2015 թվականին Միացյալ ազգերի կազմակերպությունը հռչակել է փետրվարի 11-ը՝ որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր: Որոշումն ընդունվել է՝ կարևորելով կին գիտնականների նշանակալի դերը գիտության մեջ և նպատակ ունենալով խրախուսելու իրենց հետագա ակտիվ ներգրավվածությունը գիտական և գիտատեխնիկական համայնքներում, նշված է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Անմասն չմնալով գիտության ոլորտում կանանց ներուժի իրացման իրավունքի ապահովման կարևոր հանձնառությանը՝ Հայաստանի Հանրապետությունը ևս կարևոր քայլեր է ձեռնարկել այդ ուղղությամբ։ Այսպիսով, մեր հանրապետությունում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպությունների աշխատողների ընդհանուր թվի կեսից ավելին կանայք են, մինչդեռ աշխարհում այդ ցուցանիշը 30 տոկոսից ցածր է։
Սակայն այս ոլորտում էլ դեռևս առկա են մարտահրավերներ։ Մասնավորապես, ներկայումն ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի հայտարարած մրցույթների արդյունքներով ֆինանսավորմանն երաշխավորված գիտական նախագծերի միայն մեկ քառորդի ղեկավարներն են կանայք։
Գիտության մեջ կին ղեկավարների ներգրավվածությունը խթանելու նպատակով ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն արդեն 3 տարի է՝ պարբերաբար անցկացնում է դրամաշնորհային մրցույթներ, որոնց շրջանակում կին գիտնականների ղեկավարած 15 նախագիծ արդեն երաշխավորվել է ֆինանսավորման։