Ներկայացնում ենք հատվածներ ֆրանսիացի գրող Վիկտոր Հյուգոյի (26.02.1802-22.05.1885) վերջին՝ «Իննսուներեքը» (1874) վեպից։
***
Զինվորներն առաջ էին շարժվում քայլ առ քայլ, բոլորովին լուռ, ետ տալով թփերի ճյուղերը։
Սվինների սուր ծայրերից բարձր ճռվողում էին թռչունները։
Մի ժամանակ, երբ դեռ պատերազմ չկար, Սոդրեի անտառում թռչունների գիշերային որսեր էին կազմակերպվում։ Այժմ այնտեղ մարդ էին որսում։
Անտառը բաղկացած էր ծփիներից, կեչիներից եւ կաղնիներից։ Այն աճել էր մի հարթ, տափարակ տեղ։ Մամուռն ու խիտ խոտը խլացնում էին մարդկային քայլերը։ Ոչ ճանապարհ կար, ոչ կածան, իսկ եթե պատահում էլ էր որեւէ շավիղ, այն իսկույն նորից կորչում էր թավուտի մեջ։ Սրատերեւ թփերը, վայրի մամուխը, բարձր ձարխոտն ու մացառները տասը քայլի վրա էլ թաքցնում էին մարդուն։ Երբեմն թփերի ետեւից երեւում էր մի ձկնկուլ կամ ջրահավ, որ ցույց էր տալիս, որ մոտերքում ճահիճ կար։
Զինվորները շարունակում էին առաջ գնալ։ Քայլում էին ենթադրաբար, անհանգիստ, վախենալով, թե կգտնեն այն, ինչ որոնում էին։
Մերթ ընդ մերթ հանդիպում էին ոչ վաղուցվա իջեւանների հետքեր՝ տրորված կամ այրված խոտով տափարակներ, կտրտված, արյունոտված ճյուղերի կույտեր։ Մի տեղ կերակուր էին եփել, մի ուրիշ տեղ վիրավորների վերքերն էին փաթաթել։ Բայց նրանք, որոնք եղել են այստեղ, այժմ անհետացել են։ Որտե՞ղ են հիմա նրանք։ Գուցե հեռու են, բայց գուցեեւ այստեղ, բոլորովին մոտիկ դարան են մտել՝ հրացանները ձեռքներին։ Անտառն ամայի էր թվում, եւ գումարտակը կրկնապատկեց զգուշությունը. չի կարելի վստահել ամայությանը։ Եթե ոչ ոք չի երեւում, ուրեմն ավելի մեծ հիմք կա որեւէ մեկից երկյուղ կրելու։ Չէ՞ որ այդ անտառը վատ համբավ ուներ։
Հավանական էր, որ թշնամին դարան է մտել։
Երեսուն հետախույզ գրենադերներ՝ մի սերժանտի հրամանատարությամբ բավական առաջ էին անցել գլխավոր ջոկատից։ Նրանց հետ էր եւ գումարտակի մարկիտանուհին։
Մարկիատնուհիները սիրով միանում են առաջավոր զորամասերին. այնտեղ վտանգը մեծ է, բայց ավելի հետաքրքիր է։
Հանկարծ փոքրաթիվ ավանգարդի զինվորները ականջները սրեցին այնպիսի զգացումով, որ լավ ծանոթ է գազանի որջին դեմ արած որսորդին։ Նրանց թվաց, թե խիտ թփուտի միջից խշխշոց լսվեց։ Զինվորներն իրար նայեցին։
Հետախուզական ծառայության մեջ, որտեղ ամեն ոք շարունակ պետք է պատրաստ լինի, կարիք չկա, որ սպաները հրամաններ տան. այն, ինչ պետք է արվի, արվում է ինքաբերաբար։
Մի րոպե չանցած՝ կասկածելի վայրն արդեն շրջապատված էր։ Թավուտի մթին կենտրոնի վրա նշան էին բռնել բոլոր կողմերից։ Մատները ձգաններին դրած եւ աչքները թավուտին հառած՝ զինվորները միայն սերժանտի հրամանին էին սպասում, որպեսզի կրակ բացեն։
Մինչ այդ մարկիտանուհին սիրտ արեց խորհրդավոր թավուտի ներսը նայել, եւ հենց այն րոպեին, երբ սերժանտը բերանը բացեց, որ հրաման տա՝ «Կրա’կ», մարկիտանուհին գոչեց՝ «Սպասե’ք»։
— Ընկերնե’ր, մի’ կրակեք,-ավելացրեց նա դառնալով զինվորներին եւ ինքը նետվեց թփուտի մեջ։
Զինվորները՝ նրա ետեւից։
Այնտեղ, իրոք, ինչ-որ մարդ կար։
Թփերի թավուտի մեջ, մի փոքրիկ փոսի եզրին, որի մեջ սովորաբար ածուխ են վառում ծառերի արմատներից, ցած կախված ճյուղերի մթին կամարի տակ, որ ասես տերեւներից շինված սենյակ լիներ, մի կին նստած՝ կուրծք էր տալիս երեխային։ Էլի ուրիշ երկու երեխա գետնին պառկած քնել էին՝ խարտյաշ գլուխները կնոջ ծնկներին դրած։
***
Մարտկոցի թնդանոթներից մեկը, քսանչորս ֆունտանոց ռումբ նետող մի հրանոթ շղթայազերծ էր եղել։
Ծովում տեղի ունեցող աղետներից սա, թերեւս, ամենասոսկալին էր։ Սրանից ավելի վատ բան չէր կարող պատահել բաց ծովում լրիվ ընթացքով առաջ շարժվող ռազմանավում։
Իր կապանքները կտրած թնդանոթն իսկույն դառնում է մի հրեշ։ Ծանրածանր այդ վիթխարին վազվզում է իր անիվների վրա, բիլիարդի գնդակի պես նետվում է դեպի աջ, նետվում է դեպի ձախ, երբ նավը թեքվում է կողքի վրա, թնդանոթը թեքվում է այդ կողմը, եւ նավի հետ միասին ջուրն է սուզվում, երբ այն քթի վրա է թեքվում։ Մերթ առաջ է սլանում, մերթ ետ է դառնում, ապա կանգ է առնում մի պահ, ասես խորհելով, թե էլ ինչ անի, հետո նորից սկսում է վազվզել, նետի պես սլանալ նավի մի ծայրից մյուսը, վեր-վեր է թռչում տեղում, ծառս է լինում, ետ է դառնում ու նորից սլանում, պտույտներ գործում, շուրջն ամեն ինչ փշրելով, ջարդելով, սպանելով ու ոչնչացնելով։
Երեւակայեցեք ձեզ մի բաբան, որը հարվածում է պարսպին իր ուզածի պես։ Եվ դրան ավելացրեք, որ բաբանը երկաթից է, իսկ պարիսպը՝ փայտյա։
Այդ կատաղած հսկան ծանր է փղի նման, բայց ցատկոտում է հովազի պես եւ խլրտում է ինչպես մուկ։ Նա համառ է ինչպես մի կետի հարվածող կացին, հարափոփոխ է վրա տվող ալիքի պես, մահացու՝ կայծակի հարվածի նման եւ լուռ՝ ինչպես գերեզման։
Այն տասը հազար ֆունտ է կշռում, բայց ոստոստում է ինչպես մանկական գնդակ։ Մերթ հանկարծ պտույտներ է գործում տեղում, մերթ շուռ է գալիս ուղիղ անկյունով. ի՞նչ կարող ես անել։ Ինչպե՞ս կանգնեցնել նրա այդ կատաղի պարը։
Փոթորիկը վերջ ի վերջո կդադարի, քամին կհանդարտի, կոտրված կայմը կարելի է փոխել, նավի ճեղքվածքը փակել կլինի, հրդեհը՝ մարել։ Բայց ինչպե՞ս զսպես այդ վիթխարի բրոնզե գազանին։ Ինչպե՞ս մոտենաս նրան։ Կատաղած շանը կարելի է զսպել, ցուլին՝ շշմեցնել, վիշապին կարելի է հայացքով դյութել, վագրին ու առյուծին՝ վախեցնել։ Բայց այս հրեշի դեմ, շղթայազերծ եղած թնդանոթի դեմ պաշտպանության ոչ մի միջոց չկա։ Նրան սպանել չես կարող. նա առանց այդ էլ անշունչ է։ Եվ դրա հետ միասին նա ապրում է։ Ապրում է մի չարաղետ կյանքով։ Հատակը ճոճվում է նրա տակ, եւ նա ինքն էլ ճոճվում է հատակի հետ։
Նավը շարժվում է եւ հրում նրան, ինչպես ալիքն է հրում նավին եւ ինչպես քամին է քշում ալիքին։ Այս կործանիչն ինքը խաղալիք է տարերքի ձեռքին։ Նավը, ալիքը, քամու պոռթկումը նրան իրենց իշխանության տակ են պահում, նրանցից է կախված նրա զարհուրելի կյանքը։ Ինչպե՞ս զսպես այդ հրեշավոր գործիքը, որը խորտակում է սպառնում։ Ինչպե՞ս գուշակես նրա վազքի ուղղությունը, նրա այդ բոլոր տատանումները, շրջադարձերը, կանգառումներն ու հարվածները։
Նավի կողին տրված այդպիսի ամեն մի հարված կարող է ծովի հատակն իջեցնել այն։
***
Փարիզը փողոցներում էր ապրում։ Սեղանները դնում էին տների դռների առջեւ եւ ուտում ու խմում էին հենց փողոցում։ Կանայք եկեղեցիների գավիթներում նստած վիրակապեր էին պատրաստում եւ «Մարսելյոզ» երգում։ Զբոսայգիներում զորախաղեր էին տեղի ունենում։ Բոլոր փողոցների անկյուններում լրիվ թափով աշխատում էին զինագործական արհեստանոցները։ Հրացանները շինվում էին ծափահարող ամբոխի աչքի առաջ։ Բոլորի շուրթերին հետեւյալ խոսքերն էին. «Պետք է համբերել. մենք հեղափոխություն ենք անում»։ Մարդիկ հերոսաբար ժպտում էին։
Գերմանացիները կանգնած էին Փարիզի դարպասների առաջ։ Լուր էր տարածվել, թե պրուսական թագավորը հրամայել է օպերային թատրոնում իր համար մի քանի օթյակ պահել։
Չէր կարելի տեսնել մի գլխարկ, որ կոկարդ չունենար։ Կանայք ասում էին. «Կարմիր գդակները մեզ սազում են»։
Հնավաճառների խանութները լիքն էին թագերով, խույրերով, ոսկեզարդ փայտե գայիսոններով ու զինանշան ներկայացնող շուշաններով, արքունական պալատներից բերված ամեն տեսակի հնոտիով։ Այս ամենի մեջ մարմնացել էր միապետության խորտակումը։ Հնավաճառներից խլխլելով գնում էին ժամաշապիկներ ու փարաջաներ։ Մարդիկ պանդոկներին էին մոտենում ժամաշապիկներով, շուրջառներով ծածկված ավանակներին հեծած եւ պանդոկապաններին հրամայում էին իրենց գինի տալ եկեղեցիներից բերված սկիհներով։
Սեն-Ժակ փողոցում ոտաբոբիկ սալագործները կանգնեցնում էին կոշկավաճառների սայլակները, իրենց մեջ փող հավաքելով տասնհինգ զույգ կոշիկ էին գնում եւ ուղարկում Կոնվենտ՝ «մեր զինվորների» համար։
Խոշոր խանութներից միայն մի քանիսն էին բաց, բայց կանայք փողոցներում ձեռնասայլակներ էին պտտեցնում՝ վաճառելով խաղալիքներ եւ մանր ապրանքներ։ Երեկոները սայլակները լուսավորում էին ճարպե մոմերով, եւ մոմը հալվելով կաթում էր ապրանքի վրա։ Բացօթյա դրված արկղերում առեւտուր էին անում շիկահեր կեղծամավոր նախկին վանական կույսերը։ Գուլպաներ կարկատող կինը բանից դուրս է գալիս, որ կոմսուհի է։ Մեկ էլ տեսար՝ կար անող կինը մարկիզուհի է։ Տիկին դը Բուֆլեն ապրում էր մի ձեղնահարկում, որտեղից երեւում էր դեռ վերջերս իրեն պատկանող պալատը։
…Հասարակական այգիներում վար էին անում։ Թյուիլրիում գութան էր աշխատում։ Ամենուրեք լրագրեր էին։ Վարսավիրների աշակերտները հենց հասարակության աչքի առաջ կանացի կեղծամներ էին հյուսում, մինչդեռ վարպետը նրանց համար բարձրաձայն «Մոնիտյոր» էր կարդում։ Ուրիշները խումբ-խումբ հավաքված կատաղի շարժումներ անելով թերթերի հոդվածներն էին քննարկում։ Գինեվաճառները հենց փողոցներում «էմիգրանտական գինիներ» էին վաճառում։
Հացը պակաս էր, ածուխը պակաս էր, օճառը պակաս էր։ Փողոցներով գավառներից բերված կթի կովերի նախիրներ էին քշում։ Տավարի միս ամեն մի մարդուն տասն օրվա համար տալիս էին մեկ ֆունտ։ Խանութների առաջ մեծ հերթեր էին կանգնած։ Հերթ բռնելն այլ կերպ կոչվում էր «պարան բռնել», որովհետեւ բոլոր հերթ կանգնողները պետք է իրար ետեւից շարվեին եւ մի երկար պարանից բռնեին։ Այդ դժվարին ժամանակներում կանայք համբերատար էին եւ ամբողջ գիշերն արիաբար կանգնում էին հացի խանութների առաջ, սպասելով իրենց հերթին։