ԳլխավորԼուր

Հայաստանում անցկացված «STARMUS»-ը լավագույնն էր

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սեպտեմբերի 11-ին ամփոփվել է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS VI» փառատոնը, որը միավորել էր աշխարհահռչակ գիտնականներին, տիեզերագնացներին, երաժիշտներին, Նոբելյան մրցանակի դափնեկիրներին։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Փառատոնի համահիմնադիր, պրոֆեսոր Գարիկ Իսրայելյանն էլ նշել է՝ հյուրերից շատերը փաստել են, որ Հայաստանում անցկացված «STARMUS»-ը լավագույնն էր փառատոնի պատմության մեջ: Իսրայելյանը հույս է հայտնել, որ Հայաստանում նմանատիպ փառատոներ ապագայում ևս կանցկացվեն՝ ընդգծելով, որ առանց գիտության և կրթության Հայաստանում ապագա չկա:

Իսրայելյանը նաև տեղեկացրել է, որ պետական մարմինների և «STARMUS»-ի միջև ձևավորվել է լավագույն համագործակցությունը, ինչպես նաև եղել է ուսանողների ակտիվ մասնակցություն ծրագրին:

«STARMUS VI» փառատոնն ավարտվել է «Ալեքսեյ Լեոնով. Տիեզերքը ներսում» ֆիլմի բացառիկ պրեմիերայով։ Ֆիլմը հիմնված է խորհրդային տիեզերագնաց և պատմության մեջ առաջինը բաց տիեզերք դուրս եկած Ալեքսեյ Լեոնովի դստեր՝ Օկսանա Լեոնովայի վերջին հարցազրույցի վրա։ Ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Ցոյը։

Փառատոնի շրջանակում Երևանի Ազատության հրապարակում անցկացվել է նաև եռօրյա գիտական ճամբար, որին մասնակցել են ավելի քան 50 ընկերություններ, և օրական ունեցել են հազարավոր այցելուներ: Ճամբարի շրջանակում ներկայացվել են գիտական նորարարությունները, անցկացվել են դասախոսություններ: Ճամբարն ավարտվել է սեպտեմբերի 11-ին՝ երեկոյան համերգային ծրագրով:

Հայաստանում «STARMUS VI»-ն անցկացվել է «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է եղել Մարսի վրա «Մարս 3» տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ «Մարս 3»-ը դեպի Կարմիր մոլորակ է տեղափոխել 20-րդ դարի հայազգի ականավոր գիտնական, խորհրդային ինժեներ-կոնստրուկտոր, աշխարհում առաջին լուսագնացների և մարսագնացների ստեղծող, ճարտարագետ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (Փրոփ-էմ) ռոբոտը։

Փառատոնի շրջանակում Ալեքսանդր Քեմուրջյանի անունով է անվանակոչվել Երևանի թիվ 170 ավագ դպրոցը: Շրջանառության մեջ է դրվել նաև մեկ նամականիշով գեղաթերթիկ՝ ««Սթարմուս» 6-րդ միջազգային փառատոնը Երևանում» թեմայով: