ԳլխավորԼուր

Շատ շոգ է լինելու, շատ հեղուկ խմեք. «Հիդրոմետ»-ն ու ԱՆ-ն զգուշացնում են

Շոգ ամառ Երևանում, շատրվաններ

Օգոստոսի 10-14-ն արևադարձային տաք օդային ալիքների ներթափանցմամբ պայմանավորված՝ ցերեկը ժամը 13։00-18։00 ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40/+42 աստիճան տաքություն։

Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին և ընդունել շատ հեղուկներ:

Ջերմաստիճանի բարձրացման և ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը, ինչպես նաև օրգանիզմի անցանկալի գերտաքացումը մեղմելու կամ կանխելու համար առողջապահության նախարարության մասնագետներն առաջարկում են պահպանել հետևյալ պարզ կանոնները.

♦ խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, հատկապես` ժամը 12:00-ից 18:00-ի սահմաններում մի՛ մնացեք դրսում,

♦ հնարավորինս պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթումից` կրելով գլխարկ, արևապաշտպան ակնոց, հովանոց, հագնել սպիտակ կամ բաց երանգների ազատ, օդաթափանց, ցանկալի է բամբակյա կտորից հագուստ,

♦ օգտագործել սովորականից շատ հեղուկներ (օրական շուրջ 2,5-3 լիտր), հատկապես ջուր, թան, առանց շաքարի բնական հյութեր և թեյ։ Ծարավը հագեցնելու ամենատարածված ու ամենամատչելի միջոցը ջուրն է: Սրտանոթային համակարգի կամ այլ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք հեղուկներ պետք է ընդունեն իրենց բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո,

♦ ցանկալի է հրաժարվել կծու, յուղոտ կերակուրներից, նախընտրել ավելի թեթև, դյուրամարս սնունդ, օգտագործել շատ մրգեր և հում բանջարեղեն,

♦ օգտագործվող հեղուկները պետք է լինեն գոլ կամ մի փոքր հովացրած, այդպես դրանք ավելի լավ են հագեցնում ծարավը, չի կարելի հեղուկները շատ սառեցնել,

♦ չչարաշահել կոֆեին, շաքար և ալկոհոլ պարունակող ըմպելիքները` թե տաք, թե սառը վիճակում,

♦չգտնվել չօդափոխվող կամ վատ օդափոխվող տարածքներում, երկար ժամանակ չմնալ արևի տակ կայանված փոխադրամիջոցներում, երեխաներին չթողնել փակ պատուհաններով ավտոմեքենաներում,

♦ ցանկալի է, որպեսզի երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք ցերեկային ամենաշոգ ժամերին քնեն կամ պառկեն, քանի որ պառկած դիրքում հեշտանում է ջերմատվությունը և արյան շրջանառությունը,

♦ անհրաժեշտ է ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին, ցերեկային ամենաշոգ ժամերին խուսափել բացօթյա տարածքում ծանր ֆիզիկական աշխատանքից,

♦ պետք է հետևել, որպեսզի օդափոխիչը կամ օդորակիչն ապահովի օդափոխությունը, սակայն սառը օդի ուժեղ հոսանքն ուղղված չլինի անմիջապես մարդկանց վրա,

♦ այն տարածքներում, որտեղ առկա են օդորակիչներ, անհրաժեշտ է հագնվել ջերմաստիճանին համապատասխան: