ԳլխավորԼուր

Պարզաբանում 2023-2024 ուստարվա ավարտին սովորողների բացակայությունների հիման վրա լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների վերաբերյալ

Դասարան, դասասենյակ, դպրոց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում ուստարվա ամփոփման աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար դպրոցները պետք է առաջնորդվեն բացակայությունների հաշվառման և, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ գրավոր աշխատանքների և քննությունների իրականացման ներքոհիշյալ սկզբունքներով.

1. Այն դասարաններում, որտեղ հանրակրթության նոր չափորոշիչը դեռևս ներդրված չէ, և 2024 թվականի մայիսի 20-ի դրությամբ սույն ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում սովորողն արդեն 60 ժամից ավելի բացակայություն ունի, ամփոփված տվյալների հիման վրա մանկավարժական խորհրդի նիստում հաստատվում է այդ սովորողի համար լրացուցիչ գրավոր աշխատանքների իրականացումը մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու մասին որոշում:

2. Այն դասարաններում, որտեղ հանրակրթության նոր չափորոշիչը դեռևս ներդրված չէ, և 2024 թվականի մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում հաճախումների հիման վրա է որոշվելու սովորողի 60 ժամից ավելի բացակայության փաստը, այսինքն՝ սովորողը 60 ժամից ավելի բացակայություն ունենալու ռիսկի տակ է գտնվում, ապա անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ուսումնական պարապմունքներին սովորողի ներկայությունն ապահովելու համար: Անհնարինության դեպքում՝ 2024 թվականի մայիսի 24-ի դրությամբ սույն ուսումնական տարվա 2-րդ կիսամյակի ընթացքում 60 ժամից ավելի բացակայություն ունենալու պարագայում ամփոփված տվյալների հիման վրա մանկավարժական խորհրդի (ըստ անհրաժեշտության՝ արտահերթ) նիստում հաստատվում է այդ սովորողի համար լրացուցիչ գրավոր աշխատանքների իրականացումը մայիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու մասին որոշում:

3. Այն դասարաններում, որտեղ հանրակրթության նոր չափորոշիչը ներդրվել է, և 2024 թվականի մայիսի 20-24-ն ընկած ժամանակահատվածում հաճախումների հիման վրա է որոշվելու սովորողի 200 ժամից ավելի բացակայության փաստը, այսինքն՝ սովորողը 200 ժամից ավելի բացակայություն ունենալու ռիսկի տակ է գտնվում, անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ ուսումնական պարապմունքներին սովորողի ներկայությունն ապահովելու համար: Անհնարինության դեպքում՝ 2024 թվականի մայիսի 24-ի դրությամբ ամփոփված տվյալների հիման վրա մանկավարժական խորհրդի (ըստ անհրաժեշտության՝ արտահերթ) նիստում հաստատվում է սույն ուսումնական տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայություն ունեցող սովորողի համար լրացուցիչ քննությունները մայիսի 27-30-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպելու մասին որոշում:

Հիշեցնենք, որ այն դասարաններում, որտեղ ներդրվել է հանրակրթության նոր չափորոշիչը (2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններ, ինչպես նաև Տավուշի մարզի դպրոցների բոլոր դասարաններ), գործում է ոչ թե յուրաքանչյուր կիսամյակում 60-ից ավելի, այլ ողջ տարվա ընթացքում 200 ժամից ավելի բացակայության սկզբունքը: