ԳլխավորԼուր

Հայ գիտնականը Նոբելյան մրցանակի դափնեկիր է դարձել

Բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է գիտնական Դևիդ Ջուլիուսին և Արդեմ Պատապուտյանին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` նշելով, որ մրցանակակիրների անուններն այսօր հայտարարել է Կարոլինյան բժշկական ինստիտուտին կից Նոբելյան կոմիտեն:

Գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես են կենդանի օրգանիզմներն արձագանքում ջերմաստիճանին ու հպումներին:

Նոբելյան մրցանակի առաջին հայը կլիմայագետ Դորկ Սահակյանն է։

Արդեմ Պատապուտյանը մոլեկուլային կենսաբան է, ծնվել է Լիբանանում, սովորել է Բեյրութի Ամերիկյան համալսարանում, 1986-ին տեղափոխվել է ԱՄՆ։

1990 թ.–ին բակալավրի աստիճան է ստացել Կալիֆոռնիական համալսարանում (Լոս Անջելես), գիտությունների դոկտորի աստիճանը ստացել է Կալիֆոռնիական տեխնոլոգիական ինստիտուտում: 1996 թվականին Պատապուտյանը տեղափոխվել է Սան Ֆրանցիսկոյի Կալիֆոռնիական համալսարան, որտեղ Լուի Ռայխարդտի հետ ուսումնասիրել է նյարդերի աճի գործոնները։

2000 թվականին Պատապուտյանը սկսել է աշխատել Սքրիպսի հետազոտական ինստիտուտում, որտեղ գլխավորել է նեյրոկենսաբանության կենտրոնը՝ աշխատելով իոնային ալիքների և ջերմաստիճանի ու հպման զգացողությանը մասնակցող ընկալիչների նույնականացման, ինչպես նաև պրոպրիոցեպցիայի և արյան ճնշման կարգավորման ուղղությամբ:

Պատապուտյանի վերջին պարգևների թվում են նաև Օլդեն Սփենսեր մրցանակը (2017 թվականին Դևիդ Գինտիի հետ համատեղ) և Ռոզենսթիլի մրցանակը (2019 թվականին Դևիդ Ջուլիուսի հետ համատեղ)՝ հիմնարար բժշկական հետազոտությունների բնագավառում ակնառու նվաճումների համար:

2017 — ին նա ընտրվել է Գիտությունների ազգային ակադեմիայի, իսկ 2020- ին՝ ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի անդամ։

Comment here