ԳլխավորԼուր

Ադրբեջանը հերթական սուտն է մատուցել աշխարհին, իսկ մենք…

Աշոտ Մելքոնյանը՝ ադրբեջանական հերթական կեղծիքի մասին

Ադրբեջանի դեմ գաղափարական պայքարում մենք լուրջ կռվաններ կարող ենք ունենալ պետության աջակցությամբ միայն, որոնք, ցավոք բավարար չեն. Usanogh.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը` անդրադառնալով Իսպանիայի Մադրիդ քաղաքում օրերս կայացած «Ղարաբաղի խանությունները. պատմամշակութային նույնականացում» խորագրով գրքի շնորհանդեսին:

Գիրքը լույս է տեսել քառալեզու թարգմանությամբ։

Տպագրության հովանավորն է Հեյդար Ալիևի հիմնադրամը, իսկ աջակիցը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը:

Մադրիդի Ազգային գրադարանում տեղի ունեցած շնորհանդեսն անցկացվել է պետական բարձր հովանու ներքո: Գրադարանի տնօրեն Խավիեր Օրտեգա Ալվարեսն իր ելույթում նշել է, որ գիրքը մեծ դերակատարում կունենա եվրոպական հանրության շրջանում Ադրբեջանի մշակութային ժառանգության ամբողջական ընկալման գործում՝ Ղարաբաղի դարավոր պատմության ընդգրկմամբ:

Աշոտ Մելքոնյանի խոսքով` մեր պետությունը պետք է պարտադիր բողոքի նոտա հղի այս կապակցությամբ։

«Դա կենսական անհրաժեշտություն է: Հակահարվածները պետք է տրվեն պետական մակարդակով: Գիտական հանրույթն էլ, բնականաբար, պատրաստ է իր մասնակցությունն ունենալ այդ գործում»:

Նա հիշեցնում է` Մատենադարանը տպագրել է, օրինակ, «Արցախի և Ուտիքի ձեռագրական ժառանգությունը» ուսումնասիրություն-պատկերագիրքը` երեք լեզվով.

«Այդպիսի տասնյակ աշխատություններ կան, ընդ որում՝ դրսում գիտական լուրջ աշխատություններն ավելի դյուրին է իրենց նպատակին ծառայեցնելը, քան մեծ գումարների դիմաց սուտը մատուցելը, ինչպես անում է Ադրբեջանը: Դրսի գիտական լուրջ հանրույթը հակված է դեպի հայկական աշխատությունները, պարզապես դրանք հանրահռչակել է պետք. այս հարցում մեծ դերակատարում պետք է ունենան նաև դեսպանությունները: Անհրաժեշտ է մեր ուսումնասիրությունները հասցնել ոչ միայն գիտական հանրույթին, այլև ավելի լայն լսարանի»:

Աշոտ Մելքոնյանի խոսքով` պետությունն իր վեկտորը համանման հարցերի կողմն ուղղելու և և գիտական հանրույթի առջև նման խնդիրներ դնելու փոխարեն բոլորովին այլ հարցերով է զբաղված։

«Ցավալի է, որ, օրինակ, Գիտությունների ազգային ակադեմիան այսօր լինել-չլինելու հարց է լուծում` գիտահետազոտական ինստիտուտները բուհերին միավորելու` կառավարության ծրագրի հետ կապված: Ցավում եմ, որ մեր թանկագին ժամանակը ստիպված ենք վատնել գոյության պայքար մղելու վրա»,-եզրափակեց նա։