ԳլխավորՄարս VS ՎեներաՄի կտոր գիրք

Ջեկ Լոնդոն. «Քահանայի իրավունքով»

Աղջիկն ու շնասահնակը, ձմեռ

Ներկայացնում ենք հատվածներ ամերիկացի գրող Ջեկ Լոնդոնի (12.01.1876 – 22.11.1916) «Քահանայի իրավունքով» պատմվածքից։

***

Սա պատմություն է մի տղամարդու մասին, որը չէր կարողանում ըստ արժանվույն գնահատել իր կնոջը, և մի կնոջ մասին, որը չափից ավելի պատիվ արեց, երբ նրան անվանեց իր ամուսինը։ Պատմությանը մասնակցում է նաև մի կաթոլիկ քահանա-միսիոներ, որը հայտնի էր նրանով, որ երբեք չէր ստում։ Այդ քահանան անբաժան էր Յուքոնյան երկրամասից, մերվել էր նրա հետ, իսկ այն երկուսը պատահմամբ էին ընկել այստեղ։ Նրանք պատկանում էին այն տարօրինակ ու թափառաշրջիկ մարդկանց ցեղին, որոնցից ոմանք վեր են բարձրանում ոսկե տենդի ալիքով, իսկ մնացածները քարշ են գալիս նրա պոչից։

Էդվին և Գրեյս Բենթամները նրանցից էին, որ քարշ էին գալիս պոչից։ 97 թվականի քլոնդայկյան ոսկե տենդը արդեն վաղուց հանդարտվել էր. այն անցել էր հզոր գետի վրայով և հանգստացել սովյալ Դոուսոնում։ Յուքոնը լավ աշխատել ու քնել էր երեք ոտնաչափ հաստությամբ սառցե վերմակի տակ, իսկ մեր ճանապարհորդները դեռ նոր էին կարողացել հասնել Ֆայվ-Ֆինգերղ սահանքները, որտեղից մինչև Ոսկե Քաղաքը դեռևս շատ օրերի ճանապարհ էր մնում, և այն էլ միշտ դեպի հյուսիս։

***

Էդվին Բենթամը, որ ի բնե ծույլ էր, երևի և մասնակցեր մսի սպեկուլյացիային, եթե չլիներ նրա կինը։ Օգտագործելով ամուսնու փառասիրությունը՝ կինը նրան ներշնչեց, որ նա պատկանում է այն արտասովոր և ուժեղ անձնավորությունների թվին, որոնց վիճակված է հաղթահարելու բոլոր խոչընդոտները և ձեռք բերելու ոսկե գեղմը։ Իրեն իսկապես կտրիճ կարծելով՝ նա իր բաժին ոսկորներն ու մորթիները փոխեց շնասահնակով և դահուկները շրջեց դեպի հյուսիս։

Ինքնին հասկանալի է, որ Գրեյս Բենթամը նրանից ոչ մի քայլ ետ չէր մնում. դեռ ավելին, երեք օրվա խստաշունչ ճանապարհից հետո նրանք տեղերը փոխեցին, կինը գնում էր առջևից, իսկ տղամարդը՝ նրա հետևից, դահուկների բաց արած ճամփով։ Իհարկե, բավական էր մեկը հայտնվեր հորիզոնում, և կարգը վերականգնվում էր. տղամարդը գնում էր առջևից, կինը՝ հետևից։ Այսպիսով, ուղևորների առջև, որոնք հայտնվում և անհետանում էին տեսիլքների պես, իր տղամարդկային արժանապատվությունը նա անբիծ պահում էր լուռ ու մունջ արահետում։ Այո՛, աշխարհում այդպիսի տղամարդիկ էլ են լինում։

Մեր պատմության համար հարկ չկա խորանալու այն պատճառների մեջ, որ այդ երկու մարդկանց դրդեցին հանդիսավոր երդում տալու զոհասեղանի առջև։ Բավական է և այն, որ կյանքում այդպես լինում է. իսկ եթե մենք շատ փորփրենք այդպիսի երևույթները, ապա դրանով կկորցնենք մեր հրաշալի հավատը այն բանի հանդեպ, ինչ ընդունված է անվանել ամենայն բանի նպատակահարմարություն։

Էդվին Բենթամը տղա էր, բնության ինչ-որ թյուրիմացությամբ օժտված հաաուն տղամարդու արտաքինով։ Այդպիսի տղաները սովորաբար հաճույքով բզկտում են թիթեռներին, խնամքով պոկելով նրանց թևիկներր, և սարսափից դողում են՝ տեսնելով որևէ ճարպիկ տղայի, թեկուզ և բոլորովին փոքրիկ։ Առնական բեղերի ու սլացիկ կազմվածքի հետևում, կուլտուրայի արտաքին փայլի և աշխարհիկ շարժուձևերի տակ թաքնված էր եսասեր ու չնչին մարդը։ Հասկանալի է, որ նա ընդունված էր հասարակության մեջ, զանազան ակումբների անդամ էր, նա մեկն էր նրանցից, որոնք իրենց ներկայությամբ աշխուժացնում են աշխարհիկ հանդիսավոր երեկույթները ու չտեսնված թափով հմայիչ գռեհկություններ արտասանում, մեկը նրանցից, որոնք բարձրագոչ խոսքեր են ասում ու թնգթնգում ատամի ցավից, մեկը նրանցից, որոնք, կնոջ հետ ամուսնանալով, ավելի շատ տանջանք ու տառապանք են պատճառում նրան, քան ամենանենգ գայթակղիչներն ու արգելված վայելքների սիրահարները։ Այդպիսի մարդկանց մենք պատահում ենք գրեթե ամեն օր, բայց հազվադեպ ենք կռահում նրանց իսկական էությունը։ Այդպիսի մարդուն ճանաչելու լավագույն միջոցը (չհաշված ամուսնությունը) մեկ ամանից ուտելն ու նույն վերմակով ծածկվելն է, ասենք մեկ շաբաթ, որը միանգամայն բավարար ժամանակ է։

Գրեյս Բենթամը ամենից առաջ աչքի էր ընկնում աղջկական կազմվածքով. ավելի մոտիկից ծանոթանալիս՝ ձեր առջև բացվում էր մի հոգի, որի մոտ ձեր սեփականը սկսում էր մանր ու չնչին թվալ, և որը միաժամանակ օժտված էր հավերժական կանացիության բոլոր տարրերով։ Այսպիսին էր այն կինը, որը իր ամուսնուն ոգեշնչում ու քաջալերում էր դեպի հյուսիս արշավելիս, նրա համար ճանապարհ բացելով, երբ ոչ ոք չէր տեսնում, և լուռ ու մունջ լալով այն բանի համար, որ ինքը կին է և ավելի շատ ուժ չի տրված իրեն։

***

Միայն խելոք կինը կարող է իր արժանիքներով լրացնել բոլորովին անշնորհք տղամարդու բազմաթիվ թերությունները, իր երկաթյա կամքով պահել նրա անվճռական բնավորությունը, իր փառասիրությունը ներշնչել և մեծ գործերի մղել նրան։ Եվ միայն շատ խելոք ու շատ տակտով կինը կարող է այդ դեպքում այնքան նրբամտություն ցուցաբերել, որ տղամարդը, նրա ջանքերի պտուղները վայելելով, հավատա, թե ամեն ինչին հասել է ինքը իր աշխատանքով։

Հենց դրան էլ ձգտում էր Գրեյս Բենթամը։ Մի քանի ֆունտ ալյուրից և երկու-երեք հանձնարարական նամակներից բացի ուրիշ ոչինչ չունենալով, նա Դոուսոն հասնելուն պես եռանդուն կերպով սկսեց իր մեծ երեխային դուրս բերել նախաբեմ։ Այդ նա էր հալեցրել կոպիտ արջի քարե սիրտը, որը տերուտնօրեն էր Խաղաղօվկիանոսյան ափի Ընկերությունում, և ապագա հաջողությունների հաշվին վարկ վերցրեց նրանից. սակայն բոլոր փաստաթղթերը ձևակերպվեցին Էդվին Բենթամի անունով։ Այդ նա էր, որ իր մեծ երեխային քարշ էր տալիս գետահուներով, մի ծանծաղուտից մյուսը, նրան ստիպելով գլխապտույտ արշավներ կատարել ժայռոտ ափերով ու լեռնաշարքերով, սակայն բոլորն ասում էին, «Ի՜նչ եռանդուն մարդ է այդ Բենթամը»։ Այդ կինն էր, որ քարտեզներով ուսումնասիրում էր տեղանքը ու զրուցում հանքավայրի հին բնակիչների հետ և հետո աշխարհագրական ու տեղագրական տեղեկությունները մտցնում նրա դատարկ գլուխը։ Իսկ մարդիկ զարմանում էին, թե որքա՜ն շուտ ու հանգամանալից նա ճանաչեց երկրամասը իր բոլոր առանձնահատկություններով: «Իհարկե,— ասում էին նրանք,— կինը նույնպես խելոքն է»: Եվ միայն քչերը, կռահելով, թե բանն ինչումն է, խղճում էին կնոջը ու պատշաճը հատուցում նրան։

Ամբողջ աշխատանքը կատարում էր Գրեյսը, բոլոր պարգևներն ու գովեստները բաժին էին ընկնում Էդվինին։

***

Այդ Ժամը վրա է հասնում յուրաքանչյուր մարդու կյանքում, քիչ թե շատ կենդանի ամեն մի մարդու կյանքում։ Ոմանք հանցանք չեն գործել ո՛չ այն պատճառով, որ խիստ առաքինի են, այլ պարզապես ծուլության պատճառով։ Իսկ մեզնից նրանք, ովքեր ենթարկվել են գայթակղությանը, գիտեն, թե ինչ բան է դա։

Այն ժամանակ, երբ Էդվին Բենթամը Ֆորքսոսմ կանգնած էր գարեջրատան վաճառասեղանի մոտ և նայում էր կշեռքին, որի վրա դրված էր ոսկե ավազով լեցուն իր տոպրակը (ավա՜ղ, որքան այդպիսի ավազ էր արդեն անցել սոճուց պատրաստված այդ վաճառասեղանով), հենց այդ ժամանակ Գրեյս Բենթամը բլրից իջավ ու մտավ Քլայդ Ուորտոնի տնակը։ Այդ ժամին Ուորտոնը սպասո՞ւմ էր նրան, թե՞ ոչ, միևնույն չէ՞ արդյոք։ Իսկ այ, եթե հայր Ռուբոն կնոջը չտեսներ ու մի կողմ չթեքվեր գլխավոր արահետից, հնարավոր կլիներ խուսափել բազմաթիվ անտեղի չարչարանքներից և տանջալից սպասումի երկարաձիգ ամիսներից։

Պատմվածքն ամբողջությամբ՝ այստեղ։