ԳլխավորԼուր

Արցախցի 4 145 երեխա արդեն ներառված է ՀՀ տարբեր կրթօջախներում

Արցախցի բռնի տեղահանվածները Գորիսում

Այս պահին արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 0–5 տարեկան 7 996 երեխա, 6–19 տարեկան` 21 266 երեխա։ Ճեպազրույցի ժամանակ վերջին տվյալները ներկայացրեց ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։

4 145 երեխա արդեն ներառված են ՀՀ կրթական տարբեր հաստատություններում։ Դա ընդհանուր դպրոցակահասակ երեխաների շուրջ 20 տոկոսն է կազմում։

Բաշխվածությունը հետևյալն է` Սյունիքի մարզ` 285, Վայոց Ձոր` 112, Գեղարքունիք` 179, Արարատի մարզ` 758, Կոտայքի մարզ` 800, Արագածոտնի մարզ` 223, Արմավիրի մարզ` 410, Շիրակի մարզ` 177, Լոռու մարզ` 185, Տավուշի մարզ` 161, Երևան` 850 երեխա։

Հիշեցնենք՝ Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում սկսեց՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով Արցախը, այդ թվում՝ Ստեփանակերտը։

Հայկական կողմից կա առնվազն 200 զոհ և 400 վիրավոր։

Սեպտեմբերի 28-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ, մինչ այդ կլուծարվեն կառավարության ենթակայության բոլոր պետական հիմնարկները և կազմակերպությունները։

Վերջին տվյալներով՝ Արցախից բռնի տեղահանված 100 617 քաղաքացի է տեղափոխվել ՀՀ։