ԳլխավորՄի կտոր գիրք

Եթե կարող ես, վերադարձրու կորցրածից մի բան. Ուոլթ Ուիթմեն

Ուոլթ Ուիթմեն

Ներկայացնում ենք ամերիկացի բանաստեղծ, էսսեիստ և լրագրող, ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրներից մեկը համարվող Ուոլթ Ուիթմենի (31 մայիսի, 1819 – 26 մարտի, 1892) ստեղծագործություններից՝ վերցված Artcollage կայքից։

Հոկտեմբեր

Հեռանում է օրվա մակույկն օրորվելով,
իմ ցաված սիրտ,
քեզ ո՞վ հետ կբերի
ու չուն տերեւների դեղին ակվարելով
մառախուղն է ներկում հոկտեմբերի:

Քանի,
քանի անուն
մշուշի մեջ կորավ –
մերձավորի ձայնն է կանչում հողից,
ու փողհարի նման այս ամիսը խոնավ
բթամատն է դնում շնչափողիս:

Դիակից էլ սառն էր այս հատվածը աշնան,
քանի,
քանի անուն
մշուշի մեջ…
կոշիկներիս նման ներսս մաշված
ցեխաջուր է խմում ու չկա վերջ

այս տաղտուկին,
ցրտին,
գիշերներին անքուն,
հոկտեմբերին ապա, որ կյանք տևեց
իմ մոտավոր հաշվով դեռ չեմ ապրել կյանքում,
սակայն գիտեմ մահվան անթիվ ձևեր:

Եվ շարունակ օրվա մակույկն է հեռանում.
այս տարբերակն անշուշտ կչարչարի.
իմանայի գոնե՝
ո՞վ է հոգին առնում
և ով ինձ հերձողին կվճարի:

Վերադարձրու մի բան կորցրածից

Եթե կարող ես,
վերադարձրու կորցրածից մի բան,
որովհետև ծանր է,
անասելի ծանր չսիրելով ապրելը,
երբ մաքուր չէ անկողինը և եղանակն է

հիվանդ,
և վիրավորում է երբ արդեն
կանացի անուններ բազմապատկելը:

Ընդունելի չէր երևի իբրև զոհողություն
գործը բառի,
և հիմա դժվար է նունիսկ սեփական ձեռագիրը կարդալ,
շուտով կանջատեմ լույսը,
կափսոսամ, որ ամեն ինչ կորցնում ենք ճանապարհին,
որ դժվար է դառնում
վերադարձնել կորցրածից մի բան:

Բայց վերադարձրու,
վերադարձրու կորցրածից մի բան,
որովհետև մաքուր չէ անկողինս, և ապրելն է ծանր,
երբ չես սիրում,
երբ եղանակն է հիվանդ,
և անկարելի է, երբ արդեն
սեփական օրագրից մի բան վերծանել:

Վերադարձրու,
վերադարձրու կորցրածից մի բան:

Եթե չես կարող արթուն մնալ

Քնիր, եթե չես կարող արթուն մնալ,
եթե անուշ է քնի թմբիրը ավելի,
քան գիշերը,
եթե խնամքով ծածկվել ես արդեն,
հաճելի է որքան զգալ անկողինը տաք
և չմտածել ոչնչի մասին:
Քնիր, եթե չես կարող արթուն մնալ,
ի՞նչ հարկ է մասնակցել գիշերվա ավարտին,
եթե սկիզբը կորցրել ենք վաղուց.
փետրվարը նվում է ցրտից,
իսկ լուսաբացին ավելի ցուրտ է լինելու
և դիմանալու համար,
իհարկե դու ճիշտ ես,
քնել է պետք,
հաճելի է որքան զգալ ջերմ լույսը լուսաբացի
և իմ ներկայությունը մխիթարիչ:
Մենք երկուսս՝ քնած թե արթմնի,
մենք մենակ և ծիծաղելի ենք նույնչափ:
Քնիր, եթե չես կարող արթուն մնալ:

Դեպք

Ես հավաքեցի մի առավոտ իմ ապրած օրերը
և ապուշի երջանիկ քայլվածքով
կեղտոտ շորերիս հետ տարա լվացքատուն,
իսկ չորեքշաբթի,
երբ ինձ վերադարձրին տարածս,
ես բացեցի խնամքով կապած փաթեթը
և տեսա,
որ շորերս չկան,
իսկ օրերիս վրա
պիոներական վզկապներից
անջնջելի կարմիր հետքեր էին մնացել:
Ահա ողջը: