Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը այսօր հանդիպել է «Կին ղեկավարների առաջխաղացմանն ուղղված ծրագիր 2024» մրցույթի շահառու խմբերի շուրջ երեք տասնյակ ղեկավարներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
«Գիտությունն, իհարկե, սեռ չի ճանաչում, բայց վստահ եմ՝ յուրաքանչյուրս իր անձնական փորձառությունից կարող է դրվագներ նշել, որոնք կփաստեն, թե ինչպես է այս կամ այն պարագայում կին լինելու հանգամանքը որոշակի բարդություն կամ հարցադրում առաջացրել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ կին հետազոտողներին մաղթելով նորանոր գիտական նվաճումներ, հաջողություններ և անսպառ ներշնչանք:
Հայաստանում գիտական և գիտատեխնիկական գործունեություն իրականացնող կազմակերպություններում աշխատողների կեսից ավելին՝ 52 տոկոսը, կանայք են, մինչդեռ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տվյալներով՝ աշխարհում այդ ցուցանիշը միջինում կազմում է 33,3 տոկոս: Այդուհանդերձ՝ թեև հայաստանյան գիտական համայնքում կին ու տղամարդ գիտաշխատողների մասնաբաժինը գրեթե հավասար է, գիտության ոլորտում ղեկավար պաշտոն զբաղեցնողներից միայն մեկ քառորդն են կանայք։ Գիտության մեջ կին ղեկավարների ներգրավվածությունը խթանելու նպատակով վերջին 4 տարիների ընթացքում գիտության ոլորտի ղեկավար պաշտոններում կանանց կարողությունների զարգացմանն ուղղված 2 դրամաշնորհային մրցույթ է անցկացվել։
Դրամաշնորհային երկու մրցույթների արդյունքում կին գիտնականների ղեկավարությամբ ֆինանսավորման է երաշխավորվել համապատասխանաբար 15 և 31 նախագիծ, որոնցից 27-ը՝ ԲՏՃՄ մասնագիտություններով։ Դրամաշնորհները տրվում են 36 ամիս տևողությամբ՝ 4-5 անձից բաղկացած գիտահետազոտական խմբերին։ Առավելագույն բյուջեն 1-ին մրցույթի դեպքում կազմել է 36, իսկ երկրորդի դեպքում՝ 45 մլն դրամ։ Դրամաշնորհային ծրագրի կարևոր պայմաններից է գործունեությունը Հայաստանում ծավալելու պահանջը։
Հանդիպման մասնակիցները հակիրճ ներկայացրել են իրենց գիտական գործունեությունը՝ հետազոտության թեմաները, ձեռքբերումները, ինչպես նաև գործունեության ընթացքում հաճախ հանդիպող խնդիրները։ Նրանք հատկապես կարևորել են ուսանողներին գիտական ոլորտը գայթակղիչ դարձնելու, մոտիվացիան բարձրացնելու, գիտական դրամաշնորհների տրամադրման ժամկետները և ողջ գործընթացն առավել ճկուն կազմակերպելու հարցերը։
Նշենք, որ Միացյալ ազգերի կազմակերպությունը փետրվարի 11-ը հռչակել է որպես Գիտության ոլորտում կանանց և աղջիկների միջազգային օր 2015 թվականին: