ԳլխավորԼուրԽճանկար

Սիրում են ծովը, փախչում` աղմուկից. ո՞րն է Ռաֆոյի և Հասմիկ Կարապետյանի նախընտրած հանգիստը

Հասմիկ Կարապետյան, Ռաֆայել Երանոսյան

Շուտով կճանապարհենք ամռան երկրորդ ամիսը, ոմանք վաղուց հասցրել են մեկնել հանգստի, ոմանք` նոր են պատրաստվում մեկնել, իսկ ոմանց էլ պարզապես վիճակված չէ հանգստի գնալ: Usanogh.am-ի հետ զրույցում դերասան Ռաֆայել Երանոսյանն ու երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատմել են ամառային հանգստի իրենց նախընտրելի տարբերակների մասին:

Նրանք երկուսն էլ, լինելով բեմի մարդիկ, նախընտրում են պասիվ հանգիստը. «Քանի որ ակտիվ կյանքով եմ ապրում, ամեն օր ունեմ փորձեր, ներկայացումներ, հաղորդումներ, հանդիպումներ, միանշանակ նախընտրում եմ պասիվ հանգիստը: Հանգստի լավագույն վայրն ինձ համար հարազատ գյուղս է` Արմավիրի մարզի Լենուղի գյուղը, այն, առհասարակ, ինձ համար աշխարհի վրա ամենալավ տեղն է»,-ասում է Ռաֆայելը:

Ասում է` շատ է սիրում ծովափնյա հանգիստ: Ինչ վերաբերում է այս տարվան, արդեն հասցրել է շրջագայությունների ժամանակ համատեղել աշխատանքն ու հանգիստը, եղել է եվրոպական 14 քաղաքներում. «Առանձնապես տպավորեցին Բարսելոնան, Բրյուսելը, Բրյուգեն, Փարիզը: Բացի ժամանացից, հանգստի պարագայում կարևորում եմ նաև ինֆորմացիոն բաղադրիչը: Մարսելում, օրինակ, հանգստի այնպիսի վայր էինք ընտրել, որ հեռվից երևում էր «Իֆ» ամրոցը, որտեղ փակված էր Դյումայի հայտնի հերոսը` Էդմոն Դանտեսը: Կարողացա հյուրանոցից վայելել ծովն ու հրաշալի տեսարանը»:

Ֆուտբոլասեր ընկերները Ռաֆայելին տարել են Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ. «Տպավորիչ ֆուտբոլ դիտեցինք: Իհարկե, ընկերներս ավելի ոգևորված էին, քան ես, բայց ուրախ եմ, որ հասցրեցի նաև այնտեղ լինել: Այնպես որ, արդեն հանգստացել եմ, հիմա` ի գործ»,-ասում է դերասանը:

Իսկ երգչուհի Հասմիկ Կարապետյանը խոստովանում է` երեխաների հետ հանգստանալ չի ստացվում, այնպես որ, եթե գնալ հանգստի, ապա` կա´մ միայնակ, կա´մ ընկերուհիների հետ. «Միայն այդ դեպքերում կարող եմ իսկապես թոթափել հոգնածությունս: Սիրում եմ ծով, այն ինձ համար անփոխարինելի է, սակայն վերջերս նկատել եմ, որ ինձ սկսել է գրավել նաև անտառային միջավայրը: Թթվածին, ծառ, գետ, առատ կանաչ. սրանք են ինձ խաղաղեցնում: Աղմուկից հոգնել եմ»,-նշում է Հասմիկը:

Եթե նախկինում նա սիրում էր ակումբներ գնալ, պարել, ակումբային մշակույթն իրեն շատ հարազատ էր, ապա հիմա` ոչ. «Տարբեր երկրներում բազմաթիվ ակումբներում եմ եղել, բայց հիմա նախընտրում եմ գողտրիկ մի վայր` բնության գրկում: Այս ամառ հանգստի հետ կապված ծրագրեր դեռ չունենքլ, բայց կարող եմ ասել, որ հուլիսին ծննդյանս օրն էր տպավորիչ, ընկերուհիներով գնացել էինք Սևան, շատ լավ ժամանակ անցկացրեցինք, լիարժեք լիցքաթափվեցինք»,-եզրափակում է երգչուհին:

ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ