ԳլխավորԶբոսանքներ Մարտինայի հետ

Ես դժբախտաերջանիկ մարդ եմ, կին, աղջիկ…

Այս բառն առաջին ու միակ անգամ տեսել եմ մանկությանս տարիներին կարդացած մի հեքիաթում, որի հերոսը իշուկ էր։

Նախ «դժբախտա…»֊ի մասին խոսեմ.

Ցավ եմ ապրել։ Շատ խորը, տակետակ։ Բայց այդ մասին խոսել չեմ կարողանում։ Վախենում եմ խղճահարության առիթ տալ։ Թեպետ կարեկցանքն այն հատուկենտ զգացումներից է, որ, բարեբախտաբար, մեզ հետ բերել ենք 21֊րդ դար։

Ի՞նչ է ցավը։ Ծնվում է հարվածից։ Ոտքդ խփում ես սեղանի ոտքին, քեզ հարվածում է մեքենան կամ խոհանոցում անզգուշորեն վնասում ես մատդ։ Սա՝ ֆիզիկականը։ Այն շուտ մոռացվում է՝ ապաքինման հետ (եթե սպի չի մնում)։ Հոգեկան ցավն այլ է։ Այն նաև մարմնական է։ Եթե վիշտ ես ապրել (խոնարհումս քեզ), ապա դու անցել ես մի գործընթացի միջով, որը շատ փուլեր է ունենում։ Հոգեբաններն, անշուշտ, այս կոնտեքստում շատ ուսումնասիրություններ են արել, բայց ես գիտական֊լաբորատոր փորձերի մասին չեմ ցանկանում խոսել։ Վիշտը նախ կայծակնահար է անում, երկտակում է, տապալում կամ անշարժացնում։ Հետո ուզում ես բղավել անզուսպ, շուրջդ եղած֊չեղածը ջարդուխուրդ անել։ Ուզում ես ծվատել երեսդ, հագուստդ։ Պատրաստ ես կտոր֊կտոր անել վիշտ պատճառած մարդուն։ Այդ անխոհեմ պահին լավ է, երբ կողքիդ է հայտնվում ընկեր, մերձավոր, ով քեզ ֆիզիկապես պահում է՝ գրկելով, ձեռքերդ պինդ բռնելով, կամ, եթե «թշնամիդ» տարածքում է, քեզ պահում է իր թիկունքում։

Բայց կան ցավեր, որ կայծակնորեն հարվածում են, և մարդը ո՛չ բղավելու հնարավորություն է ունենում, ո՛չ իրեն գրկող բազուկ, ոչ էլ մենակ մնալու առիթ։ Եվ եթե նա միշտ կրել է «ուժեղ մարդ»՝ 21֊րդ դարում այնքան հարգի և միաժամանակ սին տիտղոսը, ապա ո՛չ բղավում է, ոչ խոսում այդ մասին։ Տուն մտնելով նետվում է անկողին ու բարձը ողողում տաք կաթիլներով։ Սա տևում է… մեկ ու կես ամիս։ Հետո շրջապատող շոու֊գովազդային աշխարհը տակովն է անում, թեթևություն խոստանում։ Այս մեկ ու կես ամիսը զգացմունքային վայրիվերումներ է բերում։ Պահեր են լինում, որ իսպառ մոռացվում է վշտի առիթը, և մարդն իրեն թեթև ու երջանիկ է զգում։ Բայց գիշերները, համանման իրադարձությունները կամ, նույնիսկ, իր հագուստը, որ հագել է այդ օրը կամ այն թեյը, որ խմում էր կորսված սիրելի հոգեկիցը՝ նորոգում է ամեն ինչ։

Եթե շոու֊գովազդային առաջարկները նրա հասուն, ինքնագիտակից ամբողջության վրա չեն ազդում, նա շարունակում է ամեն օր «նույն գետը մտնել»։ Ժամանակի ընթացքում (եթե կորուստը ֆիզիկական չէ), այն հետզհետե անկում է ապրում, ննջում է և հազվադեպ «հյուր» գալիս։ Այս դժբախտությունը, եթե առաջին օրերին խելագարություն կամ ֆիզիկական հաշմություն չի բերում, ապա, հետագայում ևս վնասներ չի խոստանում։

… «…Երջանիկ» ։ Որքա~ն մարդ է երազում երջանկության ու սիրո մասին, անգամ դրանց սահմանները լղոզում է գիտակցության մեջ, դարձնում մեկ ամբողջություն։ Մարդը և՛ ցավ է սիրում, և՛ հաճույք։ Դրանք համատեղող զբաղմունքներ էլ կան՝ բնական։ Բայց ոչ ոք չի խոստովանում, որ ցավից հաճույք է ստանում, հո չի խայտառակվելու, ծուռ հայացքների արժանանա…  Ամսագրային֊գովազդային արշավները թեթևություն ու «անցավություն» են քարոզում… Բայց սա մի՞թե չի հակասում մարդկային բնույթին։ Մեդալի մի երեսը չէ՞ արդյոք։

Երջանկությունը պիտի ստվեր ունենա, նույն մեծության, ինչ որ ինքն է։ Թեթևությունն էլ շա~տ ծանր մի բան է, անգամ ցանկալի չէ։

Այսպիսով՝ եթե դու քո մեջ չես կրում մեծ դժբախտություն, ապա մեծ երջանկություն էլ չես ունենա։ Սրանք ցերեկի և գիշերի պես մշտատև ու բնականորեն հերթագայող երևույթ են։

Դժբախտաերջանիկ. խորթ է հնչում, բայց միս ու արյուն բառ է։