առաջինը «պռճոկած» դասընկերուհիներին։ Հիշում էին սովը, գաղթը… Նրանց պատկերները դաջվել են գունեղ գլխաշորերի, ծաղկավոր խալաթների ու նուրբ ձեռքերի տեսքով։ Գրպաններում ճռճռան թղթով կոնֆետներ կային ու թոռների պաղպաղակի համար հարյուր դրամանոցներ…

Խաղընկերներիս զրնգուն ձայներն են լսվում ականջներումս, որոնք խաղի էին կանչում։ Ջան֊գյուլումն իսկական ծիսական տոն էր։ Ամենանրբագեղ աղջկան դարձնում էին «հարս», «փեսան» ամենաճարպիկն էր. մեկը վերցնում էր մանր, սպիտակ ծաղիկների փնջերով դույլը, մնացածն էլ ուրախ երգերով թակում էին գյուղացիների դռները։ Ծաղկի դիմաց ստանում էին ձու, դրամներ, լավաշ, այլ անուշեղեն։ Հետո երեկոյան, վաստակած գումարով գնում էին քաղցրավենիք, ստացած մթերքների հետ սեղան էին պատրաստում մեծերի հետ ու ուրախ քեֆ անում։

Մնացած օրերը խաղային էին։ «Պախկվոցի», «Հալամոլա», «Յոթ քար», «Որսորդ ու բադեր», «Դասախաղեր», «Տուն֊տունիկ», խաղաքարտերով տարբեր խաղեր։ Ավելի մեծերը նաև «հոգի» էին կանչում…

Աղջիկները գարնանը խմբերով գնում էին բանջար հավաքելու։ Երեկոյան հավաքված ծտի պաշարն ու սինձը տապակում էին ձվով, աղով ու դնում ընթրիքի սեղանին։

Դեռահաս աղջիկներն ունեին օրագրեր, որտեղ գրվում էին սիրո խոստովանություններ։ Երազանքների ու ձգտումների, հիասթափությունների ու տխրության մասին։ Այն թաքուն էր պահվում, վրան կողպեք կար։ Երբեմն կորչում էին տետրերը, տղաները ձևացնում էին, թե իբր կարդացել են…

Դպրոցը գյուղի սկզբին էր։ 15 րոպեում հասնում էինք այնտեղ։ Բակում ցայտաղբյուրներ կային, մասրենիներ, մշտադալար եղևնիներ։ Գյուղում կար երկու ֆուտբոլային մարզադաշտ, որտեղ հարևան բնակավայրերից էլ էին գալիս խաղալու։ Բոլորը համակված էին ֆուտբոլով։ Արևն այրում էր ու մաշկը թխացնում։ Տոթից ապաստանը ծառերն էին, որոնք խիտ սաղարթներով օրհներգում էին մարդու աշխատասիրությունը։ Ծաղիկներով, բահի զրնգոցով, գետի խշշոցով ու կովի բառաչով է լցված մանկության օրերը։ Հեքիաթով ու լեգենդներով, որոնք գյուղի տարեցները պատմում էին ջահելներին, նրանք էլ բերանը կիսաբաց՝ լսում էին։ Անդրանիկ փաշայից մինչև Վազգեն Սարգսյանի մասին լեգենդ֊պատմությունները ոգևորում էին, հերոսանալու ցանկություն առաջացնում։ Հեքիաթի ու իրականի սահմաններն ավելի էին աղոտանում և մերթ ընդ մերթ լսվում էին անհավատալի է», «փառահեղ է»։ Տարեցները չափազանցում էին, լրացնում իրենց երևակայությամբ պատումի մասերը, որոնք արդեն հարյուր անգամ պատմել էին ու ամեն անգամ լսվել էր նորովի…

ՄԱՐՏԻՆԱ

Comment here