ԳլխավորՄի կտոր գիրք

«Սևուսպիտակ կազմով գիրքը». Գրիգոր Գրիգորյան

«Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվեց այն ժամանակ, երբ օրերը բաղկացած էին միայն գիշերներից, երբ տիեզերքում աստղերի փայլը դավադրաբար խամրեց, երբ Հայրենիքում ավելի շատ մահ կար, քան ծնունդ, երբ օդում թևածող երջանիկ ժպիտները փոխարինվեցին հոգեմաշ արցունքներով, երբ իրականության բոլոր երանգները իրենց տեղը զիջեցին սևին, երբ սատանան հեգնում էր Աստծուն, երբ չկար սկիզբ, ու ամենուր ավարտ էր… «Սևուսպիտակ կազմով գիրքը» ծնվել է որպես Շարունակություն` վերապրելու և արարելու պահանջ ներկայացնելով բոլորիս:

Պատերազմը շարունակվում էր, ուրեմն՝ զոհերի թիվը պիտի աճեր։ Հայտարարված հրադադարի հերթական փորձը կրկին ձախողվեց, և խաղաղության հույսերը ևս մեկ անգամ փոշիացան մայրերի փխրուն անուրջներում։ Որդեկորույս այս պատերազմի գույնը կարմիրն է, իսկ կարմիրը երբեք այդքան հեշտ չի նահանջում։ Սկզբից այն հրեղեն, բոցաշունչ կարմիր էր, որի մեջ հույս և հաղթական ուժ կար, սակայն ժամանակի հետ, ինչպես ամեն բան մեր կյանքում, աստիճանաբար խամրեց, խունացավ և բոսորագույն երանգ ստացավ՝ զոհված զինվորի ճակատին լերդացած արյան նման։

Մարդկային չարությունը նույնպես կարմիր գույն ունի. քայլում ես փողոցներով՝ համատարած կարմիր է, կարդում ես լրատվականները՝ ողողված են այս գույնով, հեռուստացույց ես դիտում՝ կրկին ոչ մի գունային փոփոխություն։ Աշխարհը պատերազմի պահանջ ունի. միմյանց կոկորդ կրծելու այդ բնական պահանջմունքը, որն անսպառ պահանջարկի չժանգոտող հիմքն է, պտտվում է մակերևույթում, լողում է գետերով, ծովերով ու անծայրածիր օվկիանոսներով։ Հողը ժամանակ առ ժամանակ դողում է պատերազմի պակասից, իսկ տիեզերքում շողացող աստղերն ու մոլորակները անընդհատ շարժվում են, փոփոխում իրենց դիրքերը՝ խաթարելով մեր փոքրիկ երկրագնդի կեղծ հանգստությունը։ Աշխարհում ամեն բան ստիպում է, պարտադրում է պատերազմ, այդ անկառավարելի ծարավը չի հագենում դարերով, հակառակը՝ ավելի է ահագնանում, ուժգնանում ու ծանրանում մարդկության արյունատենչ առաջընթացի վրա։ Իսկ կարմիրին միշտ հաջորդում է սևը, կարմիրից հետո երբե՛ք, երբե՛ք սպիտակ չի լինում։

***

Սեպտեմբերի 25-ին «Լոֆթ»-ում տեղի ունեցավ Գրիգոր Գրիգորյանի «Սևուսպիտակ կազմով գիրքը» վիպակի շնորհանդեսը։ Հրատարակությունը՝ «Մագաղաթ+»-ի։

Սա հեղինակի չորրորդ գիրքն է։

Comment here