Ավելի լուրջԳլխավորԽոսք

Ընտրություններ չեն լինի, չընտրություն՝ միգուցե

Անցած շաբաթվա ամենաքննարկված թեմաները լրատվադաշտում կամ խոսակցությունների բոստանում մի քանիսն էին՝ սպանություն երթուղայինում, Ծառուկյան-կրտսերի հարսանիքի մանրամասն տեսանյութեր ու ծախսերի էլի մանրամասն ցանկ, գների աննահանջ աճ, տարօրինակ մուննաթախառն ելույթներ, հարց ու պատասխաններ, հարց ու չպատասխաններ Ազգային ժողով կոչվող 132 տեղանոց դահլիճում, մի թեթեւ հանրահավաք նույն ԱԺ-ի մոտ, արտահերթ ընտրություններ, նախագահի վրաստանյան այց՝ համեմված խնդրահարույց օրենքներ չստորագրելու հաստատակամությամբ։

Մեծ եռանդով լուսաբանվեցին-քննարկվեցին նաեւ մեկի ասած անմտությունը, մյուսի կարծիքը՝ այդ ասածի վերաբերյալ, հետո այն առաջինի կարծիքը՝ իր կարծիքի մասին կարծիք հայտնածի կարծիքի մասին, ու այդպես շարունակ…

Գերիների մասին էլ ենք խոսում։ Մի կողմը՝ խոստումների, մի կողմը՝ քայլեր ձեռնարկելու պահանջի, մի մասն էլ՝ անելանելիությունից կծկված հուսահատ պոռթկումների տեսքով։

Զոհերի մասին անցած շաբաթ սկսեցինք խոսել պլյուս-մինուս 50-ով, ապշեցինք՝ հոտընկայս-չարագուշակ ծափահարություններից՝ անմտորեն չհասկանալով, որ դա լավի համար է, «լավով» ծափեր են, ու ով դեմ է ծափերին՝ փաստորեն դեմ է Հայաստանի աշխարհի բարեկեցությանը, այսինքն՝ նախկին է, այսինքն սև ու փիսն է։

Չմոռացանք խոսել նոր հողեր ծախել-նվիրել-տալու, համաշխարհային հակահայ դավադրության, ձեռքի հետ էլ՝  կորոնավիրուսի ու պատվաստանյութերի  մասին։

Ընդհանուրն այս քաղաքական կոչված կյանքում ոչ պաշտոնական քարոզարշավն է. հունիսի 20-ին շատ չի մնացել, ու բոլորը պետք է հասցնեն համոզել, ապացուցել իրենց անփոխարինելիության, մյուսների՝ դավաճանության մեջ։ Ու այդ ամենը նորաստեղծ գերեզմաններում պարտադիր ծնկելու ու նահատակների անունները շահարկելու, մի անգամ եւս նրանց հաշվին իրենց ճղճիմությունը թաքցնելու փորձերով։

Մոռանում կամ նույնիսկ չենք էլ մտածում, որ եթե հասնենք ընտրատեղամասերին՝ կրկին ընտրելու ենք ոչ թե ամենալավ քարոզիչին, այլ ուղղակի չենք ընտրելու նրանց, որոնք հերթական կամ առանց հերթի խաբել են մեզ՝ հպարտ կամ կապիտուլյանտ, վնգստացող կամ պոպուլիստ, նախկինապաշտ կամ ներկայամոլ մարդկանց։ Այսինքն առաջնորդ էլիտա չունենալու ու ապագայի մասին չհիշելու պատճառով կրկին չընտրություններ են սպասվում հայոց աշխարհից ամեն օր նվազող մեր այս հողակտորում, որը ում համար հայրենիք է, ում համար՝ հարմար վաճառակետ ու օբյեկտ սարքելու տեղ։

ԱՐԾՐՈՒՆ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ

Comment here