ԳլխավորԼուր

Եթե ուսուցիչների աշխատավարձը բարձրացվեր, բողոքի ալիք չէր լինի․ Սերոբ Խաչատրյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Որպեսզի ԿԳՄՍ նախարարությունն ավելի արդյունավետ դարձներ նոր չափորոշիչների և դասագրքերի ներդրումը հանրակրթական դպրոցներում, կարող էր նոր ուսումնական տարվա հենց սկզբից՝ սեպտեմբերից բարձրացնել բոլոր ուսուցիչների աշխատավարձը․ նման տեսակետ է հայտնում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։

Usanogh.amն ավելի վաղ հայտնել էր, որ ուսուցիչները բողոքի ակցիա էին իրականացրել ԿԳՄՍ նախարարության դիմաց: Նրանք դեմ են նախարարության նոր չափորոշիչներին․ խոսքը, մասնավորապես, 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների դասագրքերին է վերաբերում։

«Եթե ուսուցիչներին ասվեր՝ հարգելի´ ուսուցիչներ, նոր չափորոշիչներն ու դասագրքերը ձեզնից լրացուցիչ աշխատանք են պահանջելու, ուստի մենք ձեր աշխատավարձերը բարձրացնում ենք, նմանատիպ խնդիրներ չէին առաջանա։ Երբ ԿԳՄՍ նախարարությունը նոր բան է անում, այն պետք է ուղեկցվի նաև նյութական մոտիվացիայով»,-ասում է Սերոբ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ դպրոցներում խնդիր է առաջացել նաև ուսուցիչների աշխատավարձերի միջև առկա տարբերությունների մասով, ինչը ձևավորում է անառողջ մթնոլորտ․

«Բոլոր այս խնդիրները հավաքվեցին, էլեկտրոնային մատյանների թեմայի վրա պայթեցին։ Իսկ էլեկտրոնային մատյանների հետ կապված խնդիրն այն է, որ մեր ուսուցիչները հիմնականում հեռախոսով են աշխատում, իսկ նոր պահանջները հեռախոսով կատարելը բավական դժվար է, շատերը չեն օգտվում համակարգչից, արդյունքում սրա շուրջ բողոքի ալիք բարձրացավ»։

533 հազար դրամ ստացող ուսուցիչ ունենք․ Ժաննա Անդրեասյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը անդրադարձել էր էլեկտրոնային մատյաններ լրացնելու մասով ուսուցիչների դժգոհություններին։ Նախարարը տեղեկացրել էր, որ դրանք հանրակրթության մեջ նորություն չեն, դեռ քովիդի շրջանում էին օգտագործվում․

«Այն, որ դա պիտի արվի, և դա իրենց աշխատանքի մի մասն է, այստեղ որևէ հարց չի կարող լինել»,-ասել էր նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ