ԳլխավորԼուրԽոսք

Մեզ հարկավոր է մտածող մարդ. Գրիգոր Գուրզադյանի 100-ամյակն է

Հոկտեմբերի 15-ին լրացել է ականավոր հայ գիտնական, ֆիզիկոս-աստղագետ, գրող-էսսեիստ, գեղանկարիչ, ԽՍՀՄ տիեզերական ծրագրի՝ Օրիոն աստղադիտական կապի կայանների նախագծող Գրիգոր Գուրզադյանի (15.10.1922-22.02.2014) 100-ամյակը։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Էսսեներ, հարցազրույցներ» գրքից։

Մտածելու մասին

Մտածելու կարողությունն ինձ համար միշտ եղել է ամենամեծ խնդիրը, խնդիր, որը պետք է դնի ամեն մի դպրոց իր առաջ։ Դպրոցը պետք է պատրաստի մտածելու կարողությունը՝ սկսած երեխա հասակից։ Ինչպե՞ս են սովորեցնում մտածել, ես չգիտեմ․մտածելը առարկա չէ, հնարավոր չէ դասավանդել։

Բայց գիտեմ, որ բոլոր ժամանակներում, սկսած Մեսրոպ Մաշտոցից, Սահակ Պարթևից մինչև մեր ոչ հեռավոր անցյալը, մեր վարժապետները, մեր տերթոդիկները ինչ-որ ձևով, ինչ-որ կարողությամբ կարողացել են մտածելու կարողությունը ներարկել իրենց սաների մեջ։ Ես համոզված եմ՝ մտածել սովորեցնելը բոլոր դասավանդողների, բոլոր ուսուցիչների գործն է՝ անկախ առարկայից․ մաթեմատիկա է, լեզու է թե ֆիզկուլտուրա, ես ձեզ հավատացնում եմ ՝ բոլորդ եք պարտավոր այդ գործով զբաղվելու․ դա է ամենահիմնականը։ Որովհետև եթե մեծ հաշվով խնդրին մոտենանք առանց մեծամտանալու, ապա աշխարհի բոլոր ժողովուրդների կողքին մեր ժողովուրդը այսօր կարող է հանդես գալ իսկապես որպես խորհող, մտածող ժողովուրդ։ Խնդիրն այն է, որ ես տեսնում եմ նաև մտածողության կորուստ մեր ժամանակներում։ Վարից վեր, վերևներում հատկապես։

Բայց ես այստեղից էլ եմ տրամադրված մեղադրել դպրոցին, ուզում եմ իջնել վերից վար ու տեսնել, որ դպրոցը չի տվել մտածելու այն կարողությունը, այն պաշարը, այն շնորհքը, որ հասուն տարիքում մարդուն չդարձներ այդքան ամուլ մտածողության հարցում․․․ Ի վերջո, տուժում է ժողովուրդը։ Եթե երեխան դպրոցից է ձեռք բերում մտածելու կարողությունը, այդպես էլ կգնա․ նա, ի վերջո, քիչ սխալներ կգործի կյանքում։

Ես հույս ունեմ, հավատացած եմ, որ դուք ինձ ճիշտ եք հասկանում։ Մտածելը բոլոր ասպարեզներում է պետք։ Դա մասնագիտություն չէ, դա մարդու էությունն է, նրա իսկական արժեքն է։ Եվ եթե մեզնից յուրաքանչյուրն ունենա իր առաջ այդ խնդիրը, և կարողանանք զարգացնել այդ հատկությունը, ի վերջո, ժողովուրդը կդառնա մտածող ժողովուրդ։

Շա՞տ կան աշխարհում մտածող ժողովուրդներ։ Չեմ կարծում։ Խնդրում եմ ժողովրդի ընդհանուր ինտելեկտը չընդունել որպես չափանիշ։ Մտածելու կարողությունը բոլորովին այլ է․ մտածելու կարողության ամենաազդեցիկ չափանիշն ստեղծեցին հելլենական շրջանի հույները, և մինչև հիմա այդ մակարդակը մնում է որպես չափանիշ բոլոր ժամանակների համար։ Նրանք առաջինն էին, որ սովորեցրին մտածել։

Մտածենք այդ մասին։

Լեզվի մասին

Ես այսօր ուզում եմ խոսել լեզվի մասին՝ հայերենի։ Ազգ լինելու, ժողովուրդ լինելու, պետություն լինելու առաջին պայմանը լեզուն է։

Անցյալներում մեր դպրոցները եղել են բոցկլտացող օջախներ ամենաընտիր, ամենագեղեցիկ հայերենի։ Բայց ես հիմա ներքին տագնապ եմ ապրում, չասեմ վախ, երբ առնչվելով երիտասարդության, շատ քիչ չափով նաև դպրոցականների հետ, չեմ կարողանում հասկանալ, թե ինչ է պատահել։ Շատ է վատ մեր երիտասարդների խոսակցական հայերենը։ Եվ ոչ միայն երիտասարդների։ Տարեցների, կանանց ու աղջիկների՝ հատկապես․ բառերը՝ հայերեն, վերջավորությունները՝ ռուսերեն։ Ականջ է պետք, որ դիմանա։ Որտեղի՞ց է գալիս դա։ Անշուշտ դպրոցից։ Անկարելի բան է, որ դպրոցից եկած մաքուր հայերենը այլանդակվի այդ աստիճան։

Ի՞նչ է պետք անել։ Ի սեր Աստծո, ես չեմ կարող ոչինչ առաջարկել, որ լինի հուսալի։ Կարող եմ պնդել միայն․ հայերենի հարցը պիտի դառնա լուրջ մտահոգության առարկա։ Այսօրվա վիճակով այդ խնդիրը չկա։

Իմ բախտը բերել է․ ես փայլուն ուսուցիչներ եմ ունեցել, նրանց մեջ եղել են Վարագա ճեմարանի, Ներսիսյան դպրոցի սաներ․․․

Եղել են երիտասարդ փայլուն հայագետներ, որոնք հետո դարձան ակադեմիկոսներ։ Ականջիս է նրանց բերանից դուրս եկած ամեն մի բառը, ամեն մի հնչյունը։

Այո՛, ուսուցիչը, դպրոցը ուրիշ է։

Որոշ երկրներում լեզվի խնդիրը պետականորեն է դրված։ Ամենատպավորիչ օրինակը Անգլիան է։ Անգլիայի դպրոցների թիվ մեկ խնդիրը լեզուն է՝ կատարյալ տիրապետել անգլերենին։ Անգլիայում դպրոցները տարբեր են, առաջին հերթին անգլերենի ուսուցման տեսակետից։ Մինչև հիմա էլ անգլիացի երեխաները, անկախ ընտանիքի նյութական հնարավորություններից, քաղաքից քաղաք են տեղափոխվում, ինչ է, թե կա դպրոց, որտեղ լեզուն դասավանդվում է ավելի բարձր մակարդակով։ Ամերիկացի ժողովրդի անգլերենը, Շեքսպիրի, Բայրոնի անգլերենը ահավոր է․ իրենց լեզվի հանդեպ այդքան անփույթ, ինչպես ամերիկացիներն են, հազիվ թե գտնվի։

Ահա թե ինչու ինտելեկտի հարցում սար ու ձոր կա անգլիացու և ամերիկացու միջև։ Միայն խոսակցական լեզվի մշակույթով անմիջապես կարելի է հասկանալ՝ դիմացինդ անգլիացի՞ է, թե՞ ամերիկացի։

Բացառիկ է եղել վերաբերմունքը հանդեպ լեզուն հելլենական շրջանի հույների։ Այսօր հնարավոր չէ գտնել երկիր կամ ժողովուրդ, որոնց բառապաշարում չլինեն հունարեն բառեր։ Մեր ժամանակների գիտական տերմինաբանությունը ամբողջովին հունարեն է։

Մենք նման խնդիրներ, ցավոք, չենք դնում։ Մտածել է պետք։ Մեզ վայել չէ լինել այդքա՛ն ինքնագոհ ու այդքա՛ն մեծամիտ։

Ես ներքին կապ եմ տեսնում լեզվի նկատմամբ ունեցած վերաբերմունքի և ժողովրդի ինտելեկտի, նաև, ինչու չէ, պետության հզորության միջև։ Եթե լինենք փոքր-ինչ ավելի բարեխիղճ ու պակաս անփույթ մեր լեզվի հանդեպ, մեր երկիրը, անկասկած, կլինի բոլորովին այլ, քան է հիմա․․․ Մենք չպետք է մոռանանք․

Մանկապարտեզի և դպրոցի լեզուն դառնում է մայրենի լեզու ամբողջ կյանքում։

Ստեղծել լավ ստեղծագործություն վատ լեզվով հնարավոր չէ։

Մահացավ լեզուն՝ կմահանա ժողովուրդը։

Այս ամենը առաջին հայացքից կարող է թվալ վերացական, անիմաստ։ Ես այդպես չեմ կարծում։ Գառնիի իմ անկյունում ես ունեցել եմ հնարավորություն խորհելու այս խնդիրների շուրջ երկար-երկար։ Մեզ հարկավոր է մտածող մարդ։ Մեզ հարկավոր է պետություն։ Մեզ հարկավոր է հզոր երկիր։ Այդ ամենը ունենալու համար հարկավոր է ունենալ դպրոց։