ԳլխավորՄի կտոր գիրք

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ. «Մեծն Գեթսբին»

Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբին»

Այսօր ամերիկացի գրող Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի (24.09.1896-21.12.1940) ծննդյան օրն է։

Ներկայացնում ենք հատվածներ նրա «Մեծն Գեթսբին» վեպից։

***

Պատանեկությանս տարիներին, երբ ես առավել դյուրընկալ էի, հայրս ինձ մի խորհուրդ տվեց, որը մինչև օրս չեմ մոռացել։ «Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»։

Նա միայն այսքանն ասաց, բայց մենք միշտ անխոս հասկանում էինք միմյանց, և ես գիտեի, որ նա շատ ավելին է մտածում, քան ասածն է։ Հետևաբար, դատողությունների մեջ զուսպ լինելը դարձել է ինձ համար սովորություն, որի շնորհիվ ամենաբարդ խառնվածքի տեր մարդիկ իրենց սրտերն են բացել իմ առաջ, բայց հաճախ այդ սովորությունը ինձ զոհ է դարձրել անուղղելիորեն կպչուն մարդկանց։ Անառողջ ուղեղը անմիջապես որսում է զուսպ լինելու այս հատկությունը և եթե այդ նկատում է առողջ մարդու մոտ, կառչում է դրանից։ Եվ ահա, պատահեց այնպես, որ դեռևս քոլեջում ինձ հանիրավի մեղադրում էին պոլիտիկան լինելու մեջ, որովհետև անհաղորդ և ինքնամփոփ ուսանողներն ինձ մասնակից էին դարձնում իրենց թաքուն վշտերին։ Գաղտնիքներից շատերին տեղեկացել եմ ակամա։ Հաճախ ձևացրել եմ, թե քունս տանում է, զբաղված եմ, կամ՝ անբարյացակամ, կամ էլ փորձել եմ կատակի տալ, երբ որոշակիորեն զգացել եմ, որ հորիզոնում խոստովանություն է գծագրվում, քանզի երիտասարդների մտերմիկ խոստովանությունները, կամ համենայն դեպս դրանց արտահայտւման ձևերը, սովորաբար բանագողության նման մի բան են և որպես օրենք՝ ասելիքն էլ ասում են ոչ լրիվ։

Դատողությունների մեջ զուսպ լինելը անհատնում հույսի գրավական է։ Ես մինչև հիմա էլ փոքր-ինչ վախենում եմ որևէ սխալ թույլ տալ՝ մոռանալու դեպքում այն, ինչ ժամանակին ասում էր հայրս ցուցամոլությամբ, և նույն ցուցամոլությամբ կրկնում եմ ես, այսինքն, որ մարդկանց ի ծնե անհավասար է բաշխված հիմնական բարոյական արժեքներն զգալու կարողությունը։

Եվ ահա, իմ համբերությամբ պարծենալուց հետո, պետք է ընդունեմ, որ համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Մարդու վարքագիծը կարող է տարբեր հիմքեր ունենալ՝ և՛ կարծր ժայռ, և՛ լպրծուն ճահճուտ, բայց գալիս է, մի պահ, երբ ինձ համար այլևս ոչ մի կարևորություն չունի, թե այն ինչի վրա է հիմնված։ Անցյալ աշնան, երբ տուն վերադարձա արևելքից, աշխարհը համազգեստի ու բարոյական զգաստության մեջ տեսնելու ցանկություն ունեի։ Ես ամենևին չէի ուզում արտոնյալի պես շռնդալից մուտք գործել մարդկային սրտի խորքը։ Բացառությունը միայն Գեթսբին էր, որի անունով և կոչվում է այս գիրքը․ Գեթսբին, որ թվում է իր մեջ էր ամփոփում այն ամենը, ինչ ես բացեիբաց արհամարհում եմ։

Եթե մարդու մասին դատելու լինենք ըստ այն բանի, թե նա ինչպես է իրեն դրսևորում, ապա՝ այդ մարդու մեջ հիրավի վեհաշուք մի բան կար, կյանքի բոլոր խոստումներն ընկալելու մի խորին գերզգայնություն, կարծես նա մասն էր այն բարդ սարքերից մեկի, որոնք գրանցում են երկրաշարժերը՝ տասը հազար մղոն հեռավորության վրա։ Արագ արձագանքելու այս հատկությունը բնավ չպետք է նույնացնել տպավորվելու հետ, ինչը ճոռոմ կերպով անվանում են «արտիստական խառնվածք». դա հազվագյուտ մի շնորհ էր հույսի, դա ռոմանտիկ խանդավառություն էր, որպիսին երբեք չեմ տեսել ուրիշ մեկի մեջ և հավանաբար երբեք էլ չեմ տեսնի։ Սակայն Գեթսբին վերջում արդարացրեց իրեն․ ոչ թե նա ինքը, այլ այն, ինչ կախված էր նրա գլխին, այն թունավոր փոշին, որ պարուրել էր նրա երազանքը, ինձ ստիպել էր առժամանակ իսպառ կորցնել հետաքրքրությունս մարդկանց վաղանցիկ տխրությունների և կարճատև ուրախությունների հանդեպ։

***

Երիտասարդ հույն Միքայելիսը, որ խարամի կույտերի մոտ սրճարան ուներ, հետաքննության գլխավոր վկան էր։ Շոգից ուժասպառ նա քնել էր մինչև ժամը հինգը, հետո դուրս եկել ման գալու, մտել գարաժ ու գրասենյակում տեսել հիվանդ, իսկապես հիվանդ Ջորջ Վիլսոնին դողացնելիս, գույնը գցած, իսկ և իսկ իր սեփական մազերի գույնին։ Միքայելիսը խորհուրդ էր տվել նրան անկողին մտնել, բայց Վիլսոնը չէր ցանկացել՝ ասելով, որ շատ գործ կա։ Մինչ հույնը փորձել էր համոզել նրան, վերևում անասելի աղմուկ էր բարձրացել։

― Կնոջս փակել եմ սենյակում,— հանգիստ բացատրեց Վիլսոնը։— Թող մնա այնտեղ մինչև վաղը չէ մյուս օրը, հետո կգնանք այստեղից։

Միքայելիսը ապշեց։ Նրանք չորս տարի հարևան էին եղել, և Վիլսոնը երբեք նման բանի ընդունակ չէր թվացել։ Ընդհանրապես, նա կյանքից հոգնած մարդկանցից էր։ Աշխատանքից ազատ ժամերին նստում էր դռան շեմին ու նայում անցնող-դարձողներին, մեքենաներին։ Երբ որևէ մեկը խոսում էր հետը, ժպտում էր բարեհամբույր, անգույն ժպիտով։ Նա իր գլխի տերը չէր, նա պատկանում էր կնոջը։

Բնականաբար, Միքայելիսը փորձեց իմանալ, թե ինչ էր պատահել, բայց Վիլսոնը ծպտուն անգամ չհանեց, փոխարենը սկսեց տարօրինակ, կասկածելի հայացքներ ձգել հարևանի վրա ու հարցուփորձ անել, թե նա այս կամ այն օրը, այս կամ այն ժամին որտեղ էր եղել և ինչ էր արել։ Միքայելիսն արդեն ինքն իրենից դուրս էր գայիս, երբ տեսավ մի քանի գործավորների, որոնք գնում էին դեպի իր սրճարանը և այդ պատրվակով հեռացավ, որպեսզի քիչ հետո վերադառնա։ Բայց չեկավ։ Հավանաբար մոռացել էր։ Երբ կրկին դուրս եկավ, ժամը յոթն անց էր, և գարաժից տարածվող տիկին Վիլսոնի բարձր, լուտանքներով լի ձայնը հիշեցրեց նրան ցերեկվա խոսակցությունը։

― Խփի՛ր ինձ,— գոռում էր նա։— Գցի՛ր գետնին ու խփի՛ր։ Կեղտոտ, վախկոտի մեկը։

Քիչ անց տիկին Վիլսոնը նետվեց դուրս, թափահարելով ձեռքերն ու բղավելով, և նախքան Վիլսոնը կհասցներ քայլ անել, ամեն ինչ վերջացավ։

«Մահվան մեքենան», ինչպես հետագայում լրագրերը կոչեցին այն, կանգ չառավ, այլ հայտնվեց թանձրացող մթության միջից, մի ակնթարթ երերաց ողբերգական անվճռականությամբ ու անհետացավ հաջորդ ոլորապտույտի ետևում։ Միքայելիսը նույնիսկ նրա գույնը կարգին չտեսավ, բայց առաջին իսկ մոտեցող ոստիկանին ասաց, որ այն բաց կանաչ էր։ Իսկ մյուս մեքենան, որը Նյու Յորք էր գնում, արգելակեց հարյուր յարդ հեռավորության վրա, և վարորդը վազելով ետ եկավ դեպի այն վայրը, ուր գունդուկծիկ եղած չոքել էր կյանքից վայրագորեն հեռացող Միրթլ Վիլսոնը, թանձր արյունը շաղախելով փոշու հետ։

Միքայելիսն ու վարորդը առաջին մոտեցողները եղան, և երբ պատռեցին նրա քրտինքից դեռևս թաց վերնաշապիկը, տեսան, որ ձախ կուրծքը կափարիչի նման կախ էր ընկել և հարկ չկար լսելու սիրտը։ Բերանը լայն բացված էր, անկյուններում՝ պատռված, ասես նա խեղդվել էր իր մեջ կուտակված հսկայական կենսունակության ժայթքումից։

***

Դեյզին առաջին աղջիկն էր «վերնախավից», որին հանդիպել էր Գեթսբին։ Զանազան իրավիճակներում նա խոսել էր բարձր դիրքի մարդկանց հետ, բայց միշտ էլ արանքում ասես անտեսանելի փշալար էր եղել։ Առաջին հայացքից Դեյզին նրան անսահման ցանկալի էր թվացել։ Նա այցելում էր նրանց տուն սկզբում Թեյլոր ճամբարի սպաների հետ, իսկ հետո՝ մենակ։ Նա հիացած էր, երբեք այդպիսի գեղեցիկ տան մեջ չէր եղել։ Բայց ամենազարմանալին, ամենաանսպասելին այն էր, որ Դեյզին ապրում էր այնտեղ իմիջիայլոց, ինչպես Գեթսբին՝ ճամբարի վրանում։

Այդ տանը բացահայտվելու պատրաստ գաղտնիքներ էին թաքնված, ակամա մտածում էիր վերնահարկի ննջարանների մասին, որոնք ավելի գայթակղիչ էին իրենց գեղեցկությամբ ու զովությամբ, քան իր իմացած այլ ննջարանները, մտածում էիր նրա միջանցքներում հորդացող անհոգ զվարճության և այստեղ կատարվող սիրավեպերի մասին, որոնք բորբոսնած չէին, ոչ էլ նարդոսի չորացած ծաղիկների բույրով հագեցած, այլ նոր էին, փթթուն և անբաժան այդ տարվա պսպղուն մեքենաներից ու պարահանդեսներից, որոնց ծաղիկները դեռ չէին թառամել։ Նրան հուզում էր նաև այն հանգամանքը, որ իրենից առաջ շատ ու շատ տղամարդիկ արդեն սիրել էին Դեյզիին, դա բարձրացնում էր նրա գինը իր աչքում։ Ամենուր նա զգում էր նրանց ներկայությունը, օդը զրնգում էր դեռևս չմեռած զգացմունքների արձագանքներից։

Բայց նա գիտեր, որ բախտի բերմամբ էր ընկել այդ տունը։ Ինչքան էլ փառահեղ ապագա սպասելիս լիներ Ջեյ Գեթսբիին, ներկայումս նա առանց անցյալի աղքատ երիտասարդ էր, և ցանկացած պահին նրա զինվորական համազգեստը, որը անտեսանելի թիկնոցի դեր էր կատարում, կարող էր սահել ուսերից։ Այդ պատճառով էլ նա ջանում էր ժամանակ չկորցնել։ Վերցնում էր այն ամենը, ինչ հնարավոր էր՝ գազանաբար, անխղճորեն․ այդպես էլ, հոկտեմբերյան մի խաղաղ գիշեր նա տիրացավ Դեյզիին, իմանալով, որ իրավունք չուներ անգամ մատով դիպչելու։

Նա կարող էր արհամարհել իրեն, որովհետև Դեյզիին գերել էր խաբեությամբ։ Ես չեմ ուզում ասել, որ բարբաջանքներ էր գործի դրել իր երևակայած միլիոնների մասին խոսելիս, բայց գիտակցաբար ներշնչել էր Դեյզիին ապահովության գաղափար, հավատացրել, որ ինքը միևնույն խավին է պատկանում և միանգամայն ի վիճակի է հոգ տանել նրան։ Իրականում նա չուներ այդպիսի միջոցներ, չուներ ետևում կանգնած անվանի ընտանիք, և ցանկացած պահին անդեմ կառավարության քմահաճույքը կարող էր նրան շպրտել աշխարհի մյուս ծայրը։

Սակայն Գեթսբին չարհամարհեց իր անձը, և ամեն ինչ ստացվեց հակառակ իր սպասածի։ Հավանաբար մտադրվել էր վերցնել այն, ինչ կարող էր, ու հեռանալ, բայց պարզվեց, որ իրեն դատապարտել էր ծառայելու սրբությանը։ Նա գիտեր, որ Դեյզին սովորական աղջիկ չէր, բայց չէր պատկերացնում, թե որքան ամեն ինչ կարող էր դժվար լինել վերնախավի աղջկա հետ։ Եվ Դեյզին մշուշվեց-անհետացավ իր հարուստ տան, իր հարուստ բովանդակալից կյանքի մեջ՝ չթողնելով Գեթսբիին ոչինչ, բացի այն զգացումից, որ ինքն այժմ ամուսնացած է հետը։

Երբ երկու օր անց նրանք կրկին հանդիպեցին, Գեթսբիի շունչը կտրվեց և ոչ թե Դեյզիինը, Գեթսբին իրեն լքված զգաց և ոչ թե Դեյզին։ Աղջկա պատշգամբը ողողված էր անգին աստղալույսով․ բազմոցի մետաղյա ցանցը հուզիչ ճռճռաց, երբ Դեյզին շրջվեց դեպի նա, և Գեթսբին համբուրեց նրա զվարճալի սիրունիկ բերանը։ Դեյզիի ձայնը մրսածությունից խռպոտել էր ու դարձել ավելի գերող։ Գեթսբին մտքի շշմեցուցիչ պայծառությամբ հասու էր դառնում հարստության և դրա հսկողության տակ ապրող երիտասարդության գաղտնիքին՝ ըմբոշխնելուէ աղջկա բազմաթիվ զգեստների թարմությունը, որոնց տակ Դեյզին պսպղում էր արծաթի նման՝ բարեկեցիկ ու հպարտ, հեռու աղքատների քայքայիչ հոգսերից։

Comment here