ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել «Գիտական կադրերի ատեստավորման կարգը, գիտական պետական կազմակերպություններում գիտական և ճարտարագիտատեխնիկական պաշտոնները և դրանց գնահատման նվազագույն չափանիշները հաստատելու մասին» որոշումը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Ինչպես գիտեք, էապես ավելացել է գիտության ֆինանսավորումը, և առաջնահերթ խնդիր է որակի և արդյունավետության խնդիրը: Ֆինանսավորման ավելացման կարևոր ուղղություն է գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացումը, որը մեկնարկել է 2022 թվականի հունվարի 1-ից, որի արդյունքով արդեն իսկ էական բարձրացում է արձանագրվել. 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ միջինում 174 տոկոսով: Ընդ որում՝ վարձատրության բարձրացումն իրականացվում է ատեստավորման գործընթացի միջոցով, որի նպատակն է գնահատել գիտական աշխատողի մասնագիտական պատրաստվածության աստիճանը և նրա կողմից ստեղծված գիտական արդյունքները, ինչպես նաև պարզել գիտական աշխատողի համապատասխանությունն իր զբաղեցրած պաշտոնին»,-նշել է նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ մինչ այս գործընթացը կարգավորվում էր 2001 թվականի Կառավարության որոշմամբ, որը բավական հնացած է և լիարժեքորեն չէր համապատասխանում իրականացվող բարեփոխումներին և ոլորտի աշխատակիցներից պետության ակնկալիքներին, քանի որ սահմանված չէին կատարողականի նվազագույն քանակական չափանիշներ:
Նախարարը շեշտել է, որ նոր կարգով Կառավարությունը հաստատում է գիտական պաշտոնների տարակարգերը և դրանցից յուրաքանչյուրի համար արդյունավետության նվազագույն պահանջները, որոնք հիմնված են գիտական կադրերի պատրաստման մեջ գիտնականների ներգրավվածության, միջազգային հեղինակավոր պարբերականներում հրապարակումների որակի և քանակի, միջազգային դրամաշնորհային ծրագրերում ներգրավվածության և դրանց ղեկավարման պայմանների վրա:
«Արդյունավետության պահանջներից զատ՝ կարգով նկարագրվում են նաև յուրաքանչյուր տարակարգի համար պաշտոնեական պարտականությունները` այսպիսով նաև սահմանելով ակնկալիքների այն շրջանակը, որը պետությունը և հասարակությունը կարող են ունենալ գիտական պաշտոնների յուրաքանչյուր տարակարգից: Գիտական աշխատողների արդյունավետության նվազագույն նոր պայմանների հաստատումը հիմք է դառնալու 2024 թվականին համապետական ատեստավորման ծրագրի հաստատման համար (համապետական պարտադիր ատեստավորման իրականացումը նախատեսվում է 2026 թվականին): Սա էլ հիմք կհանդիսանա արդյունավետության բարձր պահանջներին համապատասխանող գիտական աշխատողների տարակարգման և կազմակերպություններին հատկացվող ֆինանսավորման վերանայման համար»,-նշել է նախարարը:
Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ կարգով սահմանվել են նաև պատվավոր առաջատար և պատվավոր գլխավոր գիտաշխատողների պաշտոններ, որոնց կարող են հավակնել ՀՀ-ում տարիքային կենսաթոշակի իրավունք ստացած և այդ պաշտոնների պահանջներին համապատասխանող աշխատողները` իրենց կամքով: Այս տարակարգերը ներմուծվել են առավել բարձր պաշտոններում գտնվող և ատեստավորմանը նախորդող 10 տարիներին որոշակի ձեռքբերումներ ունեցող կադրերի համար, որոնք կնախընտրեն ավելի հանգիստ պայմաններում շարունակել իրենց մասնագիտական գործունեությունը:
«Սա նման է եվրոպական և ամերիկյան գիտակրթական համակարգերում, այսպես կոչված, էմերիտուս պրոֆեսորների կարգավիճակին, երբ վաստակաշատ պրոֆեսորներն իրենց աշխատավարձի որոշակի մասի պահպանմամբ ձերբազատվում են հիմնական պաշտոնների նկարագրով սահմանված պարտականությունների մի մասից», -շեշտել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ ատեստավորման ենթակա են դառնում նաև գիտական ղեկավար պաշտոնները, որոնք մինչ այժմ որևէ բարձր կարգի իրավական ակտով սահմանված չէին, և դրանց ներկայացվող պահանջները անորոշ էին:
ԿԳՄՍ նախարարն իր հերթին շեշտել է, որ 2026 թվականի ատեստավորումից առաջ կարևոր է գիտնականների՝ արդեն իսկ պատրաստված լինելը գործընթացին: Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ որակական բավականին լուրջ պահանջներ են դրված՝ հոդվածների տպագրության, գիտական աշխատանքների ղեկավարման և այլ ուղղություններով, ինչը ժամանակ է պահանջում: Նախարարը հույս է հայտնել, որ մինչև 2026 թվականը համակարգը պատրաստ կլինի որակական նոր ատեստավորմանը: