ԳլխավորԼուր

Նադիա Զինը քարերի պահպանություն և վերականգնման խնդիրներն է ներկայացրել հայ մասնագետներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ում մայիսի 15-23-ը տեղի է ունեցել «Քարի պահպանություն և վերականգնման խնդիրներ» թեմայով գիտագործնական դասընթաց: Այն կազմակերպվել էր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի և Ֆրանսիայի ժառանգության ազգային ինստիտուտի համագործակցությամբ։

Հայաստանի գիտակրթական և մշակութային հաստատությունների մասնագետների համար շարունակական դասընթացների շրջանակում իրականացվող ծրագրի այս փուլում ուսումնասիրության առարկան քարն էր և նրան առնչվող խնդիրները (մասնավորապես՝ տուֆի, բազալտի կազմավորում, քայքայում, վնասվածքների պատճառներ և տեսակներ, դրանց գնահատում, վերլուծություն, կանխարգելում, մաքրման և ամրակայման համար առաջարկվող նյութեր և մեթոդներ)։

Գիտագործնական դասընթացին մասնակցել են վերականգնող մասնագետներ, ֆոնդապահներ, հուշարձանների ուսումնասիրությամբ զբաղվող հետազոտողներ: Դասընթացը վարել է ֆրանսիացի մասնագետ Նադիա Զինը:

Դասընթացն անցկացվել է երկու վայրում։ Մասնակիցները նախ հմտություններ և գործնական գիտելիքներ են ձեռք բերել հնագիտական գտածոների վերականգնման բաժնում, ապա մեկօրյա այց կատարել «Աղձք» պատմամշակութային արգելոց՝ տեղում գնահատելու նշանավոր այս հնավայրի քարակերտ կառույցների վիճակը և պահպանության հետագա միջոցառումների համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու ուղիներ մշակելու համար։

Վերապատրաստման դասընթացը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից իրականացվող «Հայաստան. կրթություն, ժառանգության պահպանում և արժևորում» ծրագրի շրջանակում: Նշյալ համագործակցության շրջանակում 2022 թվականից արդեն իսկ իրականացվել է 7 միջոցառում: