ԳլխավորՄի կտոր գիրք

Լուի Արագոն. «Իռենի ճեղքը»

Լուի Արագոն

Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնի (3-ը հոկտեմբերի, 1897 — 24-ը դեկտեմբերի, 1982) «Իռենի ճեղքը» ստեղծագործությունից։

***

Արդյոք ճի՞շտ է, որ կյանքում միայն մի անգամ են սիրում: Հանդիպել եմ մարդկանց, որ այդպես են մտածում: Երբեմն ես էլ էի դրան հավատում: Իսկ հիմա ուժգնորեն հակադրվում եմ այդ անմարդկային գաղափարին: Չնայած սերն ինձ համար նույնքան բարձր է մնում: Այն ամենն է, ինչ սիրում եմ: Այն է, ինչ սանձում է ամեն ինչ: Այն է, ինչ ստիպում է լքել աշխարհում ամեն ինչ, ու շատ լավ է այդպես:

Տարիներ էր, ինչ ես չէի հանդիպել նրան, ով ինձ համար որոշակի տեսք հագավ, այդ սևաջուր պատրանքին, Իռենին: Մյուս պատկերը` ողջը, որ փորձել էի ջնջել նրա հետ, այն իսկապե՞ս անհետացել էր որ: Շատ ծանր է մտածել այդպես նրա համար, ով հաճախ է զգում հավերժության գինը: Նա անհետացել էր: Նա անհետացել էր: Ես խելագարի նման սիրահարվել էի արտասովոր գեղեցկության մի կնոջ: Կնոջ, որին հավատացել էի` ինչպես քարերի իրողությանը: Կնոջ, որ վստահ էի, թե սիրում է ինձ: Ես նրա քութիկն էի: Դա իմ ձևն է: Բայց պատահեց ինչ-որ անհասկանալի բան, ինչ-որ բան` ասես իրարից թաքցրած մի միտք, և նախքան գիտակցությանս կհասներ, որոշ հայացքներից, թե ինչ-որ տարօրինակ բան էր կատարվում` եկավ արձակուրդների դաժան ժամանակը: Բացառված էր, որ մենք լինեինք նույն վայրում ամռան այդ ամիսներին: Հազար պատճառով: Հայտնվեցի միայնության մեջ, ուր սահմանների հետ կապված տարբեր բարդություններ, երկաթգծերի ցանցեր նրա ու իմ միջև դնում էին խոչընդոտներ, որ հազիվ հաղթահարելի էին անգամ գրելու համար: Բայց խոչընդոտների կարիքը չկար: Երկու հակիրճ նամակ ստացա երեք ամսվա մեջ: Երկու նամակ: Պետք է կշռել այդ ծրարները, որ ինձ հասկանաք:

Ապաստանել էի ընկերներիս տանը, որոնք իմ նկատմամբ անօգուտ հոգատարություն էին ցուցաբերում: Փոստատարի ամենօրյա այցն ինձ տկարության մեջ էր գցում մինչև գիշեր: Երեկոն անցնում էր երկուերեք բաժակ կոնծելով: Ա՛հ, ինչ ամառ էր: Սպասման ամառ: Սիրածս էակը, դե չէ, չեմ թողնի ինձ էլի նրա մասին խոսել: Շատ որոշակի մտաբերում եմ մի պահ` Փարիզի հանրային պուրակներից մեկում, նա ծնկներին էր դրել սայթաքող էջերը, որ իր համար գրել էի այդ ժամանակ, գարուն էր, սրճարանի հետևում, երկաթյա աթոռներին: Եթե ցանկանում է իմանալ, թե ինչ հիշողություն եմ պահել իրենից, թող ուրախ լինի. ինձ թողել է հոգեվարքի զմայլելի պատկերը, ու շնորհակա՛լ եմ իրեն: Սա նույնպես ավարտվել է:

Այդ հարավային երկրամասում Ս…ի զվարճանալու հնարավորություններից ոչ մեկը չկար: Գյուղական բնություն, ու մի գեղեցիկ ջրվեժ, ուր քարեր էի նետում: Ուստի, իմ տրամադրության տակ դրված մի աղավնաբնում ևս մեկ անգամ տրվել էի իմ թմրադեղին: Գրում էի առավոտից երեկո: Երբեմն կանչում էի ուրվականներին: Նորերին, հներին: Մի օր սկսեցի մտածել Իռենի մասին, ու նրա մասին մոտս առաջացավ հասարակական տպավորություն, դիպվածավորված տպավորություն:

Դրանից հետո, երևի հուսախաբությունից` նրան այլևս չտեսա:

***

Ագարակում, որտեղ նա մեծացել է, չկա որևիցե բան, որ երկարատև դաջված չլինի նրա ուղեղում. ամբողջ շինությունից Իռենը միայն բոլորին ակնհայտ դասավորությունը չէ, որ ճանաչում է, այլև գիտի պատի անհարթությունները, թե ինչով է տարբերվում որևէ մի սալիկ սալահատակի վրա, առաստաղի գերանների գունային ելևէջները: Ինչպես մեկը, որ իր մարմնով մտահոգ` նկատում է յուրաքանչյուր անախորժ փոփոխություն` նա սովորել էր ուշադրություն դարձնել սվաղներին, փայտամածներին, աղյուսաքարերին: Ապրում է այս տնով ինչպես ինքն իրենով: Ներծծված է տան հոտերով: Զգում է եղանակները ագարակի նման` փեղկերի բացմամբ, բերքահավաքի կուտակմամբ: Սիրում է տարվա այդ անվերջանալի գամման, դրա սահմանը, ուր դեռևս համառում է վայրի կրքոտությունը, որին մատնում է հաճախ քանդվող վարսերի անփույթ կապված պոչը, սև ու գազանային, որ նա շուտափույթ վեր է բարձրացնում:

Ինքն իրեն ամեն ինչ թույլատրում է: Չի սիրում ուրիշներին: Երբե՛ք չի սիրել ուրիշներին: Նրանք իր թշնամիներն են, դեռ մանկուց է այդպես կարծում: Երբեմն մոռանում է նրանց, անշարժացած: Այդ ժամանակ թվում է, թե էլ ոչ մի պատճառ չկա, որ ուշքի գա: Ոչ ևս զարթնի իր քնից, որ աշխարհի ամենածանրն է: Ծանր ու ահագնոտ: Նա բավական բարձրահասակ է ու գոռոզ: Ու անփույթ: Երբ մայրը նրան կոպտում է` հայացքը չարանում է: Շատ է մտածում տղամարդկանց մասին: Ինչպես և բոլոր հաճույքների: Զգայուն է դրանց ուժգնության և գեղեցկության նկատմամբ: Չէիր ասի, թե նրա հետ հեշտ է, շատ չի ուզում իր մարմինն անհարկի վատնել: Բայց ոչ թե առաքինությունից դրդված: Ասում են` բոլորի հետ քնում է: Սխալվում են: Նա երկար է մտմտում այն տղամարդու մասին, որին իր տենչանքը նշել է: Բայց միանգամից չի տրվում, անակնկալ: Շատ հավես չունի երևակայության հետ: Նա նվաճում է մարդկանց ինչպես մակընթացության ջրերը` խուլ ներթափանցմամբ:

Տասնչորս տարեկանում տրվեց մշակներից մեկին: Բայց հետո անմիջապես նրան վտարել տվեց ագարակից: Սիրահարվելը նրա համար` ոնց որ շան համար: Առանձնակի զգացմունքներ չի տածում իր սիրեկանների նկատմամբ: Հենց տենչում է, պիտի բավարարվի: Թե ոչ` բարի գիշեր: Շատերը կան, որ ավելին չեն էլ ուզում: Որովհետև շատ գեղեցիկ է ու դուրեկան ու թարմ: Եվ հակված է սիրային աշխատանքին: Դրանից չի խուսափում: Չի ընկրկում գործի պահին: Երբեք չի հոգնում ու երբ պատվում է նուրբ քրտնակաթիլներով` փայլփլում է հաճույքից, ճառագում է: Նրա հետ հեշտանքը հեշտ բան չի: Ցանկանում է այն բաժանել զուգընկերոջ հետ: Ասում է, որ կեղծելու շնորհք չունի: Դրա համար ատում է հոգևորականներին, որոնց մեծամասնությունը ողբալի վարքով է ապրում: Անհնար է, որ ինքն իրեն վարկաբեկի: Եթե մարդիկ խոսում են, լավ կլինի՝ ձայները կտրեն: Իր մորը ինքը կպատասխանի: Եվ նրանք, ովքեր իրեն տրվել են, որովհետև ինքը չի, որ տրվում է, ինքը դա անում է՝ երբ ուզում է, միշտ հայացքներն իջեցրել են իր առջև: Նրա շուրթը մի քիչ մսոտ է, և սովորաբար գլուխը թեքում է, երեքքառորդով է երևում դիմացինին, ասես մարդկանց չի նկատում: Իսկ հետո հայացքը մխրճում է նրանց աչքերի մեջ՝ հանց որսահալած գազան: Բոլորովին շատախոս չի: Բայց բոլորի հետ խիստ է վարվում: Արհամարհական:

Նա շատ լավ գիտի, որ սիրո հաճույքներն իր կյանքի հիմնական էությունն են: Իրեն համարում է դրանց համար ստեղծված: Մնացյալ ամեն ինչ նրան թվում է տարկետում, ունայնություն: Որոշ լրջություն ունի, որ իր համբույրներին կոշտ բնույթ է հաղորդում: Այնպիսի գոյության մեջ, ինչպիսին նրանն է, փողը քիչ տեղ ունի: Երբեք մտքով չի անցել ուրիշ տեղ բնակվելու, նա այստեղի տիրուհին է՛ և կմնա՛: Ագարակում տիրող բարեկեցությունը և նրա կախվածությունները, որ մայրը` Վիկտուարը, համբերատար աճեցրել էր երևակայության կամ էլ իմացության պակասի պայմաններում, նրան շատ պարզ պահանջմունքների տեղ էին թողնում` քաղց և տարփանք: Ինչ որ պահի տղամարդը նրան ձանձրացնում է` իր խոսքերով, հիմարությամբ: Կարծում է, որ նրան թողնելն ու մեկ ուրիշին վերցնելն ամենալավ բանն է, որ կարելի է անել: Տղամարդու մարմինը ինչոր ներքին ուժ ունի, որ նրան կանչում է: Այդ մասին խոստովանում է անկեղծ բավականությամբ: Եվ հետո, ի՞նչ պետք է աներ, եթե սեքսով չզբաղվեր: Գնար զբոսանքի՞: Դաշտային աշխատանքը իր դիրքի համար չէ, իսկ տանը բավարար թվով սպասուհի կա, որպեսզի նա տուն պահել ձևացնելու փոխարեն ուրիշ բան անի: Նրանց մեջ գործունյա և հմուտ մեծահասակներ կան: Մայրը զբաղվում է տղամարդկանցով և իշխում է: Երկու կանայք ատում են միմյանց, բայց իրար չեն խանգարում: Փոխադարձաբար գնահատում են: Իրար չափազանց նման են:

Հետաքրքիր ընտանիք, որտեղ երկու սերունդ շարունակ արուները մատնվել են չեզոքացման իրենց կանանց կողմից:

***

Իռենը, ճիշտ է, հոգու խորքում քամահրանքով է վերաբերվում մոր արատավոր սովորություններին: Բայց իրապես չի կարծում, թե դրանք արատներ են: Պարզապես գռեհիկ է համարում: Ու ոչ շատ խելամիտ: Այդուհանդերձ, չի ժխտում մոր հնարագիտությունը: Նույնիսկ բավական հիացած է նրանով, թե ինչպես է կարողացել այս բռի, խարդախ գյուղացիների հախից գալ` ի սպաս դնելով ամեն ինչ, նույնիսկ իգասիրությունը` իր տանը և շրջակա ամբողջ տարածքի վրա իշխելու համար:

Իռենը գիտի, թե ագարակի նկատմամբ եղած ակնածանքը ինչ համբավի շնորհիվ է պահպանվում: Ու մտածում է, որ լավ է մտածված, և որ ինքն անշուշտ կպաշտպանի մորը, եթե որևէ մեկի մտքով անցնի նրա դեմ դուրս գալ: Բայց ինչ վերաբերում է սիրելուն, նա մորն ընդհանրապես չի սիրում: Եթե, օրինակ, հանկարծ մայրն անզգուշաբար կանգնի իր ցանկությունների ճանապարհին, ոչ մի միջոցի առաջ չի տատանվի` նրա դեմ օգտագործելու: Պետք է ասել, որ իր մեջ իսկ զգացած տարբեր ազդակներից դատելով` շատ հավանական է համարում վարկածը, որն իրեն չարակամորեն պատմել էին, թե մայրը սպանել է տվել իր ամուսնուն կամ էլ անձամբ է սպանել: Սա նույնիսկ իր մեջ համակրանք է առաջացրել Վիկտուարի հանդեպ, բայց միաժամանակ` զարմանալիորեն օտարել է նրան:

Իռենն ի դեպ ընդունակ չէ շատ զգացմունքների: Կարծում է, որ զգացմունքային այդ բոլոր նրբերանգները տղամարդկանց համար են, իսկ կանայք, որ այդչափ ճամարտակելու կարիք չունեն, որպեսզի մոլորեցնեն իրենց դիմադրողներին, կանայք, որ միշտ էլ մեկին կգտնեն իրենց բնությունը պարպելու համար (եթե միայն անտանելի տգեղ չեն), պետք է միայն կարողանան որքան հնարավոր է լավ հաճույք ստանալ ու դաշտերում լեռներ չփնտրել: