ԳլխավորՄի կտոր գիրք

«Ընկերներ». Ալեքսանդր Շիրվանզադե

Հայ գրող Ալեքսանդր Շիրվանզադեի (Ալեքսանդր Մինասի Մովսիսյան, 18.04.1859-07.08.1935) ծննդյան օրվա առթիվ ներկայացնում ենք հատված նրա «Ընկերներ» պատմվածքից։ Հատվածը վերցված է eanc.net կայքից։

Առաջին տեսարան

— Այդպես, ուրեմն, դու ամուսնանում ես իմ քրոջ աղջկա հետ, հարսանիքիդ օրն արդեն որոշված է, բնակարանդ կահավորված է և հարսնացուիդ օժիտը պատրաստ է: Մի երկու շաբաթ ևս, և դու Մարկոսյանի փեսան ես: Հիանալի է, խելացի և, որ գլխավորն է, խիստ գործնական է: Էյ, սպասավոր, բեր այստեղ մի շիշ շամպայն, ես այսօր պիտի մի քիչ քեֆ անեմ:

Սպասավորը հայտնվեց, չքացավ, նորեն երևաց մի ձեռում անձեռոցիկի մեջ փաթաթված շիշը, մյուսում՝ երկու դատարկ գավաթներ:

Նրանք նստած էին քաղաքի առաջնակարգ ճաշարանի առանձին սենյակներից մեկում, որ կահավորված էր փափուկ թավշյա գահավորակով ու բազկաթոռներով: Սպասավորին խստիվ պատվիրված էր ոչ ոքի չթողնել այդտեղ և ամեն անգամ ներս գալիս ու դուրս գալիս դռները ծածկել:

Երկու նախկին ուսանողական ընկերներ էին և ներկա բարեկամներ: Երկուսն էլ քաղաքում հայտնի անհատներ էին. Նազիմյանը որպես խելոք փաստաբան, Մերսիմյանը որպես եռանդուն ինժեներ-ձեռնարկող և ազգական հայտնի միլիոնատերի՝ Մարկոսյանի:

Արտաքինով նրանք հակատիպարներ էին, Նազիմյանը նիհար էր, բարեկազմ, դեմքի նուրբ և փոքր-ինչ կանացի գծերով, բարձր պարանոցով և կանոնավոր ձևավորված գլխով, Մերսիմյանը գեր էր, թուխ երեսով, կարճ պարանոցով, տափակ ծոծրակով, տափակ ճակատով, փոքրիկ, խորամանկ աչքերով:

— Եվ ի՞նչ ընտրություն, — շարունակեց Մերսիմյանը, գավաթները լեցնելով փրփրուն ըմպելիքով, — ամենափառավոր: Հասկանալի է, թե ինչու այնպես եռանդով հետամուտ էիր այդ աղջկան: Դա մի ամբողջ հեքիաթ է, ժամանակակից հեքիաթ, ոսկե խնձորներով: Ես ծանոթացրի քեզ նրա հետ, ես գովեցի, ես փառաբանեցի քեզ նրա ծնողների մոտ, ես նրանց համոզեցի ընդունել քո առաջարկը: Մի խոսքով, ես կատարեցի պատվավոր միջնորդի պաշտոնը հանուն մեր ընկերության: Քանի՛-քանի երիտասարդներ էին ընկած օրիորդ Հելենայի հետևից և քանի-քանիսին է նա մերժել: Իհարկե, հիվանդ հայր, միամիտ մայր, ոչ մի եղբայր, միակ ժառանգը ահագին հարստության: Սքանչելի է, կեցցես, բարեկամս, ճարպիկ ես, վկա է աստված, որ ավելի հաջող որս չէիր կարող գտնել ամբողջ քաղաքում:

— Ինչո՞ւ ես այդ ասում, — ընդհատեց Նազիմյանը իր բարեկամի խոսքը, — մի՞թե չգիտես, որ ես օրիորդ Մարկոսյանի հարստությամբ չեմ հրապուրվել, այլ..:

— Սո՛ւսս, գիտեմ, շատ լավ գիտեմ: Դու սիրահարված ես աղջկա վրա: Քեզ համար ի՞նչ արժեք ունեն նրա հոր հինգ հոյակապ տները քաղաքի կենտրոնում, երկու շոգենավերը ծովի երեսին, դեռ չշահագործվող նավթահողերը քյամանի ալում և Սուրախանիում, գեղեցիկ ձիերը, փայլուն կառքերը, ոսկին, արծաթը, ադամանդները: Դու սիրահարված ես, խեղճ պատանի: Դու չգիտես ինչ ասել է հինգ միլիոնի ժառանգություն կամ, ճիշտն ասած, գիտես և արհամարհում ես հա՛, հա՛, հա՛: Քո հոգին քեզ չի մղում դեպի շքեղ թալեր, երեկույթներ, ճանապարհորդություն դեպի Եվրոպա, դեպի թանկագին կուրորտներ: Դու սիրահարված ես ինչպես տասնուհինգ տարեկան գիմնազիստ, դու պատրաստ ես այսօր ևեթ սիրույդ առարկայի հետ հեռանալ աշխարհի բոլոր վայրերը և ապրել շինական իդիլիայով: Դու սիրահարված ես, հա՛, հա՛, հա՛ …

— Մերսիմյան, — ասաց Նազիմյանը, նայելով ընկերոջ խորամանկ աչքերին, որոնց մեջ նկատում էր մի նենգ դիտավորություն, — ի՞նչ է նշանակում այդ կոմեդիան, ի՞նչ ես ուզում ասել:

— Համբերիր, կիմանաս: Էյ, սպասավոր, բեր դարձյալ մի շիշ և անանաս, շուտ:

— Ես այլևս չեմ խմելու:

— Կխմես, պետք է խմես, ես զուր չեմ բերել քեզ այստեղ: Գործ ունեմ, շատ կարևոր գործ: Դու զարմանո՞ւմ ես, աչքերդ հառում ես երեսիս: է՛յ, սպասավոր, թող անանասը, ես ինքս կկճպեմ ու կկտրեմ, դե, կորիր: Այդպես: Այժմ ոչ ոք մեզ չի խանգարիլ անկեղծ լինելու: Գոնե մի օր, մի ժամ, կես ժամ: Տասներկու տարվա ընկերներ ու բարեկամներ ենք, սատանան տանի, մի՞թե չպիտի գեթ մի անգամ նայենք միմյանց հոգու խորքը: Լսիր Արշակ, որովհետև խնդիրը շատ լուրջ է, ուրեմն իրավունք կտաս ինձ մի փոքր հեռվից սկսել: Ձգենք նախ և առաջ մի թեթև հայացք մեր անցյալի վրա:

Անձեռոցիկով սրբելով իր հաստլիկ հյութալի շրթունքները, Մերսիմյանը արմունկները հենեց սեղանի եզրին և շարունակեց: Նա հիշեց ուսանողական օրերը, հիշեց ինը ռուբլիանոց սենյակները և երեսուն կոպեկանոց ճաշերը մայրաքաղաքի էժանագին կերակրատներում, որոնք «ընտանեկան սեղանատուն» անվան տակ են մտնում, որպեսզի ավելի դյուրին փչացնեն չքավոր ուսանողների ստամոքսը: Հիշեց ընկերական ժողովները, «ազատամիտների» և «սոցիալ-դեմոկրատների» պայքարը: Նրանք ազատամիտներից էին: Նա չմոռացավ հիշել և երիտասարդ աղախինների գիշերային ղազանի այցերը, կար անող կանանց չքավոր կացարանները հինգհարկանի տների կտուրների տակ և կիսաթառամ տանտիրուհիների խանդավառ արցունքները հրաժեշտի պահերին:

— Այո, քաղցր են ուսանողական կյանքի հուշերը, — գոչեց Նազիմյանը, որի վրա մի քիչ ազդել էր շամպայնի երրորդ գավաթը:

— Քաղցր են, — կրկնեց Մերսիմյանը կծու հեգնությամբ, — ո՛չ, բարեկամ, դու կեղծում ես: Դու սարսափով կամ զզվանքով ես մտաբերում այն չորսուկես տարիները, որ անցուցել ես կես-քաղցած ու կես-կուշտ փորով: Ախ շատ անգամ է մեր ինքնասիրությունը խոցոտվել հարուստ ընկերների շրջանում, մինչդեռ երկուսս էլ հոգով ու մտքով մղվել ենք հենց այդ շրջանը: Դու քո չինովնիկ հորից ստանում էիր ամսական երեսուն ռուբլի, ես իմ միլիոնատեր փեսայից՝ ոչ ավելի: Աղքատ լինելով, երկուսս էլ ատում էինք աղքատությունը չքավորի բոլոր անզոր ատելությամբ, որովհետև միշտ երազում էինք մայրաքաղաքյան կյանքի խելառ հաճույքների մասին: Եվ միշտ ստիպված էինք սանձահարել մեր ախորժակը դառն մտատանջությունների և կծու հառաչանքների գնով: Երևակայությամբ գեղասեր — հազիվ ամիսը երկու անգամ գնում էինք մեծ թատրոնների վերնահարկը, ուսկից բեմն երևում է շախմատի տախտակի, իսկ դերասանները՝ նրա ֆիգուրների չափ: Եվ ինչու թաքցնել, այդ բարձրությունը մեզ շատ անգամ ավելի է վշտացրել, քան մարդկային հոգու ցածությունը:

Որքա՞ն ջանք են գործ դրել իրենց մունդիրի կոճակների վրա ժանգ և կոշիկների վրա կարկատան չտեսնելու համար, որքա՞ն աշխատել են վերարկվի մաշված օձիքները հարուստների մոտ թաքցնելու համար: Եվ կոճակները մաքրելով՝ անգիտակցաբար նրանց ժանգը փոխադրել են իրանց հոգու վրա, ուր հետզհետե զորանում էր մի անտանելի զգացում — աղքատի տանջող նախանձը դեպի հարուստը: Ճշմարիտ է, նրանք կարողացել են ուրիշներից թաքցնել այդ զգացումը, որպեսզի չտեսնեն չքավորների ամբարտավան արհամարհանքը և հարուստների վիրավորական կարեկցությունը, բայց որպիսի հոգեկան տանջանքներով:

— Այդ հարցում դու ինձանից ավելի խելոք և ավելի տակտով էիր — շարունակեց Մերսիմյանը, դանակի ծայրից ընկերոջ գավաթի մեջ բաց թողնելով անանասի շերտը: — Խառնիր գդալով և շամպայնը նորից կփրփրե: Այո, ավելի խելոք և ավելի տակտով: Դու այժմ էլ այդպես ես: Ինչ եմ ասում, դու ինձ շատ ես հետ թողել խելքով: Ա, դու ծիծաղում ես համեստությամբ: Բայց լսիր, ես ուզում եմ մի թեթև համեմատություն անել քո և իմ միջև: Ուզում եմ, վերջապես, գիտենալ ինչ արտաքին տարբերություն կա երկու համանման գարշելիների մեջ:

— Գարշելինե՛ր, — գոչեց Նազիմյանը զարմացած, — այդ ի՞նչ լեզվով ես խոսում:

— Խնդրեմ, խնդրեմ, մի խանգարիր: Դու գիտես դուր գալ ամենքին հավասարապես, իսկ ես մի բարեկամ ձեռք բերելիս երկուսը կորցնում եմ: Ես թշնամուս տեսնելիս կատաղում եմ, դու ժպտում ես: Ախ, ոչ ոք ընդունակ չէ քեզ պես գրավիչ ժպտալ, նաև վայելուչ տխրել: Երբ հարկավոր է՝ ուրախ սեղանակից ես, երբ անհրաժեշտ է՝ մտախոհ ու մռայլ Համլետ: Դու նրբակազմ ես, սահուն շարժումներով ու ձևերով, ես կոպիտ եմ, անտաշ: Քո ձայնն անուշ ու շոյիչ է: Իմը անդուրեկան, բիրտ: Քո գունատ դեմքի արտահայտությունը հեզ է, և այդ է, որ քեզ շատերի աչքում դարձրել է գրեթե անմեղ հրեշտակ, իսկ ինձ համարում են արջ, և միանգամայն արդարացի: Դու ոչ ոքի անհատական համոզումը չես վիրավորում կամ նսեմացնում, իսկ ես վիրավորում եմ, և ինձ ատում են: Դու երբեք վիճաբանության միջոցին կոպիտ, բառեր չես արտասանում, իսկ ես դիպչում եմ իմ հակառակորդի անձնավորությանը, մանավանդ երբ նրա ռեխն ինձ դուր չի գալիս: Դու քո հերքումները միշտ դնում ես անուշ հնչող բառերի մեջ և դարձնում նրանց ընդունելի, ես չեմ կարողանում: Ինչո՞ւ թաքցնեմ, շատ անգամ ուզում եմ և չեմ կարողանում: Դու եթե կամենաս, կարող ես թույնը թաթխել մեղրի մեջ և դնել թշնամուդ բերանը, դեմքիդ վրա խաղացնելով առաջնակարգ կոկետուհու քաղցր ժպիտը, իսկ ես…

— Չեմ հասկանում, այդ ի՞նչ անալիզ է, — ընդհատեց վերջապես Նազիմյանը, որ քանի գնում, այնքան ավելի զարմանում էր ընկերոջ տարօրինակ տրամադրության վրա: — Դու ինձ հրավիրեցիր ճաշի, ասելով, թե ինչ որ կարևոր գործ ունես, և սկսել ես մի անհասկանալի հեքիաթ: ինձ թվում է, որ դու արդեն հարբել ես…

— Ահ, կատարելապես ճիշտ է, ես հարբել եմ, էրգո, կարող եմ ճշմարտությունն ասել առանց քաշվելու: Սպասիր, իսկույն կդառնամ էականին: Թույլ տուր մի քիչ էլ շարունակել իմ անալիզը: Դու գիտես հաշտեցնել ծայրերը, հարթել անկյունները, միացնել գույները և ստեղծել ներդաշնակություն այնտեղ, ուր շիտակ մարդիկ միայն տգեղություն են տեսնում: Ամենակատաղի հակառակորդների մեջ անգամ գտնում ես հայացքների ընդհանուր կետ և այդ կետի վրա հարկադրում ես նրանց իրարու երեսին ժպտալ, ձեռը սեղմել: Էհ, այժմ թողնում եմ ինձ մի կողմ, իմ ձեռով դրոշմելով իմ ճակատին գարշելի ածականը, և դառնում եմ միայն քեզ, որտվհետև կարևորը դու ես և ո՛չ ես: Դու հասարակության մեջ խոսում ես հանդարտ, անվրդով, ստեպ-ստեպ, նայելով խելոք մարդկանց երեսին ակնածու հայացքով, մի հայացք, որ արտահայտում է. «Ներեցեք, եթե ես, սխալվում եմ», և ոչ ոք չի ասում, թե դու սխալվում ես, որովհետև երբեք վիճելի ճշմարտություններ չես ասում, որովհետև քո բոլոր ասածները հին աքսիոմաներ են: Յուրաքանչյուրը մի ազդեցիկ բառի համար դու ունես ձեռների չափած կցած շարժումներ և դեմքի պատրաստի արտահայտություններ: Բառերը շեշտում ես գեղեցիկ, միշտ աչքերիդ մեջ պահելով սովորական հեզությունը:

Օհ, այդ սոսկալի հեզությունը, նա ավելի դաժան է, քան ինքը դաժանությունը: Այն է քո ամենասուր զենքը կյանքի: Այն է, որ քեզ հանրության աչքում դարձնում է համակրելի: Այս, ամենքը, ամենքը, թե հարուստ և թե աղքատ, թե կին և թե տղամարդ. ընկերներդ, ծանոթներդ կլիենտներդ քեզ համարում են համակրելիք. «Համակրելի Նազիմյանը, հոգյակ Նազիմյանը»: Ոմանք քեզ մինչև անգամ «Հիսուսիկ» անունն են տվել, սրբապղծելով մեծագույն վարդապետի անունը: Նազիմյան, դու մի կատարյալ տիպ ես, Նազիմյան, տիպ: Ահ՛, ցավում եմ, որ ես մի մեծ վիպասան չեմ, ինչպես քեզ կանմահացնեի իմ գրչով: Դու տիպ ես հավիտենական, եղել ես, կաս և լինելու ես միշտ աշխարհի բոլոր կողմերում և ինչ պայմաններում ևս լինես: Ոչ մի քաղաքական, կրոնական կամ օրենսդրական կանոններ քեզ չեն կարող փոխել: Կփոխվի քո հագուստը, բայց հոգիդ, էությունդ կմնա, վասնզի անմահ ես, ո՛վ ազրահիլի ծնունդ…

—Դեհ, բավական է, հարկավոր է վերջ տալ շաղակրատությանդ, — ասաց Նազիմյանը, մատը սեղմելով էլեկտրական զանգակի կոճակին:

— Սպասիր, — գոչեց Մերսիմյանը Նազիմյանի ձեռը կոճակից հեռացնելով, — ես իսկույն, իսկույն կավարտեմ: Մինչև այժմ ես եղել եմ քո արժանավորությունների գլխավոր երկրպագուն, քո մտերիմը, պաշտպանը, հավատարիմ ընկերը: Իսկ այժմ… Այժմ ուզում եմ մի լավ նայել այդ հեզ աչքերին և տեսնել նրանց հատակում թաքնվածը…

Նա աթոռն ավելի մոտեցրեց սեղանին, գլուխն առաջ ձգեց և իսկապես սկսեց խոր երկարատև հայացքով նայել Նազիմյանի աչքերին: Մի ինչ-որ բոլորովին անսովոր, երկյուղալի, նույնիսկ թշնամական քայլ կար այդ համառ նայվածքի մեջ: Նազիմյանը փորձեց ժպտալ, չկարողացավ, թեթևակի ցնցվեց և թիկն տալով աթոռի մեջքին, նայեց առաստաղին.

— Աա, տեսնում եմ, որ դու արդեն կամաց-կամաց հասկանում ես, թե ինչու համար եմ քեզ այստեղ հրավիրել, — արտասանեց Մերսիմյանը կծու հեգնանքով, որ նույնպես տարօրինակ էր Նազիմյանի համար: — Ես խաբված չեմ եղել, ու ես միշտ մտածել եմ, որ այդ գեղեցիկ տերևների տակ աղբ է թաքնված, բայց լռել եմ ու բարեկամությունս շարունակել: Ինչո՞ւ: Որովհետև որքան ևս դու գարշելի չինեիր, ուրիշներից վատ չէիր այդ անիծյալ Սոդոմում: Դու գոնե խելք ունեիր, գիտեիր ամենաեղկելի արարքներիդ վայելուչ ձև տալ: Իսկ այժմ… Այժմ տեսնում եմ, որ դու… օձ… օձ…

— Մերսիմյան, — գոչեց Նազիմյանը արդեն զայրացած, — չեմ կարծում, որ գինին այդքան ազդած լինի քեզ վրա… դու խելագարվել ես…

— Օձ… Ես քեզ թույլ չեմ տալ բան դնելու այդ միամիտ ընտանիքում, թույլ չեմ տալ անբախտացնել իմ քրոջ աղջկան…

— Ի՞նչ ես ուզում ասել, բացատրիր վերջապես…

Մերսիմյանը ձեռը տարավ ծոցի գրպանը, դուրս բերեց այնտեղից մի ճխլված նամակ, բաց արավ և դրեց ընկերոջ առջև:

— Ահա, կարդա և կիմանաս:

Նազիմյանը նայեց նամակի վերնագրին, ստորագրին և շրթունքները կրծեց: Մի քանի վայրկյան նա դիտում էր ընկերոջ դեմքը:

— Ճանաչեցի՛ր: Այժմ ասա, ի՞նչ երեսով ես դու ուզում ամուսնանալ իմ քրոջ աղջկա հետ: Սպասի՛ր, մի՛ շարժվիր տեղիցդ: Դու այս սենյակից դուրս չպիտի գաս, մինչև որ խնդիրը պարզվի և վճռվի:

— Այդ նամակը ինչպե՞ս է քո ձեռն ընկել:

— Շատ հասարակ ձևով, փոստն ամենքի տրամադրության տակն է, կարդա, և բոլորը կիմանաս:

Նազիմյանը դողում էր, զուր աշխատելով իշխել իրան: Նա շտապով աչքի անցկացրեց նամակը, որ գրված էր ծանոթ կանացի ձեռքով և ծանոթ ուղղագրական սխալներով փոստային թղթի ամբողջ չորս երեսների վրա:

— Դու գնացե՞լ ես նրա մոտ, — հարցրեց նա, նամակը վերադարձնելով:

— Մի՞թե կարող էի չգնալ այդ տեսակ աղերսալի տողերից հետո: Լսի՛ր, ես կպատմեմ բոլորը: Մեկ էլ օրն երեկոյան, այս նամակն ստանալով, սկզբում կարծեցի թե դա մի շանտաժ է քո դեմ: Մեկն այն սովորական շանտաժներից, որոնց զոհ են դառնում երբեմն անցյալ ունեցող տղամարդիկ իրանց հարսանիքի շեմքում: Բայց աղերսն այնքան անկեղծ էր հնչում, որ ես չէի կարող չտեսնվել այդ անբախտ աղջկա հետ: Երեկ առավոտյան տասը ժամին գնացի նրա կացարանը: Այդ մի համեստ կահավորված մաքուր սենյակ էր մի մեծ տան գավթի ծայրում: Դռների առջև ինձ դիմավորեց մի գեղեցիկ և երիտասարդ կին սև հագնված: Նա հուզված ձայնով արտասանեց իմ ազգանունը և շտապեց շնորհակալություն հայտնել, որ անուշադիր չէի թողել իր նամակը: Ես նայեցի նրան և իսկույն զգացի, որ իմ առջև կանգնած էր մեր կեղտոտ կրքերի զոհերից մեկը: Բայց ի՞նչ զոհ: Արդարև, քո ճաշակը նուրբ է: Նա գեղեցիկ է, թարմ և զարմանալի չէ, որ նրա գրկում դու մոռացել ես սովորական զգաստությունդ…

Այստեղ Նազիմյանը թեթևակի ցնցվեց, ապա սկսեց սուր հայացքով նայել ընկերոջ երեսին:

— Նա պատմեց բոլորը առանց հառաջաբանի, — շարունակեց Մերսիմյանը, բնավ չշփոթվելով Նազիմյանի հայացքից: — Նա չէր արտասվում, բայց հուզմունքից խեղդվում էր: Նրա դողդոջուն ձայնն իր անկեղծ շեշտով ազդում էր ինձ վրա հակառակ իմ ջանքի — լինել սառը, ինչպես վայել էր հավատարիմ ընկերոջը: Նա ցույց տվեց ինձ իր վեցամսյա երեխային և հարցրեց արդյոք չե՞մ տեսնում նմանություն նրա և քո դեմքերի մեջ…

— Ես երեխա չունեմ, իմը չէ, արտասանեց Նազիմյանը դրականապես և դարձյալ նայեց ընկերոջ երեսին զննող հայացքով:

— Մի՛ ստիր, — գրգռվեց Մերսիմյանը, — նա ունի անհերքելի փաստեր: Դու, իհարկե զգույշ մարդ ես, բայց на всякого мудреца довольно простоты: Նա ցույց տվեց ինձ քո նամակը Թիֆլիսից գրված: Երբ առաջին անգամ իր կրծքի տակ զգում է անսովոր բաբախումը, սարսափում է և շտապում է քեզ հայտնել: Այն ժամանակ դու Թիֆլիսումն ես լինում դատաստանական գործերով: Դու նրան խորհուրդ ես տալիս դիմել մանկաբարձուհիների օգնության՝ «խայտառակության» առաջն առնելու համար: Ինչպես մի անփորձ էակ, նա չի կարողանում գտնել խիղճը վաճառող մանկաբարձուհի և ամաչում է երկար փնտրել: Նա ստիպվում է թողնել ծնողների տունն ու հեռանալ: Թիֆլիսից վերադառնալով՝ դու նրա համար վարձում ես առանձին բնակարան: Քեզանից ոչ ոք հաշիվ չի պահանջում… Անպիտան, ասա ինձ պարզ, ի՞նչ ես մտադիր անել այդ անբախտի վերաբերմամբ…

— Այն, ինչ որ ընդունված է անել այդպիսի դեպքերում, — պատասխանեց Նազիմյանը, որ արդեն բավական իշխել էր իրան:

— Այսինքն՝ բաժանվե՞լ…

— Այդ մի սովորական պատմություն է:

— Թողնել հարազատ զավակիդ ճակատագրի հաճույքի՞ն:

— Ես կապահովեմ նրան նյութապես:

— Սիրուհուդ կապահովես կնոջդ փողերո՞վ, — գոչեց Մերսիմյանը, ձեռը զարկելով սեղանին, — ես չեմ թողնիլ, որ իմ քրոջ աղջիկը մինչև այդ աստիճան խաբվի:

— Ուրեմն, ի՞նչ ես պահանջում ինձնից:

— Պահանջում եմ, որ այսօր ևեթ հրաժարվես իմ քրոջ աղջկանից: Նա չի կարող իր անկողինը բաժանել քո սիրուհու հետ:

— Բայց ես ասացի, որ սիրուհուս կթողնեմ և արդեն թողել եմ: Նա ինձ խանգարել չի կարող:

— Նա քեզ կխանգարի, որովհետև սիրում է քեզ, չնայելով քո ստոր վարմունքին:

— Նա ի՞նքն ասաց այդ:

— Այո, ինքը, — պատասխանեց Մերսիմյանը առանց տատանման:

— Դու ստում ես, Մերսիմյան:

— Ոչ մի դրամական ապահովություն չի կարող նրան ստիպել հաշտվել իր վշտի հետ, նա ունի վրիժառության զգացում դեպի քեզ: Բայց ինչո՞ւ ես հարցնում ինձ, այս բոլորը նա երեկ երեկո ինքն է քեզ ասել քո բնակարանում:

— Ահ… դու այդ էլ գիտես:

— Այո, ինձ հայտնի են բոլոր մանրամասնությունները: Այսպես թե այնպես, դու առանց սկանդալի չես ազատվի նրանից: Իսկ ես չեմ ուզում, որ իմ քրոջ աղջկա անունն այս կամ այն կերպ կապվի այդ սկանդալի հեա: Հասկանում ես: Դու պետք է հրաժարվես հարսնացվիցդ:

— Իմ հրաժարվելը ինքնըստինքյան կդառնա մի սկանդալ քրոջդ աղջկա համար: Չեմ կարծում, որ նրա համար դուրեկան լինի «մերժված»-ի համբավը:

— Այդ մասին դու կարող ես չմտածել: Դու կկատարես բոլորը՝ ինչ որ քեզնից պահանջեմ:

— Ա՞յն է, — հարցրեց Նազիմյանը մի տեսակ դիվային շեշտով:

— Առաջինը, կխոստանաս ինձ ամեն տեղ ասել, թե հարսնացուդ ինքն է քեզ մերժել, հնարելով այնպիսի պատճառներ, որոնք մազի չափ չդիպչեն նրա պատվին: Դու խորամանկ ես, կարող ես հնարել: Երկրորդ, հենց այժմ ևեթ կգրես Հելենային մի սիրահարական նամակ, ուր կնկարագրես նրա բոլոր արժանավորությունները: Դու կաղերսես, որ նա համաձայնվի քո ամուսինը դառնալու: Հասկանո՞ւմ ես:

Այդ նամակը կմնա իմ ձեռքում որպես փաստաթուղթ այն հավանական դեպքի համար, երբ մի ուրիշ հարսնացու գրավելու ցանկությամբ կփորձես իմ քրոջ աղջկա վարկը գցել: Այս բոլորի մասին ես մտածել եմ, որոշել և պահանջում եմ, որ կատարես: Էյ, սպասավոր:

— Ի՞նչ ես կամենում:

— Թուղթ և գրիչ:

— Ավելորդ է: Դու երեխա չես, թող այդ հիմարությունները: Այդ տեսակ տխմար պահանջներ կատարելու չափ ես երեխա չեմ:

եվ դառնալով սպասավորին, որ ներս էր վազել Մերսիմյանի կոչին, հրամայեց:

— Բեր հաշիվը:

— Հաշիվը կվճարի նա՛, ով քեզ ճաշի է հրավիրել: Սպասավոր, բեր թուղթ և թանաք:

Սպասավորը անհետացավ:

— Բարեկամ, — ասաց Նազիմյանը այս անգամ միանգամայն մեղմ եղանակով, — այդ կոմեդիան ոչ քեզ է վայելում, ոչ ինձ: Եթե դու ընկեր ես, օգնիր ինձ այս կնոջից ազատվելու հանուն քո քրոջ դստեր բախտավորության:

— Իմ նպատակը հենց իմ քրոջ աղջկա բախտավորությանն է, ահա թուղթ ու թանաք, գրիր, ինչ որ կթելադրեմ։

— Ուրեմն դու կատակ չե՞ս անում:

— Գրի՛ր:

Նազիմյանը ոտքի կանգնեց:

— Ցտեսություն, — ասաց նա, — երբ գինուց կարթնանաս, կխոսենք:

— Ուրեմն, դու ուզում ես, որ ամեն ինչ ես անեմ: Շատ լավ. այսօր իսկ Հելենան կիմանա քո պատմությունն այդ կնոջ հետ:

— Դու այդ չես անիլ:

— Կանեմ, երդվում եմ ինչով կամենաս:

— Բայց գիտե՞ս, արդյոք ինչպես է վերաբերվում ինձ քո քրոջ աղջիկը, — ասաց Նազիմյանը, վերից վար մի խոր հեգնական հայացք ձգելով Մերսիմյանի անտաշ մարմնի վրա:

— Նա քեզ համարում է ազնիվ ու մաքուր մարդ, բայց իմ խոսքին կհավատա, որովհետև գիտե, որ շահ չունեմ քեզ զրպարտելու և, վերջապես, ձեռիս փաստ կա:

— Ես այդ չէի ուզում ասել:

— Ահ, գիտեմ, նա սիրահարված է քեզ վրա, հարվածը նրա համար կլինի ծանր, բայց ոչինչ, ժամանակը կբուժե վերքը: Հելենան այնքան հիմար չէ, որ չհասկանա, թե չի կարելի սիրել մի մարդու, որ իր հարազատ զավակին փողոց է նետում…

Տիրեց մի քանի վայրկյան լռություն:

Նազիմյանը, ձեռը ճակատին սեղմած, խորհում էր: Մերսիմյանը վարից վեր նայում էր նրա կանոնավոր կազմվածքին, գեղեցիկ գլխին և արիստոկրատիկ ձեռներին: Նա միշտ հոգու խորքում նախանձել էր այդ մարդուն, որ այնքան դուր էր գալիս կանանց:

— Նստի՛ր և գրիր, — կրկնեց նա միանգամ ևս:

— Գիտես ի՞նչ, սիրելիս, — ասաց վերջապես Նազիմյանը, մի ձեռը հենելով սեղանի եզրին, — ինչպես տեսնում եմ, այժմ քեզ հետ պիտի խոսել ուրիշ լեզվով: Լսիր, ես վճռել եմ ամուսնանալ օրիորդ Մարկոսյանի հետ և ամուսնանալու եմ անպատճառ, ինչ էլ լինի: Այս մեկ: Երկրորդ, երեկվանից իմ ապագա աները ինձ մտցրել է իր գործերի մեջ: Թող հայտնի լինի քեզ, որ այսուհետև ես ոչ միայն Մարկոսյանի ընտանիքի անդամ եմ, այլև լիազոր հավատարմատար:

— Դո՞ւ, — գոչեց Մերսիմյանը այլայլված:

— Այո, ես:

— Հավատարմագիր ունե՞ս:

Նազիմյանը դուրս բերեց գրպանից մի մեծ թերթ, բաց արավ և գրեց Մերսիմյանի առջև:

— Ինչ ես ուզում ասել դրանով, — հարցրեց Մերսիմյանը:

— Այն, որ մենք միմյանց շատ լավ ենք ճանաչում և չենք կարող իրարու խաբել: Այսօր ես Մարկոսյանի երկաթե պահարանում գտա քո ստորագրությամբ ոչ ավելի ոչ պակաս տասնումեկ մուրհակ: Այդ մուրհակներից մեկի ժամկետը լրանում է վաղը չէ մյուս օրը, մյուսինը — հինգ օրից հետո…

— Գիտեմ, լրանում է, բայց քեզ ինչ:

— Ես Մարկոսյանի լիազոր հավատարմատարն եմ: Մերսիմյան, դու կարող ես գնալ իմ հարսնացուին իմ մասին պատմել ինչ որ քեֆդ է, բայց լարել նրան իմ դեմ չես կարող: Գալով նրա հորը, այդ մենք կփորձենք, ծերունին մեզնից որին է հավատում, քեզ թե ինձ: Իսկ այժմ լսիր, դու քո բոլոր մուրհակները պետք է մինչև վերջին կոպեկը վճարես: Հետևաբար վաղը չէ մյուս օրը 12 ժամին ես քեզ կսպասեմ գրասենյակում: Դու կբերես հինգ հազար ռուբլի և մուրհակդ հետ կստանաս: Դեհ: Շամպայնի փողը ես կվճարեմ:

Նա քայլերն ուղղեց դեպի դռները և դուրս գնաց:

Ոտքի թռնելով, Մերսիմյանը մնաց տեղն ու տեղը անշարժ: Հինգ հազար ռուբլի: Ինչպե՞ս, որտեղի՞ց: Նրա դրամարկղում կա ընդամենը երեք հարյուր ռուբլի… և ոչ ոքից ստանալիք կամ հույս ստանալու:

Ամբողջությամբ՝ այստեղ։

Նկարը՝ Եղիշե Թադեւոսյանի, 1929 թ.

Տես նաև «Պատվի համար»

Comment here