ԳլխավորԼուր

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է. նախարարն այցելել է «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոց

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի մոտ

Այսօր Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է։ Ի նշանավորումն օրվա՝ Գեղարքունիքի մարզի «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը պատվոգրեր են հանձնել «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի մասնակիցներին, հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

Նախարարի խոսքով՝ «Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը շատ հետաքրքիր հուշարձան է նաև գեղագիտական պատկերի առումով՝ Սևանա լճի հիասքանչ տեսարանով.

«Այս հուշարձանը պետք է ավելի ճանաչելի դարձնել և նպաստել, որ այցելություններն այստեղ ավելի շատ լինեն: Մեզանից յուրաքանչյուրը պետք է ինքն իր համար հայտնաբերի և վերարժևորի մեր երկրի 25 հազար հուշարձանները, որոնք մեր պատմության և քաղաքակրթական ժառանգության կարևորագույն մասն են: Մեր այցերն ու ճանաչողական էքսկուրսիաները հուշարձանների տարածքներում պետք է դառնան ավելի հաճախակի»,-ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ «Բերդկունք» ամրոցի տարածքում ԿԳՄՍ նախարարության հատկացումներով իրականացվում են պեղումներ, որոնց հիման վրա պատվիրվել է ամրոցի վերականգնման նախագիծ. այն նախատեսվում է ավարտել մինչև տարեվերջ։ Պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային արգել-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Պեղումների ավարտից հետո կիրականացվի նաև հուշարձանի հանրահռչակում:

ԿԳՄՍՆ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի խոսքով՝ Հայաստանում այսօր կան շուրջ 15 արգելոց-թանգարաններ։ Յուրաքանչյուր տարի նախարարության առաջարկով և Կառավարության որոշմամբ այդ թիվը կարող է ավելանալ։

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի մոտ
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի մոտ

«Այս տարի, օրինակ, նախատեսել ենք ներառել Նորատուսի խաչքարերը, Բերդկունք ամրոցը, որի ուսումնասիրությունն արդեն իսկ սկսված է։ Դա ենթադրում է պահպանության ավելի խիստ ռեժիմ՝ որպես արգելոցի տարածք»։

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի մոտ
«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցի մոտ

«Բերդկունք» («Սպիտակ բերդ») ամրոցը բազմաշերտ հուշարձան է, թվագրվում է մ․թ․ա․ II–I հազարամյակով, վերակառուցվել և զարգացման բարձրակետին է հասել միջնադարում։ Ամրոցի դիրքն այնքան գերիշխող է շրջապատի նկատմամբ, որ միջնադարում կիկլոպյան ամրոցի փլատակների վրա կառուցվել է մի նոր` ամրակուռ ամրոց, որի անունով էլ այն կոչվում է «Սպիտակ բերդ» («Իշխանաց բերդ»):

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր։

Տես նաեւ՝ 2019-ին աշխարհի ամենից շատ այցելված տեսարժան վայրերը (լուսանկարներ)