ԳլխավորԼուր

Շուրջ 170 դպրոցներում արդեն նշանակված են վարչատնտեսական համակարգողներ. Ժաննա Անդրեասյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կանոնադրությունում:

Գործադիրի նիստում հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ այս փոփոխություններով ևս մեկ անգամ հստակեցվում են հանրակրթության ոլորտի բարեփոխումների գործընթացները:

Խոսքը, մասնավորապես, վերաբերում է հանրակրթության ոլորտի կառավարման բարեփոխումներին: Մյուս կարևոր փոփոխությամբ ամրագրվում է կրթահամալիրները համայնքային զարգացման կենտրոնների վերածելու գաղափարը:

Հաջորդ կարևոր փոփոխությամբ սահմանվել են մասնագիտացված հանրակրթական դպրոցների առանձնահատկությունները, որոնք մինչ այժմ բավականին խնդիրներ էին առաջացնում այդ դպրոցների գործունեության համար:

ԿԳՄՍ նախարարը պարզաբանել է՝ վարչատնտեսական համակարգողները նշանակվում են այն դպրոցներում, որտեղ նախկին իրավակարգավորմամբ աշխատող տնօրենի պայմանագրային ժամկետն ավարտվում է, և հայտարարվում է ընտրություն՝ նոր ընթացակարգով, ըստ որի՝ նշանակվում է վարչատնտեսական համակարգող, որը պատասխանատու է դպրոցի ֆինանսատնտեսական կառավարման համար և տնօրեն, որը պատասխանատու է ուսումնական գործընթացի համար: 2023 թվականի վերջին շուրջ 170 դպրոցներում արդեն նշանակված են վարչատնտեսական համակարգողներ, 2024 թվականի ապրիլի դրությամբ՝ ևս 48 դպրոցներում կառավարման նոր մոդելի ներդրմամբ պայմանավորված՝ աշխատանքի են անցնելու վարչատնտեսական համակարգողները:

Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով հանրակրթական դպրոցների տնօրենի նշանակմանը, նշել է, որ գործընթացը եռափուլ է. տնօրենի պաշտոնին հավակնորդները նախ հավաստագրվում են, որով հավաստվում են նրանց՝ օրենսդրության ոլորտի իմացությունները: Հավակնորդը, մասնակցելով տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին, ներկայացնում է զարգացման ծրագիր, որը ենթարկվում է փորձաքննության: Զարգացման ծրագրի փորձաքննությունը կատարվում է մրցույթով ընտրված երկու անկախ կազմակերպության կողմից: Այն հավակնորդները, որոնց ներկայացրած զարգացման ծրագրերը հաղթահարում են փորձաքննության դրական շեմը, հրավիրվում են հարցազրույցի, որն իրականացվում է ԿԳՄՍ նախարարությունում՝ լիազոր մարմնի՝ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմված հանձնաժողովի կողմից: Հարցազրույցի արդյունքում կայացվում է տնօրենի նշանակման որոշումը:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ ներկայացված զարգացման ծրագրերի միայն 15 տոկոսն է հաղթահարում փորձաքննության դրական շեմը: Հարցազրույցի հրավիրվածների շուրջ 60 տոկոսը չի կարողանում հաղթահարել վերջին փուլը, ինչը նշանակում է, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր կա, և այդ ուղղությամբ այժմ ծրագիր է մշակվում:

Մանրամասները՝ տեսանյութում։