ԳլխավորԼուր

Գեղարվեստի և մարզական դպրոցների ուսուցիչները կարող են մինչև 100 000 դրամ հավելավճար ստանալ

«Կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում երաժշտական ու մարզական դպրոցների ուսուցիչները ատեստավորումից հետո կմատուցեն ավելի որակյալ ծառայություններ և կստանան ավելի բարձր աշխատավարձ։ Այսօր Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Կգործի լրավճարի 3 սանդղակ, ատեստավորման արդյունքում 70 -79 տոկոս արդյունք ցուցաբերած անձինք կստանան 60 000 դրամ հավելավճար` առանց հարկերի, 80-89 տոկոս արդյունքի դեպքում` 80 000 դրամ, 90-100 տոկոսի պարագայում` 100 000 դրամ»,– նշեց նախարարը։

Առաջին փուլում ատեստավորման կարող են դիմել դաշնամուրի և երաժշտության տեսության ուսուցիչներն ու ըմբշամարտի, սամբոյի և ձյուդոյի մարզիչները։ Նա չբացառեց, որ այս տարի կլինի նաև երկրորդ փուլ, որը ատեստավորմանը մասնակցելու հնարավորություն կտա նաև մյուս մասնագետներին։

Հիշեցնենք՝ 2021/2022 ուսումնական տարում հանրապետությունում գործել է 174 սպորտային կազմակերպություն:  Սպորտային կազմակերպություններում մարզվել է 42 980 մարզիկ, նրանցից 7516-ը՝ աղջիկներ։