ԳլխավորԼուր

Հաստատվել է ուսուցչի հերթական ատեստավորման կարգը

ՀՀ կառավարության նիստում հավանության է արժանացել հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման և տարածքային հանձնաժողովների ստեղծման ու գործունեության կարգերի նախագիծը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Կարգերով հստակեցվել են ատեստավորման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը, ուսուցչին ատեստավորման արդյունքների մասին պատշաճ կերպով ծանուցելու, կրթության կառավարման տեղեկատվական համակարգում յուրաքանչյուր ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ անհրաժեշտ գործողությունների իրականացման գործընթացները: Նոր կարգավորումներով ատեստավորման գործընթացում վարչարարությունը կրճատվում է, որն իրականացվում է թվայնացված եղանակով:

Ուսուցչի հերթական ատեստավորում

Ատեստավորումն ուսումնական հաստատությունում զբաղեցրած պաշտոնին ուսուցչի մասնագիտական գիտելիքների, աշխատանքային կարողությունների և հմտությունների համապատասխանության որոշման գործընթացն է:

Ուսուցչի ատեստավորման ամբողջական շրջափուլը հինգ տարի է, որը բաղկացած է ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված՝ յուրաքանչյուր տարի իրականացվող վերապատրաստումներից: Ատեստավորումն իրականացվում է պարզ ընթացակարգով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության սահմանած` ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ուսումնասիրության հիման վրա:

Ուսուցչի ատեստավորումն իրականացվում է ՀՀ մարզերում, Երևան քաղաքում, նախարարության ենթակայության ուսումնական հաստատությունների համար` նախարարությունում, փաստաթղթային ատեստավորման եղանակով՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի կողմից:

Ատեստավորման ենթակա ուսուցչին հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենն ատեստավորումից ոչ ուշ, քան երեք ամիս առաջ գրավոր ծանուցում է փաստաթղթային ատեստավորման և անցկացման ժամկետի մասին:

Ատեստավորման հանձնաժողովն անհատական քվեարկության միջոցով անդամների կեսից ավելի կողմ ձայներով որոշում է ընդունում յուրաքանչյուր ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանելու վերաբերյալ: Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա գտնվելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման ընդունմանը։

Ատեստավորման հանձնաժողովի ամփոփիչ արձանագրությունը ԿԳՄՍ նախարարության կայքում հրապարակվելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող է բողոքարկվել օրենքով սահմանված կարգով` ՀՀ կրթության տեսչական մարմին կամ դատական կարգով: Բողոքարկման հանձնաժողովի եզրակացության հիման վրա տեսչական մարմնի ղեկավարի կայացրած որոշումը ներկայացվում է ատեստավորման հանձնաժողովին՝ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ:

Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովները

Ատեստավորման հանձնաժողովների գործունեության նպատակը հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ատեստավորում իրականացնելն է։ Ատեստավորման հանձնաժողովները երեք տարի ժամկետով և հասարակական հիմունքներով գործող մարմիններ են, որոնք բաղկացած են 5 անդամից:

Ատեստավորման հանձնաժողովները ձևավորվում են նախարարի հրամանով` տվյալ տարածքային կառավարման մարմնի ղեկավարի` մարզպետի, Երևան քաղաքում` Երևանի քաղաքապետի առաջարկության հիման վրա:

Ատեստավորման հանձնաժողովների կազմում կարող են ընդգրկվել հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժներ, լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի, Երևանի քաղաքապետարանի կողմից առաջադրման դեպքում՝ համապատասխան վարչական շրջանի կրթության ոլորտի և նախարարության աշխատողները։ Ատեստավորման հանձնաժողովները կազմվում են նախարարի երեք և լիազոր մարմնի երկու ներկայացուցիչներից:

Ատեստավորման հանձնաժողովների նիստերն իրավազոր են, եթե նիստերին մասնակցում է հանձնաժողովի անդամներից առնվազն չորսը: Հանձնաժողովների որոշումներն ընդունվում են անդամների կեսից ավելի կողմ ձայներով: