«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասում, Երևան-Էջմիածին մայրուղու ձախ կողմում` Երևանից 15 կմ դեպի արևմուտք: Տաճարը կառուցվել է 643-652թթ ընթացքում՝ Ներսես Գ Տայեցի կաթողիկողի նախաձեռնությամբ և կանգուն է եղել միչև X դարը:
Իր համարձակ մտահղացմամբ, շքեղությամբ, վեհությամբ, չափերով, ճարտարապետաշինարարական լուծումներով և բարձրարվեստ քանդակներով Զվարթնոցի տաճարը և համալիրը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության գլուխգործոց է: Այն կառուցվել է յոթաստիճան պատվանդանի կենտրոնում, եռաստիճան, իրար վրա տեղադրված և հաջորդաբար նվազող միասնական, երեք նվազող գլանաձև ճարտարապետական ծավալների տեսքով: Ունեցել է 5 մուտք, մոտ 49 մ բարձրություն և 35.75մ տրամագիծ:
1904թ. ճարտարապետ Թորոս Թորամանյանի ղեկավարությամբ իրականացված պեղումներով բացված Զվարթնոց կամ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը և հարակից շինությունների ավերակներն ունեն պատմաճարտարապետական և պատմահնագիտական բացառիկ նշանակություն:
Զվարթնոց տաճարին կից թանգարանի հիմնական և գիտաօժանդակ ֆոնդերում և բաց ցուցադրությունում կան 10 հազարից ավելի միավոր նյութեր: Ցուցադրությունում տեղ են գտել Զվարթնոցի տարածքից հայնաբերված միջնադարյան կավե 2 կարասները, հայատառ գրությամբ արևային բոլորակ ժամացույցը, Ներսես Գ Տայեցու թողած՝ «Ներսեսն է կառուցել, հիշեցե՛ք», հունատառ արձանագրությունը, «Յոհան» մակագրությամբ շինարար վարպետի բարձրաքանդակը, ինչպես նաև տաճարից մնացած այլ զարդաքանդակ բեկորներ:
Արգելոց-թանգարանի բացօթյա ցուցադրությունում ներկայացվում են Զվարթնոց տաճարի ավերակների ամրակայած և մասնակի վերականգնած պատերի մնացորդներ, սյուների խարիսխներ, բներ, զամբյուղախոյակ և արծվախոյակ սյունաշարեր, կամարներ, բարավորների քիվեր, թաղակապ ծածկերի կրաշաղախե խոշոր զանգվածքներ, մկրտության ավազան, ջրհոր, տաճարից պահպանված զարդաքանդակներ, կաթողիկոսական պալատը, վանականների խցերը, բաղնիքը, IV-V դարի բազիլիկ եկեղեցու մնացորդները և գինու հնձանը, Ք.ա. II-I հազարամյակներով թվագրվող կլոր սալաքարը, նախաքրիստոնեական շրջանի պաշտամունքային ֆալլոտիպ կոթողը և ուրարտական Ռուսա II արքայի (Ք. ա. 685-645թթ.) սեպագիր արձանագրությունը:
2000թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կենտրոնի որոշմամբ Զվարթնոցի տաճարական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Համաշխարհային ժառանգության» ցանկում։
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է: