ԳլխավորԼուր

Հինգ պատմամշակութային օբյեկտներ ստացել են նորահայտ հուշարձանի կարգավիճակ

Հնագիտության և ազգագրության ինստիտուտ

Տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նիստին քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտներին նորահայտ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը: Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամների դրական եզրակացությամբ նորահայտ հուշարձանի կարգավիճակ են ստացել հինգ պատմամշակութային օբյեկտներ:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել Երևան քաղաքի «Կենտրոն» վարչական շրջանում գտնվող ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի շենքին (1950-ական թթ.), որը կառուցվել է 1950-ական թթ., որպես վարչական շենք: Այստեղ տեղակայվել է ՀԽՍՀ ԳԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը: 1973 թ. տրամադրվել է ՀԽՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտին:

Հաջորդը Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի «ԽԱՉՔԱՐ» (1309 թ.) քարակոթողն է, որը նախկինում եղել է վիշապաքար և ըստ խաչքարի հորինվածքի մաս կազմող ծավալուն թվակիր արձանագրության՝ խաչքարացվել է 1309 թ., տեղահանված է և ընկած:

Հայաստանում խաչքարացված վիշապաքարեր փաստագրվել են նաև Գեղամա լեռներում (Աժդահա յուրտ), Սառնաղբյուրում (Շիրակի մարզ), Գառնիում (Կոտայքի մարզ), Վայոց ձորի մարզի Ռինդ, Կարմրաշեն, Թառաթումբ գյուղերում և այլուր:

Որպես խաչքարային արվեստի ինքնատիպ օրինակ արժևորվել է Սյունիքի մարզի Խոտ գյուղի «Ովաննեսի» խաչքարը (XV-XVI դդ.)։ Նույն գյուղի «Մուրատ Ակոբճանի» արձանագիր տապանաքարը (1552 թ.) նույնպես ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ:

Նորահայտ հուշարձանի կարգավիճակ է տրվել նաև Կոտայքի մարզի Պտղնի գյուղի «ՀՆՁԱՆ» (XII-XIV դդ.) նոր հայտնաբերված պատմամշակութային օբյեկտին, որի ուղղաձիգ կտրվածքը պատահականորեն բացվել էր 2022 թ., հողաբաժանման աշխատանքների ժամանակ: