ԳլխավորԼուր

Ազգային ժողովի բակում հուշահամալիր է բացվել. տեսանյութ

Փետրվարի 26-ին Ազգային ժողովի բակում տեղի է ունեցել Կոզեռնի հանգստարանի ննջեցյալների եւ Հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի բացումը, որի հեղինակը քանդակագործ Իսահակ Ապրեյանն է: Հայ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան, ՀԵՀԵՄ հոգեւոր տեսուչ, հոգեշնորհ Թովմա վարդապետ Խաչատրյանը հոգեհանգստյան արարողություն է կատարել:

Այս մասին տեղեկացնում են ԱԺ լրատվական ծառայությունից։

ՀՀ Ազգային ժողովի տարածքում հուշակոթող տեղադրելու մտահղացումը 8-րդ գումարման խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանինն է: Հանդիսավոր բացմանը ելույթ ունենալով` նա մասնավորապես նշել է, որ Ազգային ժողովի վարչական տարածքին հարող, խորհրդային տարիներին ոչնչացված Երեւանի ամենահին Կոզեռնի գերեզմանատանն ամփոփված ննջեցյալների եւ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն այժմ սերունդներինն է: Ալեն Սիմոնյանի խոսքով` այս քայլով հիշում ու խոնարհվում են շենքում եւ հարակից տարածքում մարդկային կյանքերի ավարտման եւ անմեղ զոհերի հիշատակին:

Հուշահամալիր ԱԺ բակում

17-րդ դարում Կոզեռն վարդապետի կողքին թաղվել է Մովսես Գ Սյունեցի կաթողիկոսը: Այդ տապանաքարերի վրա կանգնեցվել է մի մատուռ, որն ավերվել է 1679 թ. աղետալի երկրաշարժից: Մինչեւ 20-րդ դարի սկզբները գերեզմանատունը Պռոշյան փողոցի սեփական տներից ձգվել է մինչեւ Սիրահարների այգու տարածք, ներառել Ազգային ժողովի այգին եւ Դերենիկ Դեմիրճյան փողոցի սեփական տները:

Հայտնի է նաեւ, որ Կոզեռնի գերեզմանատանն է վերաթաղվել Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանը: Գերեզմանատան վերացման պատճառով 1920-ականներին Արամ Մանուկյանի այրին նրա մարմինը վերահուղարկավորել է Երեւանի կենտրոնական գերեզմանատանը: