ԳլխավորԼուր

Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 113-ամյակն է

Բյուրականի աստղադիտարանում տոնական օր է։

Նշվում է հայ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 113-ամյակը և աստղագիտության օրը Հայաստանում։

Վ. Համբարձումյանի ծննդյան օրը՝ սեպտեմբերի 18-ը, Հայաստանում որպես աստղագիտության օր է նշվում 2009թ-ից սկսած՝ ՀՀ կառավարության որոշման համաձայն։

Այս կապակցությամբ վաղ առավոտյան ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի աշխատակիցներն ու օրվա գիտական միջոցառման մասնակիցներն այցելել են Բյուրականի աստղադիտարանի պանթեոն՝ Համբարձումյանի շիրիմ, հարգանքի տուրք մատուցելու համար։

Գիտական միջոցառումից հետո՝ երեկոյան, աստղադիտարանում տեղի կունենա հանրային միջոցառում, որին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Վիկտոր Համբարձումյանը (1908-1996) XX դարի խոշորագույն գիտնականներից է: Մեծ է նրա ներդրումն աստղագիտության և աստղաֆիզիկայի, տիեզերածնության, տեսական ֆիզիկայի, մաթեմատիկայի և փիլիսոփայության ամենատարբեր ոլորտներում:

Նա ավելի քան 700 հոդվածների և 20-ից ավելի գրքերի հեղինակ է: Առավել հայտնի է տարրական մասնիկների ֆիզիկայի, մոլորակային միգամածությունների տեսության, աստղային դինամիկայի, Գալակտիկայի տարիքի որոշման, ճառագայթման տեղափոխման տեսության, աստղասփյուռների, ակտիվ գալակտիկական միջուկների, գերխիտ աստղերի, բռնկվող և այլ անկայուն աստղերի վերաբերյալ կատարած աշխատանքներով և հայտնագործություններով:

Comment here