Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող Ալեքսանդր Դյումայի (որդի) (27 հուլիսի, 1824- 27 նոյեմբերի, 1895) «Կամելիազարդ տիկինը» ստեղծագործությունից։
***
• Ես այնքան էի հրապուրված նրա սիրով, որ փողոցում դեմս ելնող բոլոր մարդկանց սիրում էի՝ առանց նույնիսկ նրանց ճանաչելու:
• Շատ մարդկանց սա, թերևս, ծիծաղելի թվա, բայց ես մի անսահման ներողամտություն եմ տածում դեպի տարփուհիները և չեմ էլ ջանում, անգամ, վիճելու այդ ներողամտության մասին:
• Եթե աշխարհը բոլորովին բարի չէ, նա առնվազն լավագույնն է:
• Երկինքն ավելի է ուրախանում մի մեղավորի զղջումից, քան հարյուր արդարներից, որոնք երբեք մեղք չեն գործել:
• Տղամարդիկ, փոխանակ գոհ լինելու, որ երկար ժամանակ իրենց է շնորհվում այն, ինչ իրենք հազիվ մի անգամ ձեռք բերելու հույսն են ունեցել, իրենց սիրուհուց հաշիվ են պահանջում ներկայի, անցյալի և մինչև իսկ ապագայի համար: Որքան վարժվում են նրան, այնքան ուզում են իշխել, և առավել պահանջկոտ են լինում, որքան ավելի գոհացում են գտնում, և նույնիսկ պահանջում են, որ երեք հատկություն ունենա իրենց սիրուհին՝ լինի վստահ, հլու և գաղտնապահ:
• Աղջիկը որքան ավելի հավատա բարիին, այնքան ավելի հեշտությամբ անձնատուր կլինի եթե ոչ սիրողին, գոնե սիրոն:
• Անտեղյակ չեք, իհարկե, թե մարդ ինչպես է ամեն բան մոռանում որպես արդյունք բուռն, վստահալից ու փոխադարձ սիրո:
• Կանայք անողոք են իրենց չսիրած մարդկանց նկատմամբ:
• Չկա մարդ, որ գեթ մի անգամ խաբված չլինի և չգիտենա, թե խաբվելը ինչ տառապանք է պատճառում:
• Օ՜, տարօրինակ մի գիշեր եղավ դա: Մարգարիտի ամբողջ կյանքը, ասես, խտացել էր այն համբույրների մեջ, որոնցով ծածկում էր ինձ, և ես այնքան սիրում էի նրան, որ իր տենդոտ սիրո բորբոքման մեջ հարցնում էի ինքս ինձ, թե արդյոք չպե՞տք է սպանեի նրան, որպեսզի որևէ մեկին չպատկաներ: Եվ եթե մարդ մի ամիս այդպես սիրեր, սրտով ու մարմնով դիակ կդառնար:
• Կյանքը գեղեցիկ է, և ինչ ապակիով նայեք նրան, այդ գույնով էլ կերևա:
• Մարդիկ կան, որոնք մոխրի վրա կնստեին մեզ համար առանց մեզանից որևէ բան ստանալու: Ուրիշներն էլ կան, որ մի ծաղկեփնջով են մեզ տիրում: Մեր սիրտը քմահաճույքներ ունի: Նրա միակ ուրախությունն ու արդարացումը դա է:
• Հարձակումների չվարժված մի սիրտ գրավելը պահակազոր չունեցող քաղաք մտնելուն պես բան է:
• Ճշմարիտ սերը միշտ ազնվացնում է մարդու, ինչպիսի կին էլ որ լինի այդ սեր ներշնչողը:
• Մարդիկ անպատճառ ուզում են իմանալ այն, ինչ ցավ է պատճառում իրենց։
• Եթե երբևէ լրջորեն սիրահարված եք եղել, ապա պետք է զգացած լինեք, թե որքան անհրաժեշտ է աշխարհից մեկուսացնել այն կնոջը, որի հետ ուզում եք անցկացնել ձեր ամբողջ կյանքը: Թվում է, թե ձեր սիրած կինը, որքան էլ անտարբեր լինի իր շուրջը գտնվողների նկատմամբ, իր բույրից ու իր ամբողջությունից մի բան կորցնում է մարդկանց և իրերի հետ շփվելով:
• Պետք չէ մտածել այն կնոջ մասին, որը ձեզ չի սիրում: