ԳլխավորՀայաստանս

Հայաստանի պատմամշակութային հուշարձանները. «Գառնի» (ՏԵՍԱՆՅՈւԹ)

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը գտնվում է ՀՀ մայրաքաղաք Երևանից 28 կմ արևելք, Կոտայքի մարզի համանուն գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Գեղամա լեռնաշղթայի Գեղասար գագաթի հարավային ստորոտում, եռանկյունաձև հրվանդանի վրա` շրջապատված խոր ձորերով: Այն զբաղեցնում է 5,1 հեկտար տարածք:

Արգելոց-թանգարանը ներառում է Ք.ա. III-II դարերի Գառնիի ամրոցը, հեթանոսական տաճարը, խճանկար հատակով արքունական բաղնիքը, պալատական շինությունների և հարակից տնտեսական կառույցների, VII դարի Սուրբ Սիոն եկեղեցու և կից մատուռի ավերակները, սեպագիր արձանագրությամբ «վիշապ» անվանվող քարակերտ կոթողը, հնձանը, միջնադարյան կամուրջը, մատուռը, խաչքարեր, հունարեն արձանագրությամբ քարը և այլ պատմամշակութային շինություններ ու արժեքներ:

Գառնու տաճարն ու բերդը կառուցվել են 77 թվականին Մեծ Հայքի արքա Տրդատ I-ի կողմից, հայոց թագուհու համար: Տաճարը նվիրված է եղել արևի աստված Միհրին: Միհրը՝ իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախ պատկերվել է ցլի (խավարի) դեմ մարտնչելիս:

Տաճարն ամբողջությամբ վերականգնվել է 1968-1976 թթ., ճարտարապետ Ալ. Սահինյանի նախագծով և ղեկավարությամբ:

Պալատական համալիրից մնացած ամենաարժեքավոր կառույցը արքունի բաղնիքն է: Առանձնակի արժեք է ներկայացնում նախասրահի հատակի խճանկարը, որը ներկայացնում է Օվկիանոսի և Ծովի մարդակերպ կիսանդրիները՝ այրական տղամարդու և գեղաչյա կնոջ կերպարանքով, որոնք խորհրդանշում են կյանքի սկզբնավորումը օվկիանոսից և ծովից:

Գառնիի ամրոցը իր դերն ու ռազմավարական նշանակությունը պահպանել է նաև միջնադարում: X-XV-րդ դարերում Գառնին եղել է Հայաստանի առավել խոշոր և նշանավոր գյուղաքաղաքներից մեկը: Ամրոցի շրջակայքում պահպանվել են վաղ և զարգացած միջնադարի ճարտարապետական կառույցների, եկեղեցիների, մատուռների մնացորդներ և խաչքարեր:

Գառնու տաճարը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ տարածաշրջանում պահպանված ուշ անտիկ դարաշրջանի եզակի ճարտարապետական հուշարձան է:

2011 թ.-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է «Մշակութային բնապատկերի պահպանման և կառավարման (ՅՈՒՆԵՍԿՕ–Հունաստան) Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակին:

«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ է: