ԳլխավորՄի կտոր գիրք

Չսիրված սեր. Հովիկ Աֆյան

Մրսում ես ոչ թե ձմռանը, այլ չսիրելուց: Մանավանդ, երբ զարթնում ես մեկի կողքին, որի վրայից անտանելի հոտ է գալիս: Միշտ է եկել, հաճախ է եկել, բայց նոր ես զգում: Բացում ես աչքերդ ու ուզում ես փակել: Ցրտից:

Շոգ է: Հունվար-փետրվարյան շոգ: Սարգիսն ու Վալենտինը մի տեղ խմում են: Գիշերվանից: Անկշտաբար: Սեղանին լիքը ուտելու բան կա: Բոլորն աղի են: Սարգիսն ու Վալենտինը երազ տեսնելու հույս ունեն: Սիրահարության աստվածներն անսեր են: Անսե՜ր աստվածներ…

Ձմեռը հավերժ է թվում: Բոլոր ձմեռներն են այդպես: Երջանկությունը պահ է, տանջանքը՝ հավերժություն: Սերն էլ հավերժ է: Վարկային պատմության պես՝ փորձություններով լի: Պետք է տաս: Վերադարձնես: Մեկ-մեկ չես հիշում: Չհիշելն ու մոռանալը տարբեր բաներ են: Մոռանալը սիրո մահն է: Ոչ միայն սիրո: Չհիշելը թեթեւ խուլիգանություն է՝ ծանր հետեւանքներով: Չես հիշում, որ սիրում ես, բայց չես մոռանում, որ սիրում ես: Դեմքը: Աչքերը: Մազերը: Մարմինը: Շուրթերը մեջն են: Շուրթերը կարեւորը չեն, նույնիսկ համբուրվելիս: Համբուրվում են աչքերով: Դրանք ամենատաքն են՝ սիրելիս էլ, սպանելիս էլ: Մեռնողները չեն փակում աչքերը: Սերն այդ պահին է հաղթում մահին:

Սարգիսն ու Վալենտինը միս են պատվիրում: Արյունոտ: Սովա՜ծ աստվածներ: Սերը միս ու արյուն է: Դժվարամարս: Ամեն մեկը չի կարող ուտել: Բոլորը չէ, որ սիրում են: Չսիրվա՜ծ սեր:

Սերով սուրճ: Դառը: Լուսացել է: Եթե արտույտն ու բուն վաղ առավոտյան զարթուն են, ուրեմն սերը թռչող է: Եթե բուն ներում է արտույտի փակ աչքերը, երբ մթնում է, ուրեմն վաղ առավոտյան բուի փակ աչքերը համբուրողն արտույտն է: Բուն ու արտույտը սիրո թռչուններն են: Իմաստուն-անպաշտպան: Անքուն-շուտ զարթնող: Գիշեր-ցերեկ:

Սարգիսն ու Վալենտինը դուրս եկան: Հաջողություն, ասաց Սարգիսը: Հաջողություն, ասաց Վալենտինը: Սերը հաջողություն է: Բերում: Կորան հեռվում երկուսն էլ: Բայց երկուսն էլ կան: Կապ չունի՝ տեսնում ենք, թե ոչ:

Մատուցողուհին՝ մի կին, որն ամենաշատն ուզում էր վազել փողոցում՝ իր սիրելիի գիրկը, որին չուներ դեռ, հավաքեց աստվածների սեղանը՝ փնթի: Փնթի՜ աստվածներ: Շշեր: Բոլորն էլ դատարկված: Թո՜ւյլ աստվածներ:

Սիրելով խմում են, խմելով չեն սիրում: Նույնիսկ սուրճ: Խմում ես սուրճդ եւ հատում գիշերվա ու ցերեկվա սահմանը: Ապօրինաբար: Սերը սահմանախախտում է, որից հետո կամ բանտարկվում ես, կամ փրկվում:

Շոգ է: Ես չեմ մրսում:

ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

 

Comment here